Հայաստան է բերվել ժամանակակից էլեկտրագնացք

18.10.2017 | 10:28 Գլխավոր էջ / Նորություններ /
#Էլեկտրագնացք #Վահան Մարտիրոսյան
Ռուսաստանից Հայաստան է բերվել նոր, ժամանակակից ու բարձրակարգ էլեկտրագնացք, որի տեխնիկական հնարավորություններին ծանոթանալու համար ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը հոկտեմբերի 17-ին այցելել է Երեւանի լոկոմոտիվային դեպո:

Նախարարության հաղորդագրության համաձայն՝ «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության գլխավոր տնօրեն Սերգեյ Վալկոն նախարարին ներկայացրել է էլեկտրագնացքի հնարավորությունները:

«Էլեկտրագնացքը հարմարավետ է բոլորի, այդ թվում՝ հենաշարժական խնդիրներ ունեցող ուղեւորների համար։ Այն կահավորված է վերելակներով: Սայլակներով տեղաշարժվող ուղեւորները դրանց օգնությամբ կարող են բարձրանալ եւ իջնել վագոններից»,- նշել են նախարարությունում։

Երկու վագոնից կազմված էլեկտրագնացքն ունի 129 նստատեղ, կահավորված է հարմարավետ աթոռներով։ Ունի օդափոխման, մանրէազերծման, հակահրդեհային համակարգեր, վթարային ելքի պատուհաններ, տեղեկատվություն ներկայացնող էկրաններ։

Էլեկտրագնացքը ներկայում թեստավորման փուլում է։ Որոշակի ժամանակահատվածում կստուգվի գնացքի տեխնիկական վիճակը, կփորձարկվի, թե ինչքանով է այն հարմար Հայաստանի ռելիեֆային պայմաններին, երկաթուղային ճանապարհներին, ինչպես նաեւ ենթակառուցվածքների տեխնիկական հնարավորություններին։

Վերապատրաստում կանցնեն նաեւ մեքենավարները: Փորձարկումից հետո կորոշվի, թե որքան նստատեղով եւ վագոններով էլեկտրագնացք է անհարժեշտ Հայաստանի համար: Նախատեսվում է 2018թ. սկզբին շահագործման հանձնել նմանատիպ էլեկտրական շարժակազմ:

Նախարարությունում նշել են, որ էլեկտրագնացքը Հայաստան է բերվել ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի եւ «Ռուսական երկաթուղիներ»-ի ղեկավարության միջեւ տեղի ունեցած հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածության համաձայն:
Դիտում՝ 8796
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai