Գործարկվել է OnexMarket.com-ը կամ «հայկական առաջին ebay»-ը

12.05.2017 | 17:21 Գլխավոր էջ / Նորություններ /
#«ՕՆԷՔՍ» #OnexMarket
«ՕՆԷՔՍ» ընկերությունը գործարկել է OnexMarket.com օնլայն հարթակը, որը բացառապես նախատեսված է ռուսաստանցի սպառողին հայկական արտադրանք վաճառելու համար։

Ինչպես հայտնել են ընկերությունում, գործարկված հարթակն առաջինն է իր տեսակում։ Այն ռուսաստանցի սպառողին հնարավորություն է տալիս գնելու ապրանք անմիջապես արտադրողից՝ հայաստանյան գնին գրեթե հավասար գնով:

«Այս նախաձեռնության շնորհիվ ինչպես խոշոր, այնպես էլ փոքր եւ միջին արտադրողները կկարողանան առանց արտահանման ձեւակերպումների եւ առաքման կազմակերպման ծախսերի վաճառել իրենց ապրանքը Հայաստանից դուրս:

Ամիսներ տեւած նախապատրաստական աշխատանքների արդյունքում ստեղծվել է միջազգային օնլայն առեւտրի բոլոր ստանդարտներին համապատասխան կայք, որում տեղ են գտել հազարից ավելի անուն ապրանքներ, այդ թվում՝ կոշիկ, գորգեր, նարդի, շախմատ, բնական կոսմետիկա, տեխնիկա, կաշվե եւ ձեռագործ իրեր»,- ասված է ընկերության տարածած հաղորդագրությունում:
 
ONEX.am-ը, լինելով ռուսական «Պոնի Էքսպրես» փոստային ընկերության պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում, խոստանում է «ապահովել վաճառված ապրանքի արագ եւ հուսալի առաքումը Ռուսաստանի ցանկացած հասցե»։  
   
Նախաձեռնության շրջանակում «ՕՆԷՔՍ Մարկետ»-ը՝ «Իդրամ» վճարային համակարգի հետ համատեղ, մշակել եւ գործարկել է միջազգային փոխանցումների բաշխման մեխանիզմ մեկից ավելի հաշվեհամարների միջեւ, որի շնորհիվ օնլայն վաճառք իրականացնելուց անմիջապես հետո արտադրողն իր անձնական էջում կտեսնի փոխանցված գումարն ու գործարքի մանրամասները։

Ընկերության հիմնադիրները նպատակ ունեն ստեղծել ebay կայքի հայկական անալոգը։ Եթե այժմ տեսականին ավելացվում է հարթակում «ՕՆԷՔՍ Մարկետ»-ի անձնակազմի օգնությամբ, ապա կայքի երկրորդ տարբերակում հայ արտադրողներն արդեն կունենան իրենց անձնական օնլայն «գրասենյակը», որտեղից կկառավարեն կայքում ավելացվող տեսականին։

Առաջիկա ամիսներին ծրագրվում է վաճառք իրականացնել նաեւ ԱՄՆ-ում եւ Եվրոպայում:

«ՕՆԷՔՍ»-ում հույս են հայտնել, որ նախագիծը կնպաստի հայկական արտադրանքի արտահանմանն ու ճանաչելիության բարձրացմանը։
Դիտում՝ 56707
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai