Համաշխարհային բանկը բարելավել է ՀՀ տնտեսական աճի կանխատեսումը

12.05.2017 | 12:00 Գլխավոր էջ / Նորություններ /
#Համաշխարհային բանկ #կանխատեսում
Համաշխարհային բանկը 2017-ին Հայաստանի տնտեսության համար կանխատեսում է 2,7% աճ՝ պայմանավորված արտահանելի ճյուղերի պահպանվող ընդլայնումով եւ ներքին սպառման համեստ վերականգնումով:

Այս մասին ասված է ՀԲ-ի վերջին վերլուծականում:

Ավելի վաղ կառույցը Հայաստանի համար 1,7% տնտեսական աճ էր կանխատեսել:

«Միջնաժամկետ աճը կանխատեսվում է միջինում տարեկան 3-3,5%՝ հաշվի առնելով քաղաքականության ներքին դաշտի թերությունները եւ արտաքին միջավայրում պահպանվող անորոշությունները»,- ասված է զեկույցում:

Համաշխարհային բանկի վերլուծաբաններն ակնկալում են, որ կառավարության նախատեսած ծախսերի զսպմամբ եւ Հարկային օրենսգրքի լիարժեք իրականացմամբ միջնաժամկետ հատվածում բյուջեի պակասուրդը կպահպանվի ՀՆԱ-ի 3%-ից ցածր մակարդակում:

Հարկային օրենսգրքով նախատեսվող քաղաքականության փոփոխությունները մինչեւ 2021թ. եկամուտները կավելացնեն ՀՆԱ-ի 2 տոկոսային կետի չափով:

«Ապագայում աղքատության նվազեցումը կհենվի ներքին տնտեսության վերականգնման, աշխատաշուկայի դինամիկայի եւ դրամական փոխանցումների ներհոսքերի վրա: Աճի ցածր տեմպերը, արտաքին անբարենպաստ պայմանները եւ հարկաբյուջետային սահմանափակ տարածքը կարող են դանդաղեցնել աղքատության կրճատման տեմպը, ինչի հետեւանքով էլ կանխատեսվում է, որ աղքատության մակարդակը 2017-ի 23,8%-ից 2019-ին կհասնի 22,2%»,- նշված է ՀԲ վերլուծականում:

Վերլուծաբաններն ընդգծում են, որ աճի հեռանկարները պայմանավորված են կառավարության՝ բարձրորակ ներդրումների մասշտաբի ընդլայնման եւ կառուցվածքային բարեփոխումների տեմպը բարձրացնելու ունակությամբ:

Մարտահրավերների թվում ՀԲ-ն առանձնացրել է 2017թ. ապրիլին կայացած խորհրդարանական եւ 2018-ի մայիսին սպասվող նախագահական ընտրությունները:

«Յուրաքանչյուր ընտրությունից հետո կառավարության փոփոխությունները կարող են բացասաբար անդրադառնալ ներդրողների վստահության վրա եւ բարեփոխումների տեմպը դանդաղեցնել: Ներքին քաղաքական ճնշումները կարող են զուգորդվել արտաքին ցնցումների, այդ թվում՝ Ռուսաստանի տնտեսության սպասվածից քիչ վերականգնման բացասական ազդեցությամբ»,- կարծում են ՀԲ-ում:

Աճի ուղղությամբ ռիսկերի թվում վերլուծաբանները նշել են ԵՄ-ի հետ նոր «Շրջանակային համաձայնագրի» եւ Իրանի հետ նախատեսվող առեւտրի աճի ծրագրերը՝ միջազգային պատժամիջոցների թեթեւացումից եւ առեւտրի դյուրացման երկկողմ մեխանիզմների վերանայումից հետո:

ՀԲ-ն անդրադարձել է նաեւ ֆինանսական հատվածին` նշելով, որ «կապիտալի համարժեքության նորմատիվային ցուցանիշների բարձրացումն ուժեղացնում է ֆինանսական հատվածը, սակայն չաշխատող վարկերի ցուցանիշի աճն առաջ է բերում նոր մարտահրավերներ»:
Դիտում՝ 9104
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai