100 տեսակի գինիների համտես-մրցույթ`«Արենի» փառատոնին ընդառաջ

06.10.2017 | 17:52 Գլխավոր էջ / Նորություններ /
#«Արենի» փառատոն #Զարուհի Մուրադյան #Նունե Մանուկյան
«Արենի» գինու փառատոնին ընդառաջ՝ այսօր Երեւանի գինու ակադեմիայում կայացել է մամուլի ասուլիս, որի ընթացքում ներկայացվել է փառատոնի այս տարվա ծրագիրը:

«Արդեն 9-րդ անգամ մենք կազմակերպում ենք «Արենի» գինու փառատոնը, որի շրջանակում այս տարի ունենք պատվավոր հյուրեր եւ առաջին անգամ Երեւանի գինու ակադեմիայի հետ համատեղ անցկացնում ենք չափազանց կարեւոր միջոցառում՝ գինիների համտես-մրցույթ, որը նպաստում  է հայկական գինու զարգացմանը եւ ճանաչելիությանը»,- ասել է «Արենի» փառատոն հիմնադրամի տնօրեն Նունե Մանուկյանը:

Հայաստանի խաղողագործության եւ գինեգործության հիմնադրամի գործադիր տնօրեն Զարուհի Մուրադյանի խոսքով՝ նման միջոցառումները նպաստում են ոչ միայն հայկական գինիների ճանաչելիության բարձրացմանը, այլեւ օգնում են զարգացնել գինու մշակույթը ներքին շուկայում, վերականգնել գինի խմելու երբեմնի տարածված ավանդույթը Հայաստանում:


«Շատ ուրախ ենք, որ այս տարի Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) հետ համատեղ կարող ենք  փոքր-ինչ թեթեւացնել փառատոնի կազմակերպիչների հոգսը՝ առավել պրոֆեսիոնալ եւ ներկայանալի դարձնելով այն: Հուսանք, որ տարեցտարի այն առավել հաջողված կլինի: Մենք հրավիրել ենք նաեւ գինու ոլորտը լուսաբանող միջազգային առաջատար լրատվամիջոցների ներկայացուցիչների, որոնց փառատոնի շրջանակներում կներկայացնենք մեր մշակույթը:  Գինեգործության զարգացման համար չափազանց կարեւոր են նաեւ համտես-մրցույթները, բարձր ճանաչում ունեցող գինու մասնագետների կարծիքները եւ գնահատականները հայկական գինիների որակի վերաբերյալ»,- նշել է Զարուհի Մուրադյանը:

Համտես-մրցույթի ընթացքում հայկական գինիները գնահատել են գինու միջազգային առաջատար փորձագետներ Գերմանիայից, Ֆրանսիայից, Հունաստանից եւ Ֆինլանդիայից:
 
Մասնավորապես, գերմանացի գինեգործ Քրիստիան Քլոսը բարձր է գնահատել հայկական խաղողի յուրահատուկ տեղածին սորտերի բազմազանությունը` նշելով.

«Շատ երկրներ գինու արտադրության մեջ օգտագործում են աշխարհում հայտնի ու տարածված սորտեր, մինչդեռ Հայաստանում գինեգործության մեջ շեշտը դրվում է էնդեմիկ սորտերի վրա՝ ընդգծելով հայկական գինիների յուրահատկությունը: Նաեւ ողջունում եմ աշխարհի տարբեր երկրներում կրթություն ստացած հայ երիտասարդ  մասնագետներին, որոնք վերադարձել են հայրենիք՝ տեղում գինեգործությունը զարգացնելու նպատակով»:

Հույն գինեգործ Վիկտոր Ֆինոպոլուսը, որն արդեն երկրորդ անգամ է Հայաստանում, եւս տպավորված է հայկական գինեգործության զարգացման խոստումնալից ներուժով: Նա համոզմունք է հայտնել, որ ոչ միայն հարուստ պատմության եւ ավանդույթների, այլեւ յուրահատուկ սորտերի բազմազանության եւ բարձրորակ մասնագետների եւ տեխնիկական բարձր կարողությունների առկայության շնորհիվ հայկական գինիներն իրենց ուրույն տեղը կգրավեն միջազգային ասպարեզում:
 
Երեւանի գինու ակադեմիայում շարունակվում է հայկական 21 գինեգործական ընկերությունների շուրջ 100 տեսակի գինիների համտեսը, որի արդյունքները կամփոփվեն վաղը՝ հոկտեմբերի 7-ին, «Արենի» փառատոնի ընթացքում:
Դիտում՝ 3830
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai