«Ստեփան Գիշյան» հիմնադրամի շնորհիվ ՀՀ բժիշկները մաշկի փոխպատվաստմանն այլընտրանք կունենան

19.10.2017 | 17:16 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ստեփան Գիշյան #Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ
Օրբելու անվան Ֆիզիոլոգիայի ինստիտուտի` Իմունոլոգիայի եւ հյուսվածքային ինժեներիայի լաբորատորիան՝ «Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամի կողմից տրամադրված դրամաշնորհի միջոցով գնված ժամանակակից, մարդու օրգանիզմին ամենամոտ միջավայր ապահովող ինկուբատորում կփորձի ցողունային բջիջների միջոցով վիրաբուժության մեջ օգտագործվող մարդու մաշկ աճեցնել:

«Շատ լավ որակի ինկուբատոր ենք ձեռք բերել, նախկինը բջիջների կենսունակ վիճակը պահպանելու համար չէր ապահովում բավարար պայմաններ, շատ հաճախ մեր կողմից իրականացվող փորձերը տեխնիկական խնդիրների պատճառով ձախողվում էին։ Առաջ ջերմաստիճանի եւ CO2 գազի ցուցիչների սանդղակների վրա նշագրում էինք իրականցրել, որպեսզի կարողանանք ձեռքով կարգավորումներ իրականացնել.այժմ ինկուբատորն ինքնակարգավորվում է։ Առաջին մեր քայլը լինելու է ճարպային հյուսվածքից ցողունային բջիջներն անջատելը, այնուհետեւ ստեղծելու ենք բջիջների շտեմարան, որն օգտագործվելու է մեր գենոֆոնդին համապատասխանող մաշկի ստեղծման համար։ Բջիջների շտեմարանի օգնությամբ կկարողանանք ստանալ տարբեր հյուսվածքներ, օրինակ՝ լյարդի, անոթների եւ օրգանների հյուսվածքներ»,- նշել է Օրբելու անվան Ֆիզիոլոգիայի ինստիտուտի Իմունոլոգիայի եւ հյուսվածքային ինժեներիայի լաբորատորիայի վարիչ Զարուհի Կարաբեկյանը։


«Ուրախ ենք, որ այսուհետ լաբորատորիայում գիտական աշխատանքներն ավելի արդյունավետ կկազմակերպվեն, ուսանողները հնարավորություն կունենան լաբորատորիայում փորձնական աշխատանքները իրականացնել ժամանակակից սարքերի միջոցով: Ներկայում մաշկի փոխպատվաստման համար հայաստանյան բժիշկները այլ երկրներից են հյուսվածքը ստանում։ Հուսով ենք, որ հիմնադրամի կողմից իրականացված ներդրման եւ մեր գիտնականների աշխատանքի արդյունքում շուտով այլընտրանք կունենանք»,- ասել է «Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամի տնօրեն Աննա Գիշյանը։


«Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամը Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկի, ֆրանսիական Կրեդիտ Ագրիկոլի, Կրեդիտ Ագրիկոլ Ազգային Ֆեդերացիայի եւ Գիշյան ընտանիքի կողմից ստեղծվել է երկու տարի առաջ:

Այս տարի դրամաշնորհային ծրագրերին մասնակցելու համար հիմնադրամը ստացել է 128 հայտ: Օրբելու անվան Ֆիզիոլոգիայի ինստիտուտի՝ Իմունոլոգիայի եւ հյուսվածքային ինժեներիայի լաբորատորիայի ներկայացրած ծրագիրը հաղթած 4 ծրագրերից մեկն է:

Դիտում՝ 7870
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai