Կառավարությունը հաստատել է 2018թ. բյուջեի նախագիծը

28.09.2017 | 13:26 Գլխավոր էջ / Նորություններ /
#Վարդան Արամյան #բյուջե
ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հաստատել է 2018թ. պետական բյուջեի նախագիծը:

ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանի խոսքով՝ 2018թ. համար կառավարությունը կանխատեսում է 4,5% տնտեսական աճ, ընդ որում՝ ակնկալվում է, որ արդյունաբերությունը «լինելու է առաջնորդող այդ բարձր տնտեսական աճի ապահովման գործում»: Արդյունաբերության ոլորտում կանխատեսվում է 6,5% աճ, իսկ գյուղատնտեսության ոլորտում՝ 4%՝ պայմանավորված նաեւ գյուղոլորտում մեկնարկած պետական սուբսիդավորման ծրագրերով:

Ինչ վերաբերում է 2017թ. տնտեսական աճին, ապա, ըստ Վարդան Արամյանի, դա կլինի գործող բյուջեում ամրագրված 3,2%-ից բարձր եւ կգտնվի 4-4,8%-ի միջակայքում: Կանխատեսման բարելավումը պայմանավորված է տնտեսական ակտիվության՝ սպասվածից ավելի բարձր ցուցանիշով:

Վարդան Արամյանը հերքել է մամուլում շրջանառվող լուրը, թե կառավարությունը պատրաստվում է բյուջեի սեկվեստր (ծախսերի կրճատում – խմբ.) իրականացնել:

Անդրադառնալով 2018թ. բյուջեում ծախսերի կառուցվածքին՝ նախարարը նշել է, որ
ընթացիկ ծախսերի մասով համեմատաբար պահպանողական վարքագիծ են դրսեւորել եւ ներկայացված նախագծով նախատեսում են ցուցանիշի 2-2,5% աճ: Փոխարենը շեշտադրում է կատարվել կապիտալ ծախսերի վրա:

«Մենք հավակնում ենք 5% եւ բարձր տնտեսական աճի. անհրաժեշտ է  ստեղծել դրա հենքերը, որի միակ միջոցը կապիտալ ներդրումն է ենթակառուցվածքներում»,- ընդգծել է Վարդան Արամյանը:

Նրա խոսքով՝ բյուջեում մեծ շեշտադրում է կատարվել նաեւ պաշտպանության վրա՝ ավելացնելով ոլորտի ֆինանսավորումը:

2018թ. համար կառավարությունն ավելացրել է ընդհանուր եկամուտները շուրջ 100 մլրդ դրամով՝ ծրագրելով 1 տրլն 307 մլրդ դրամի ցուցանիշ: Աճը հիմնականում կատարվելու է հարկային եկամուտների ավելացման հաշվին:
 
Ծախսերի մասով դրսեւորվել է ավելի պահպանողական վարքագիծ: Նախագծով նախատեսվում է 1 464,2 մլրդ դրամի ընդհանուր ծախս, այդ թվում՝ 175 մլրդ դրամ կապիտալ ծախս:

Պակասուրդ/ՀՆԱ ցուցանիշը 2018թ. կազմելու է 2,7%, որից շուրջ 80 մլրդ դրամը ֆինանսավորվելու է արտաքին աղբյուրների հաշվին:
Դիտում՝ 3625
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai