Քննարկվում է «Մեղրի» եւ «Արաս» ԱՏԳ-ների միասնականացումը

19.09.2017 | 11:35 Գլխավոր էջ / Նորություններ /
#Սուրեն Կարայան #«Մեղրի» #«Արաս»
«Մեղրի-Արաս» խորագրով գործարար համաժողով կանցկացվի, որը կհամախմբի Հայաստանի եւ Իրանի շահագրգիռ գործարարներին, որոնք ցանկանում են երկու ազատ տնտեսական գոտիներում գործունեություն ծավալել եւ համագործակցել։

Համապատասխան պայմանավորվածությունը ձեռք է բերվել սեպտեմբերի 16-ին՝ ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանի՝ իրանական կողմի հրավերով «Արաս» ազատ տնտեսական գոտի այցի ժամանակ:  

Սուրեն Կարայանի խոսքով՝ «Մեղրի» եւ «Արաս» գոտիների համագործակցությունը կարող է լինել հայ-իրանական տնտեսական փոխգործակցության խորացման լավագույն կամուրջ։

«Բոլոր նախադրյալները կան, որ երկու ազատ տնտեսական գոտիները համագործակցեն, եւ, որ ամենակարեւորն է՝ փոխլրացնեն միմյանց եւ դառնան տարածաշրջանային կարեւորության տնտեսական կենտրոն։ Մենք միասին փնտրում ենք այն ուղիները, որոնք հնարավոր կդարձնեն երկու ԱՏԳ-ների միասնականացումը, ինչն էլ կտա ավելի մասշտաբային էֆեկտ»,- ասել է Սուրեն Կարայանը։

Նա կարեւորել է արդյունաբերության ոլորտում համատեղ արտադրությունների հիմնումը, ինչը, նախարարի խոսքով, հնարավորություն կտա լավագույնս օգտագործելու երկու երկրների ներուժը։

Նախարարը տեղեկացրել է, որ առաջիկայում զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչների խումբ կմեկնի Իրանի ԱՏԳ՝ իրանցի գործընկերների հետ քննարկելու տարածաշրջանային զբոսաշրջության զարգացման հնարավորությունները։

«Ուրախ եմ, որ հետամուտ լինելով մեր ձեռք բերած պայմանավորվածությանը՝ այցելեցիք «Արաս» ազատ տնտեսական գոտի։ Հուսով ենք, որ նման փոխայցելություններն էլ ավելի կզարգացնեն հայ-իրանական առեւտրատնտեսական կապերը։ Մենք պատրաստակամ ենք կիսելու մեր փորձը ազատ տնտեսական գոտու կառուցման եւ կայացման գործում»,- նշել է «Արաս» գոտու գործադիր տնօրեն Մոհսեն Արաբ Բաղին։
Դիտում՝ 2192
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai