Երեւանում բացվել է արեւային վահանակներ արտադրող SolarOn գործարանը

29.06.2017 | 16:33 Գլխավոր էջ / Նորություններ /
#SolarOn #արեւային վահանակ #«ԱԳԲԱ Լիզինգ»
Երեւանում այսօր պաշտոնապես բացվել է «Պրոֆպանել» ընկերության՝ Հայաստանում առաջին արեւային վահանակներ արտադրող գործարանը, որը 2016-ից գործունեություն է ծավալում SolarOn ապրանքանիշով: Գործարանի բացմանը մասնակցել է նաեւ վարչապետ Կարեն Կարապետյանը:

Գործարանի արտադրական հզորությունը կազմում է տարեկան 10 մգՎտ, աշխատակիցների քանակը լրիվ արտադրական ծանրաբեռնվածության դեպքում 50 մարդ է: Սկզբնական ներդրումների ծավալը կազմում է մոտ $2 մլն:

SolarOn-ը նախատեսում է նախ՝ արեւային վահանակներ մատակարարել ներքին շուկային, ապա կազմակերպել արտահանում դեպի տարածաշրջանային եւ այլ երկրներ։ 1,5 կՎտ հզորությամբ արեւային մինի-կայանը, որը կարող է արտադրել ամսական մոտ 200 կՎտժ էլեկտրաէներգիա, կարժենա $1500-1700:

2017թ. գարնանից ընկերությունն աշխատում է թեստային ռեժիմով եւ արդեն իրականացրել է արտադրական եւ բնակելի տարածքների համար արեւային կայանների տեղադրման մի շարք նախագծեր:

«Մենք շատ հպարտ ենք, որ փոքրիկ ներդրում ունենք այս երկրում վերականգնվող էներգետիկայի ոլորտի զարգացման կարեւոր գործում: Ընկերության առաքելությունը տեսնում եմ հատկապես բարձր տեխնոլոգիաների ներդրման  եւ ներգրավման մեջ, մասնավորապես՝ այնպիսի տեխնոլոգիաների, որոնք լուծում են առավել սուր խնդիրներ՝ քաղաքացու, բիզնեսի եւ Հայաստանի համար: Ուրախալի է, որ ընկերության հիմնումը ժամանակային առումով համընկել է ոլորտի այն վերափոխումների հետ, որոնք ուղղված են Հայաստանում վերականգնվող էներգետիկայի զարգացմանը: Մեր նախագիծը համահունչ է կառավարութան որդեգրած ռազմավարությանը»,- նշել է SolarOn ընկերության հիմնադիր Արթուր Ալավերդյանը:

Նա նաեւ հույս է հայտնել, որ SolarOn-ը կդառնա Հայաստանի էներգետիկ ոլորտի արդյունաբերության եւ գիտատեխնիկական նորարարությունների հետագա զարգացման խթան:

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանն էլ շեշտել է, որ ապագայում էներգիայի հիմնական աղբյուրը լինելու է արեւային էներգիան եւ սա առաջին քայլն է ապագայի տեխնոլոգիաների իրացման ճանապարհին:

«Մենք իսկապես հպարտ ենք, որ այսպիսի քայլ է արվում Հայաստանում: Ընդամենը մեկ ամսվա ընթացքում Հայաստանում առաջին անգամ կգործարկվի առաջին արեւային էլեկտրակայանը՝ որպես այսօրվա նախագծի շարունակություն: Այսօր բացվող ձեռնարկության արտադրանքի պահանջարկը գոնե մեկ տարվա համար Հայաստանում արդեն ապահովված է, քանի որ արդեն 9,5 մգՎտ-ի համար լիցենզիաներ տրամադրված են»,- ասել է Աշոտ Մանուկյանը:

SolarOn-ի գործընկեր «ԱԳԲԱ Լիզինգ»-ի գլխավոր տնօրեն Արսեն Բազիկյանն էլ նշել է, որ ընկերությունն աշխատում է արեւային պանելներ ներմուծող եւ Հայաստանում հետագա սպասարկում տրամադրող շուրջ մեկ տասնյակ մատակարար ընկերությունների հետ:
 
«Պետք է հպարտությամբ տեղեկացնեմ, որ SolarOn-ն ունենալու է նախապատվություն՝ հատուկ պայմաններ, քանի որ սա հայրենական արտադրանք է: Սրանից ընդամենը 3 տարի առաջ, «ԱԳԲԱ Լիզինգ»-ում տեսնելով շուկայում առկա պահանջարկը տարբեր էներգախնայող նախագծերի ֆինանսավորման հարցում, ստեղծեցինք «Գրին Լիզինգ» ենթաբրենդը: Մինչեւ «Պրոֆպանել» ընկերության կողմից արտադրության սկսելը՝ մենք ապրիլին արդեն իրականացրել ենք 2 գործարքի ֆինանսավորում, եւ ուրախալի է, որ այսուհետ արդեն հայրենական արտադրանքն ենք ֆինանսավորելու»,- ընդգծել է Արսեն Բազիկյանը:

Հիշեցնենք, որ 2017թ. փետրվարի 23-ի նիստում կառավարությունը որոշել էր ներդրումային ծրագրի շրջանակում «Պրոֆպանել»-ին ազատել մաքսատուրքից՝ տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի եւ նյութերի ներմուծման համար:
Դիտում՝ 11529
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai