skill.am. ինքնակրթության հնարավորությունները` մեկ վայրում

28.03.2017 | 10:08 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /

Կրթական բազմատեսակ միջոցառումների մասին տեղեկատվություն ստանալու համար այլեւս կարիք չկա երկարաժամկետ փնտրտուք սկսել տարբեր հարթակներում. skill.am-ում կարելի է գտնել սեմինարների, թրեյնինգների, վորքշոփերի ու շատ այլ միջոցառումների մասին տեղեկություն, տեղադրել դրանք կամ հենց կայքից հաստատել միջոցառման մասնակցությունը:

Մատուցվող ծառայությունների տեսակների ու հարթակի նպատակի մասին Banks.am-ին պատմել է skill.am-ի հիմնադիր Սերգեյ Ուսնունցը:

Ինչո՞ւ եւ ինչպե՞ս սկսվեց ամեն ինչ

«Հարթակի ստեղծման միտքը ծագել էր բավականին շուտ, առանձին մտքեր կային, որոնք ունեին ձեւավորման կարիք։ Շատ հաճախ բարեկամներս, ընկերներս հարցնում էին՝ ինչ տիպի թրեյնինգներ, սեմինարներ կան թե՛ Հայաստանում, թե՛ արտերկրում, որ միջոցառմանն արժե մասնակցել։ Նրանց օգնելու համար փնտրում էի համապատասխան միջոցառումները, ուղարկում էի հղումները․ օգնելու ցանկությունը մեծ էր, աշխատանքը՝ ժամանակատար։ Կային նաեւ այլ հարցեր, օրինակ՝ արտերկրի միջոցառման համար ինչպես վճարել ՀՀ դրամով, ինչպես կնքել պայմանագիր, եթե մասնակցի համար վճարում է իրավաբանական անձը։ Հենց այս հարցերը ձեւավորեցին պրոդուկտի վերջնական տեսքը։ Քանի որ այս գաղափարը միջազգային շուկայում նոր չէ, ուսումնասիրելով նմանատիպ միջազգային հարթակները, որոշումս կայացավ՝ skill.am-ը կստեղծվի։ Որոշումս կայացրի 2016-ի տարեմուտին՝ ամանորյա սեղանի շուրջ, երբ երեխաներս երազանք էին պահում, պահեցի նա եւս՝ skill.am-ը պիտի ստեղծվի, վերջնաժամկետը՝ 2016թ․ դեկտեմբերի 31-ը։ Նպատակի իրագործման համար ուսումնասիրություններիս ընթացքում այցելեցի Ռուսաստան, Ուկրաինա, ԱՄՆ, հանդիպեցի բազմաթիվ թրեյներների, թրեյնինգային ընկերությունների ներկայացուցիչների հետ։ Այնուհետեւ սկսեցինք հարթակի ծրագրավորման աշխատանքները, թեստավորումը ու մեկնարկը։ 2017թ. տարեմուտին արձանագրեցինք փաստը՝ skill.am հարթակը ստեղծվել է ու գործում է»,- պատմում է Սերգեյը:

skill.am-ի աշխատանքային սկզբունքները

Գրանցվելով հարթակում` թրեյներները կամ կազմակերպությունները ստանում են իրենց անհատական օգտահաշիվը եւ րոպեներ անց արդեն կարող են տեղադրել իրենց միջոցառման մասին հայտարարությունը, իսկ ինքնակրթվել ցանկացող մարդը հենց հարթակից կարող է ընտրել միջոցառումը, գրանցվել ու վճարում կատարել՝ բանկային քարտի կամ վճարային տերմինալի միջոցով:

Ցանկացած գործարքի համար հարթակը գործընկերների հետ կնքում է պայմանագիր, վճարովի միջոցառման մասին հայտարարություն տեղադրելու դեպքում գործընկերը հարթակին վճարում է միջոցառման արժեքի 10%-ի չափով միջնորդավճար:

Ի՞նչ սկզբունքով են ընտրում գործընկեր դասընթացավարներին կամ կազմակերպություններին: Այս հարցին Սերգեյը պատասխանում է, որ իրենք  միջոցառման որակային բովանդակությունը չեն ստուգում, սակայն ստեղծել են այնպիսի պայմաններ, որոնք միանշանակ շահեկան են պրոֆեսիոնալների համար.

«Մենք որեւէ հայտնագործություն չենք արել, ուսումնասիրել ենք միջազգային հարյուրավոր կայքեր եւ ընտրել այն մոդելը, որն ընդունված է աշխարհում: Հարթակը տալիս է տեղեկություն միջոցառման տեսակի, բովանդակության, տեւողության ու վայրի մասին: Այցելուն ինքը պետք է ընտրի` մասնակցել դրան, թե  ոչ: Շատ կարեւոր է նաեւ, որ ժամանակակից մարդը կարողանա տարանջատել սեմինարն ու թրեյնինգը ու հասկանա, թե ինչից ինչ կարող է ակնկալել եւ սովորել»,- նշում է Սերգեյը:

skill.am-ի գրասենյակում

Փոխարենը հարթակը երաշխավորում է օգտատիրոջ միջոցների ամբողջական վերադարձը, եթե գործընկերներից որեւէ մեկն ինչ-ինչ պատճառներով չեղյալ հայտարարի միջոցառման անցկացումը:

Ի՞նչ գտնել այս հարթակում

Մեր զրուցակիցը նշում է, որ հարթակում մինչ օրս գրանցված միջոցառումները  հիմնականում վերաբերում են վաճառքի եւ թվային մարքետինգի ոլորտներին, սակայն կան նաեւ բիզնեսի եւ դրա տարբեր ուղղությունների վերաբերյալ միջոցառումների մասին հայտարարություններ, անձնական զարգացման, մշակույթի, սպորտի, ինչպես նաեւ երեխաների համար նախատեսված առաջարկներ:

Հարթակը հնարավորություն է տալիս նաեւ բիզնեսին ու բրենդներին սեփական միջոցառումն ու հանդիպումները կազմակերպել` մարդկանց ծանոթացնելով իրենց աշխատանքի հետ:

Նպատակն ու հեռանկարը

«Աշխարհում կրթության տրանսֆորմացիա է կատարվում, պետք է գիտակցել ու քայլել աշխարհին համահունչ, այլեւս անհնար է համալսարան ավարտել ու գնալ կարիերայի հետեւից` առանց ինքնակրթության ու շարունակական կրթության»,-նշում է Սերգեյ Ուսնունցն ու հավելում, որ նպատակ ունեն հասնել նաեւ ծնողների ինքնակրթությանը:

«Շատ մարդկանց համար ծնողները որոշում կայացնողն են, սակայն իրականում իրենց երեխաներից քիչ բան գիտեն եւ նրանց բարդ է հասկանալ, որ արագ փոխվող աշխարհում ոչ միայն մասնագիտություններն են ծերանում, այլեւ գիտելիքներն ու հմտությունները, եւ պետք է անընդհատ թարմացնել դրանք»:

Ներկայումս skill.am-ը մշակում է փոխադարձ գնահատականի համակարգ, որտեղ շեշտը դնելու են գնահատականի արդարության վրա` փորձելով հասնել նրան, որ միջոցառման կազմակերպիչն իր գնահատականով կարողանա «ստիպել» ինքնակրթվողին ճիշտ օգտվել ստացած գիտելիքներից, իսկ ինքնակրթվող անձը` օգնել նրան բարելավել միջոցառման մատուցման որակը:

Սիրանուշ Եղիազարյան

Դիտում՝ 9314
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai