Վարչապետն այս տարի «տնտեսության ստաբիլացում» է խոստանում
21.06.2017 | 11:10 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ Photolure

ՀՆԱ-ի 5% աճ
Մեր ապագան կառուցելու, մեր անվտանգությունը ապահովելու համար մենք պետք է ունենանք զարգացած տնտեսություն:
Տնտեսական զարգացումը իր հետ բերելու է նոր աշխատատեղեր, որն էլ մեր քաղաքացիներին ապահովելու է երկարաժամկետ եւ կայուն եկամուտ՝ կրթություն ստանալու, տուն կառուցելու, ընտանիք կազմելու, հանգստանալու, եւ ամենակարեւորը՝ մեր երեխաների ապագան կերտելու հնարավորություն:
Առաջիկա հինգ տարիների ընթացքում Հայաստանի տնտեսական աճը հիմնված կլինի տնտեսության ներքին ռեսուրսների արդյունավետ եւ խելացի օգտագործման եւ արտաքին աշխարհում մրցունակության բարձրացման վրա: Արդյունքում պետք է ապահովենք ապրանքների եւ ծառայությունների արտահանման ծավալների աստիճանական ավելացում՝ արտահանում/ՀՆԱ հարաբերությունը հասցնելով 40-45%:
Կառավարությունն աշխատում է այս ուղղությամբ:
- Օրենսդրությամբ 22 անգամ կրճատել ենք փոքր եւ ոչ ռիսկային համարվող արտահանող ընկերություններին ԱԱՀ-ի գերավճարի վերադարձման ժամկետները՝ դրանք գործող 90 օրվա փոխարեն դարձնելով 4 օր:
- Էապես պարզեցրել ենք սեզոնային մրգերի արտահանման վարչարարությունը: Ինտենսիվ բանակցությունների արդյունքում ավելացրել ենք հայկական գյուղարտադրանքի արտահանումը եւ վաճառքը Ռուսաստանի 3 խոշորագույն ցանցերում:
- Թեթեւ արդյունաբերությունում ապահովում ենք պատվերներով տեղական արտադրողներին, որոնք նույնիսկ երբեմն հրաժարվում են պատվերներից՝ հզորությունների պակասի պատճառով: Այժմ աշխատում ենք ոլորտի կարողությունների մեծացման եւ արտադրանքը արտասահմանյան ցանցեր հասցնելու ուղղությամբ:
Պետք է արձանագրեմ, որ 2017թ. առաջին հինգ ամսվա արդյունքները համեմատած 2016թ. նույն ժամանակաշրջանի նկատմամբ վկայում են այն մասին, որ մենք ճիշտ ուղու վրա ենք, քանի որ արձանագրել ենք արտահանման մոտ 21% աճ՝ հիմնականում մշակող արդյունաբերության հաշվին:
Աշխատանքներն ընթանում են նաեւ հիմա.
- պարզեցնելու ենք ծագման երկրի հավաստագրերի տրամադրման եւ երկակի նշանակության ապրանքների արտահանման ընթացակարգերը,
- ներդնելու ենք Եվրոպական միության GSP+ արտոնյալ առեւտրային ռեժիմի շրջանակում ապրանքների ծագման ինքնահավաստագրման նոր էլեկտրոնային համակարգը,
- թիրախային շուկաներում հայկական ապրանքների արտահանման զարգացման նպատակով իրականացնելու ենք արտահանող ու ներմուծող ընկերությունների համագործակցության ձեւավորում,
- Հայաստանում ստեղծելու ենք այնպիսի գործարար միջավայր, որտեղ գործարարն իրեն հարմարավետ զգա:
Ներկայացնեմ այս ուղղությամբ արդեն իսկ իրականացրած մի քանի միջոցառումներ.
- հարկային եւ մաքսային անաչառ վարչարարությամբ խթանել ենք ազատ մրցակցությունը,
- ներկայացրել ենք օրենսդրական փոփոխությունների փաթեթ՝ գործունեության 14 տեսակներով զբաղվելու համար լիցենզիայի պահանջը փոխարինելով ծանուցմամբ,
- նախարարություններում ներդնում ենք թեժ գծեր, որոնք հնարավորություն են ընձեռում մեր քաղաքացիներին եւ գործարարներին ստանալ տեղեկություններ, տալ առաջարկություններ եւ հնչեցնել իրենց դժգոհություններն ու բողոքները,
- աստիճանաբար վերացնում ենք մաքսային սահմանին ԱԱՀ-ի կիրառումը` ներմուծվող արտադրական նշանակության սարքավորումների եւ հումքի համար,
- պարզեցրել ենք ներմուծման ընթացակարգերը` ավելացնելով գործարքի գնի մեթոդով մաքսային արժեքի որոշման դեպքերը։
Ծրագրով գործարար միջավայրի բարելավման ուղղությամբ իրականացնելու ենք համալիր միջոցառումներ՝ Հայաստանը Համաշխարհային բանկի Doing Business զեկույցում 20 լավագույն երկրների շարքում ընդգրկելու համար: Այդ նպատակով միայն այս տարի իրականացնելու ենք 49 միջոցառում եւ գործընթացը լինելու է շարունակական:
Առաջիկայում իրականացվելիք աշխատանքներից են՝
- կկրճատվեն էլեկտրականության միացման ժամկետները եւ գործընթացները,
- թիրախային համայնքներում կկիրառվի քաղաքաշինական թույլտվությունների տրամադրման էլեկտրոնային համակարգը,
- իրավաբանական անձանց պետական գրանցման գործընթացն ամբողջությամբ հնարավոր կլինի իրականացնել էլեկտրոնային եղանակով եւ կներդրվի էլեկտրոնային բիզնես ռեգիստրի համակարգ,
- կներդրվի շրջանառության հարկի հաշվարկման ինքնաշխատ համակարգը,
- կներդնենք բիզնես օմբուդսմենի ինստիտուտը:
Ծրագրի գլխավոր թիրախները
Կառավարության ծրագրի առանցքային թիրախներն են.
- զարգացած երկրների նկատմամբ տնտեսական աճի առաջանցիկ տեմպերի ապահովում` միջին հաշվով ՀՆԱ շուրջ 5%-ի չափով,
- արտահանման աճի տեմպերի ապահովում՝ ապրանքների եւ ծառայությունների արտահանման մասնաբաժինը ՀՆԱ-ում հասցնելով 40-45%-ի,
- աղքատության կրճատման ապահովում՝ իջեցնելով այն 12 տոկոսային կետով,
- երկրի մրցունակության չնվազման պայմաններում անվանական նվազագույն աշխատավարձի 25% աճի ապահովում,
- hարկային եւ մաքսային վարչարարության շնորհիվ առաջիկա 5 տարիներին ընթացքում հարկային եկամուտների եւ ՀՆԱ-ի հարաբերակցության 2,5 տոկոսային կետով աճի ապահովում:
Պարզեցված հարկային համակարգ՝ բարեխիղճ գործարարների համար
Հարցումները վկայում են, որ հարկային եւ մաքսային ոլորտներում նվազել են ստուգումների քանակը եւ փող շորթելու դեպքերը: Մաքսիմալ պարզեցնում ենք համակարգը բարեխիղճ գործարարների համար եւ նույնքան էլ դժվարացնում ենք անբարեխիղճ հարկատուների համար: Հայտարարել ենք եւ նախապատրաստում ենք այս ոլորտի երկրորդ սերնդի բարեփոխումները, որի ընթացքում.
ա. հարկային հսկողության գործընթացի կազմակերպվելու է այնպես, որ ապահովվի հարկային մարմնի կողմից իրականացվող ստուգումների քանակի եւ հարկ վճարողների թվաքանակի հարաբերակցության հետեւողական կրճատում,
բ. կներդրվի մաքսային հսկողության «կապույտ ուղի» ընթացակարգը՝ սահմանային հսկողությունը աստիճանական տեղափոխելով հետբացթողումային փուլ,
գ. կատարելագործվելու է մաքսային հսկողության համակարգը՝ ապահովելով մաքսային ձեւակերպումների վրա ծախսվող ժամանակի կրճատում,
դ. գործարկվելու է կամերալ ուսումնասիրությունների իրականացման էլեկտրոնային համակարգը:
Տնտեսական ակտիվության ավելացման եւ հարկային կարգապահության ավելացման շնորհիվ հարկային եկամուտներն այս տարի աճել են շուրջ 8,4%-ով, ինչը մեզ հնարավորություն տվեց ստեղծել հավելյալ միջոցներ: Այդ հավելյալ միջոցների հաշվին ապրիլին մի շարք կարեւորագույն ծրագրերի ուղղությամբ բյուջետային ծախսերն ավելացրեցինք 57 մլրդ դրամով:
Սա աննախադեպ երեւույթ է, երբ բյուջետային ծախսերն ավելացվում են տարվա չորրորդ ամսին, ու չնայած նրան, որ դեռեւս քարոզարշավի ընթացքում մենք հասկանում էինք, որ ի վիճակի ենք լինելու դա անել, մենք դա արեցինք ընտրություններից հետո միայն, որպեսզի որեւէ մեկը մեզ չկասկածի պոպուլիզմի մեջ:
Ներդրումային քաղաքականություն
Բարենպաստ գործարար միջավայրի ստեղծումն իր հետ բերում է ներդրումների աճ: Ներդրումների ներգրավման գործընթացը երկարատեւ եւ մանրակրկիտ աշխատանք է: Այն ենթադրում է մանրամասն նախապատրաստական աշխատանք, հետազոտություն եւ բանակցություններ:
Ներդրումային քաղաքականությունը իրականացնելու ենք երեք հիմնական ուղղություններով.
- ներդրողների պաշտպանության եւ երաշխիքների տրամադրման ինստիտուտների ամրապնդում,
- ընդհանուր ներդրումային միջավայրի բարելավման քաղաքականությանը զուգահեռ՝ ոլորտների եւ ներդրողների հետ թիրախավորված անհատական աշխատանք,
- ստեղծարար եւ ինովացիոն տեխնոլոգիական զարգացման խթանում բոլոր ոլորտներում:
Քայլեր՝ Հայաստանը ճանաչելի դարձնելու ուղղությամբ
Ուզում եմ անդրադառնալ նաեւ զբոսաշրջության զարգացմանը: Պետք է աշխատենք Հայաստանը ճանաչելի դարձնել աշխարհին եւ ցույց տանք այն լավագույնը, որ մենք կարող ենք առաջարկել զբոսաշրջիկին:
Անցած ամիսների ընթացքում իրականացվել են բազմաթիվ քայլեր մեր երկիր այցելուների թիվը ավելացնելու ուղղությամբ.
- վերագործարկվել է Գյումրու օդանավակայանը, որտեղից թռիչքներ Է իրականացնում առաջին բյուջետային ավիաընկերությունը եւ որտեղ բազավորվել է հայկական ավիաընկերություն,
- մի շարք ավիաընկերություններ մուտք են գործել հայաստանյան շուկա, ավելացել են մի շարք նոր ուղղություններ: Ավելացել է գրեթե բոլոր ավիաընկերությունների թռիչքների հաճախականությունը դեպի Երեւան,
- իրականացրել ենք դեպի Հայաստան մուտքի վիզայի վերացում կամ դյուրացում 8 երկրների քաղաքացիների համար եւ այս գործընթացը լինելու է շարունակական:
Զբոսաշրջիկների թվի աճ
2017թ. շուրջ 30%-ով աճել է Հայաստան ընդհանուր այցելությունների թիվը:
Ապագային միտված՝ կառավարությունը նպատակադրում է 2017-2022 թթ. իրականացվելիք քայլերի եւ միջոցառումների արդյունքում տարեկան զբոսաշրջային այցելությունների թիվը հասցնել առնվազն 3 մլն-ի: Ձմեռային հանգիստը աշխուժացնելու համար տարբեր ծրագրեր ենք իրականացնելու Ծաղկաձորում, Ջերմուկում: Սեւանա լճի ափամերձ հատվածը վերափոխելով՝ ապահովելու ենք հանգստի նոր որակ: Աշխատելու ենք այլ քաղաքներից դեպի Հայաստան ուղիղ չվերթների քանակը եւ աշխարհագրությունը ավելացնելու ուղղությամբ:
Հայաստանի թվային օրակարգը
Մրցունակ եւ նորարար տնտեսություն ունենալու համար կառավարությունը մշակելու եւ կյանքի է կոչելու Հայաստանի թվային օրակարգը, որը հիմք կհանդիսանա մեր տնտեսության տրանսֆորմացիայի եւ հետագա զարգացման համար։
Քսանմեկերորդ դարում առանց դինամիկ թվայնացման, առանց միջավայրին անընդհատ խելացի կերպով ադապտացվելու, հնարավոր չէ ժամանակին համընթաց քայլել:
Թվային օրակարգը կանդրադառնա մեր կյանքի բոլոր ոլորտներին՝ պետական համակարգին, ենթակառուցվածքներին, տնտեսությանը, կրթությանը, գիտությանը, առողջապահությանը։
Թվային օրակարգում նոր տեխնոլոգիաների այնպիսի օգտագործումն է, որի արդյունքում, օրինակ, բժշկին հասանելի է ձեր բժշկական ինֆորմացիան, որ ցրված է բազմաթիվ բուժհիմնարկներով, որտեղ դուք եղել եք տարիների ընթացքում:
Թվայնացումը թույլ է տալիս համադրել համայնքները բազմաթիվ չափանիշներով: Արդեն իսկ նման վերլուծություններ անում ենք: Չեք պատկերացնի, թե ինչ հստակ է երեւում որ ինստիտուտներն են աշխատում, որտեղ է անհրաժեշտ խթանում, իսկ որտեղ՝ վիրահատական միջամտություն:
Թվային առեւտուրը պատշաճ փաստաթղթերի առկայության դեպքում արտահանողին հնարավորություն է տալիս խուսափել անհարկի ձգձգումներից ոչ միայն այստեղ, այլեւ արտահանման շուկաներում:
Տնտեսության ստաբիլացում
Այսօր չեմ անդրադառնա բոլոր ոլորտներին, սակայն ասեմ, որ ծրագիրը մանրամասն ներկայացնում է կառավարության մոտեցումները եւ քայլերը, եւ բոլոր ոլորտներում ունենք համակարգային լուծումներ, որոնք ապահովելու են տվյալ ոլորտի կայուն եւ հիմնովին զարգացումը, մեր միջավայրը դարձնելու հասկանալի եւ կանխատեսելի:
Այս տեմպերը եւ աշխատաոճը պահելով՝ այս տարի ունենալու ենք տնտեսության ստաբիլացում եւ անցում ենք կատարելու երկարաժամկետ եւ կայուն զարգացման՝ արդյունքում փոխելով մեր քաղաքացու կյանքի որակը:
Վերջին լուրեր
24.06.2025 | 12:14 Նորություններ
24.06.2025 | 11:44 Նորություններ
Yandex Go հավելվածում այժմ հասանելի է նաեւ ուղղաթիռի պատվերը
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: