Շինշիլաբուծությունը՝ այլընտրանք անասնապահությանը

19.06.2017 | 10:05 Գլխավոր էջ / Նորություններ /
#Շինշիլա #գյուղատնտեսության նախարարություն
Այսօր Հայաստանում շինշիլաբուծության 50-60 տնտեսություն է ձեւավորված, որտեղ առկա է 3000-3200 գլուխ շինշիլա:

Այս մասին ասել է Շինշիլաբույծների հայկական ասոցիացիայի հոգաբարձուների խորհրդի նախագահ Նարեկ Վարդանյանը՝ ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանի եւ ասոցիացիայի ներկայացուցիչների հետ հունիսի 16-ին կայացած հանդիպման ժամանակ:

Տեղեկանք

Շինշիլաբուծությունն ունի մոտ հարյուրամյա պատմություն: Առաջին շինշիլաբույծը պատմության մեջ համարվում է Մ.Ֆ.Չապմանը, որը 1923թ. Անդյան լեռներից 12 շինշիլաներ տեղափոխեց Կալիֆոռնիա: Այսպիսով, շնորհիվ Չապմանի, հնարավոր դարձավ իսպառ ոչնչացումից փրկել այդ կենդանիներին:

Շինշիլաբուծությունն այսօր զարգացում է ապրում բոլոր մայրցամաքներում: Շինշիլայի մորթու պահանջարկն օր օրի ավելանում է, քանի որ այն ոչ միայն բարձրակարգ է եւ թանկարժեք, այլեւ դառնում է մի շարք մորթիների այլընտրանքը՝ կապված  մորթատու վայրի կենդանիների որսի մորթիների մշակման ու վաճառքի վրա դրված արգելքների:

Շինշիլան ընտանի կենդանի է, այն ընտելացվել է դեռեւս տասնամյակներ առաջ: Շինշիլան վարժվում եւ ճանաչում է տիրոջն ու ընտանիքի անդամներին, ճանաչում է իր բույնը եւ հրահանգի դեպքում արագ մտնում է բույնը, կատարում է մի քանի հրահանգներ (արի, բարձրացի, ցատկի եւ այլն):

Կենդանին դիմացկուն է, քչակեր, մաքրասեր, քիչ աշխատատար, հիվանդությունների հանդեպ կայուն, սնվում է բացառապես բուսական ծագման կերերով, ունի բարձր լիկվիդայնություն:

Շինշիլայի մորթին հանդիսանում է աշխարհի ամենաթանկ մորթին՝ այն 5 անգամ ավելի թանկ է ջրաքիսի (норка) մորթուց, իսկ միսը եվրոպական խոհանոցում համարվում է դելիկատես:

Շինշիլայի մորթին դասվում է այն 5 մորթիների կարգին, որոնք առանց որեւէ խնդրի վաճառվում են մորթու միջազգային աճուրդներում, եւ պահանջարկը մշտապես գերազանցում է առաջարկին: 2015թ. Կոպենհագենի մորթու աճուրդում շինշիլայի մեկ մորթին վաճառվել է $103-ով:

Ըստ Շինշիլաբույծների հայկական ասոցիացիայի՝ shinshila.am կայքի:

Հանդիպման նպատակը Հայաստանում շինշիլաբուծության՝ որպես այլընտրանքային անասնապահության ճյուղի զարգացման հեռանկարներին վերաբերող հարցերի քննարկումն էր:

Նարեկ Վարդանյանի փոխանցմամբ՝ առաջիկա մեկ տարում ասոցիացիան նախատեսում է եւս 1000 գլխաքանակի ներմուծում իրականացնել: Նշվել է նաեւ, որ Շիրակի, Գեղարքունիքի մարզերում, Սյունիքի լեռնային գոտում, ինչպես նաեւ Կոտայքի մարզի որոշ հատվածներում պայմաններն ավելի նպաստավոր են շինշիլաբուծության զարգացման համար:

Հանդիպման ընթացքում մասնավորապես անդրադարձ է կատարվել Հայաստանում շինշիլայի մորթու վերամշակման գործարան հիմնելու, շինշիլաբուծությամբ զբաղվող ֆերմերային տնտեսությունների հաշվառման, ինչպես նաեւ ուսուցողական դասընթացների եւ խորհրդատվական ծառայությունների կազմակերպման եւ այլ հարցերի շուրջ համագործակցության հարցերին:

Հանդիպմանը մասնակցել են նաեւ նախարարի տեղակալ Աշոտ Հարությունյանը եւ Անասնաբուծության եւ անասնաբուժության վարչության պետ Լեւոն Տեր-Իսահակյանը:
Դիտում՝ 17825
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai