Ամփոփվել են Աբու Դաբիի ներդրումային համաժողովի արդյունքները

29.03.2017 | 12:15 Գլխավոր էջ / Նորություններ /

Աբու Դաբիում մարտի 22-ին կայացած «Հայաստան-Արաբական Միացյալ Էմիրություններ» ներդրումային համաժողովի շրջանակում արաբական ներդրողների հետ համագործակցության չորս հուշագիր է կնքվել:

Հայաստանի զարգացման հիմնադրամը ներկայացրել է կնքված հուշագրերը՝

- Հայաստանի էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարության եւ ԱՄԷ Ocean Holding ընկերության միջեւ ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր։

Ընկերությունը ծրագրում է այս տարվանից Հայաստանում ներդնել $100 մլն` ֆոտովոլտային կայաններ կառուցելու եւ դրանք գործարկելու նպատակով:  Նախարարությունը կդյուրացնի Ocean Holding-ի գործունեությունը Հայաստանում` նրան տրամադրելով նաեւ ոլորտի մասին տեղեկատվություն։

Նախատեսվում է, որ ներդրումները կիրականացվեն մի քանի փուլով։

- «Հիդրո Կորպորացիա» ընկերությունների խմբի եւ Estekshaf Investment Company-ի միջեւ կնքվել է վերականգնվող էներգետիկայի, մասնավորապես` հիդրոէներգետիկայի ոլորտում ներդրումների իրականացման փոխըմբռնման հուշագիր: Նախատեսվում է վերականգնվող էներգետիկայի ոլորտում լայնամասշտաբ եւ երկարաժամկետ ծրագրերի իրականացում: Նպատակը ցածր արտադրողականություն եւ վարկային ծանր պորտֆել ունեցող, բնապահպանական նորմերի խախտումներով կառուցված փոքր ՀԷԿ-երի արդիականացումն է:

- «Թամարա Ֆրութ» եւ Natural Organic Healthy Food (NOHF) ընկերությունները կնքել են պայմանագիր՝ արաբական վեց երկրներում 5-աստղանի եւ ավելի բարձր կարգի հյուրանոցային համալիրներին օրգանական սնունդ մատակարարելու վերաբերյալ։ Առաջին խմբաքանակի արտահանումը նախատեսվում է 2017թ. ապրիլի առաջին տասնօրյակում։

- Հայ-Էմիրաթական գործարար միությունն ու Natural Organic Healthy Food (NOHF) ընկերությունը կնքել են հուշագիր՝ Հայաստանում օրգանական սննդի վերամշակման կենտրոնի բացման վերաբերյալ։

Հիմնադրամում տեղեկացրել են, որ ներդրումային համաժողովի ընթացքում կայացել են նաեւ գործարար հանդիպումներ` հայկական եւ արաբական մինչեւ 100 ընկերության ներկայացուցիչների մասնակցությամբ։

Անցկացվել է հայկական ապրանքների համտես, որին ներկայացվել են բնական աղբյուրի ջրեր, օրգանական հյութեր, կոմպոտներ, մրգային պահածոներ, մեղր, շոկոլադ, չրեր, թարմ մրգեր արտադրող ավելի քան 10 ընկերության արտադրանք։

Դիտում՝ 14011
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai