Նախագահը հանձնարարել է «հայ-հնդկական կապերին ոչ հարիր թվեր չհնչեցնել»

18.07.2017 | 16:16 Գլխավոր էջ / Նորություններ /
#Սերժ Սարգսյան #Արմեն Մարտիրոսյան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Հնդկաստանում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Արմեն Մարտիրոսյանի հետ հանդիպմանը երկկողմ տնտեսական կապերի վերաբերյալ մի շարք հանձնարարականներ է տվել:

«Մենք որոշակիություն պետք է ունենանք՝ կոնկրետ որ ոլորտում ինչ պետք է անենք, որպեսզի այսօրվա մեր հարաբերություններին ոչ հարիր թվերն ու ցուցանիշները հաջորդ անգամ չհնչեցնենք, նկատի ունեմ՝ առեւտրաշրջանառության ոլորտում, որտեղ ներուժը շատ մեծ է»,- ասել է Սերժ Սարգսյանը:

Նախագահի կարծիքով՝ համագործակցության մեծ հնարավորություններ կան ադամանդագործության, ոսկերչության ոլորտներում:

«Շատ մեծ հնարավորություն կա համագործակցելու դեղագործության ոլորտում, որտեղ Հնդկաստանը մեծ հաջողություններ ունի՝ նրանք խոշոր մատակարար են, եւ այստեղ մեր հնարավորությունները պետք է ի ցույց դնենք, որպեսզի կարողանանք նրանց ներգրավել հայաստանյան շուկա:

Անշուշտ, մենք շատ մեծ ներուժ ունենք գյուղատնտեսության ոլորտում: Որքան տեղյակ եմ մենք ունենք աշխատանքային խումբ, եւ անցած տարիներին եղել են փոխայցելություններ: Այստեղ եւս համագործակցությունը, ընդ որում` նաեւ գյուղատնտեսական տեխնիկայի հետ կապված, կարող է մեզ համար արդյունավետ լինել:

Անպայման պետք է զգալի աշխատանք տանենք զբոսաշրջության զարգացման գործում: Հսկայական բնակչություն ունեցող այդ երկիրը զբոսաշրջության ոլորտում եւս մեծ ներուժ ունի»,- ասել է նախագահը:  

Սերժ Սարգսյանը կարեւորել է նաեւ Հայաստանի մարզերում դպրոցների միջեւ համակարգչային ցանցի ստեղծման հարցում Հնդկաստանի աջակցությամբ եւ ՏՀՏ գերազանցության կենտրոնի հետ համագործակցությամբ՝ համատեղ կրթական ծրագրերի ներդրումը:

«Տավուշում եւ Վայոց ձորում կատարված աշխատանքը եւ այնտեղ եղած սարքավորումների միացումը այս կենտրոնին, իհարկե, այդ երկու մարզերի համար կունենան շատ էական նշանակություն: Ընդհանրապես, այս ոլորտում Հնդկաստանում հսկայական աշխատանք է կատարվել, նրանք շատ մեծ փորձ ունեն եւ զգալի կարողություններ, ուստի հաշվի առնելով այս ոլորտում մեր երկրում առկա ներուժը, այստեղ համագործակցությունը, անշուշտ, պետք է շատ ավելի ինտենսիվ լինի»,- ասել է նախագահը:
Դիտում՝ 1858
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai