Ադրբեջանի խոշորագույն բանկը փլուզման եզրին է, գրում է Bloomberg-ը

12.05.2017 | 17:04 Գլխավոր էջ / Նորություններ /
#Bloomberg
Ադրբեջանի միջազգային բանկը ժամանակավորապես դադարեցրել է արտաքին պարտքի վճարումները եւ պատրաստվում է բանակցել պարտատերերի հետ:

Ինչպես գրում է Bloomberg գործակալությունը, Կասպից ծովի տարածաշրջանում սկսված արժութային ճգնաժամն Ադրբեջանի խոշորագույն բանկին հասցրել է փլուզման եզրին:

Գործակալությունը տեղեկացնում է, որ բանկը մայիսի 10-ին չի կատարել $100 մլն-անոց ստորադաս փոխառության տոկոսի եւ մայր գումարի վճարումը: Առաջիկայում նրա արտարժութային պարտքերի մի մասը կփոխանակվեն տեղական արժույթով, եւ կսկսվի պարտքի վերակազմավորման գործընթացը:

Բանկի կրած այս ցնցումների պատճառով նրա դոլարային պարտատոմսերի եկամտաբերությունը կտրուկ աճել են 9,45 տոկոսային կետով` հասնելով 14,1%-ի:     

«Ադրբեջանի միջազգային բանկի ֆինանսական կենսունակության վերականգնումը որոշիչ դեր ունի, քանի որ այն ապահովում է կարեւոր բանկային ծառայություններ երկրի տնտեսության համար»,- ասել է Ադրբեջանի ֆինանսների նախարար Սամիր Շարիֆովը:

Bloomberg-ի վերլուծաբանների բնորոշմամբ՝ Ադրբեջանի կառավարությունը մինչ օրս ծախսել է 9,93 մլրդ մանաթ (մոտ $5,9 մլրդ) բանկի «թունավոր» ակտիվները գնելու վրա եւ ավելի քան $1,3 մլրդ՝ ավանդների իրացվելիությունն ապահովելու համար:

«Մենք մտահոգված ենք բանկի ֆինանսական եւ կապիտալի ցուցանիշների շարունակական անկմամբ: Առաջարկվող վերակառուցման ծրագիրը կարեւոր քայլ է ոչ միայն կոնկրետ բանկի, այլեւ ամբողջ համակարգի համար»,- նշել է Ադրբեջանի Ազգային բանկի նախագահ Ռուֆաթ Ասլանլին:

Bloomberg-ը կարծում է, որ նավթի գների վերջին շրջանի վերականգնումը դրական կանդրադառնա Ադրբեջանի ընդհանուր տնտեսության վրա:

«Տարեսկզբին նկատվող նավթի գների որոշակի դրական տեղաշարժը հույս է արթնացրել Ադրբեջանի՝ ԽՍՀՄ երրորդ խոշոր հում նավթ արտադրող երկրի համար, որն անցած տարի պայքարել է արժույթի կայունությունն ապահովելու համար՝ 2015թ. երկու անգամ արժեզրկում ապրելուց հետո»,- ընդգծում է գործակալությունը:
Դիտում՝ 9431
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW