Սերժ Սարգսյանն արաբ ներդրողներին հրավիրել է Հայաստան

22.03.2017 | 12:36 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն արաբ ներդրողներին հրավիրել է ՀՀ տնտեսության տարբեր ոլորտներում ներդրումներ կատարելու՝ ընդգծելով, որ համագործակցության մեծ հնարավորություններ կան մասնավորապես գյուղատնտեսության եւ սննդի արդյունաբերության ոլորտներում։

Այս մասին նախագահը հայտարարել է Աբու Դաբիում անցկացվող «Հայաստան-Արաբական Միացյալ Էմիրություններ» ներդրումային համաժողովի շրջանակում:

«Հայաստանում օրեցօր ավելի մեծ տարածում է ստանում օրգանական եւ ջերմոցային գյուղատնտեսությունը, որի արտադրանքը, կարծում եմ՝ մեծ պահանջարկ ունի նաեւ ձեր երկրում։ Ինչպես հայտնի է, Հայաստանը միջազգային հեղինակություն է վայելում միրգ-բանջարեղենի վերամշակման, պահածոյացման, չրագործության, հյութերի արտադրության ոլորտներում, իսկ տեղական աղբյուրների քաղցրահամ խմելու ջուրը դարձել է Հայաստանի այցեքարտը: Հայաստանը բնօրրանն է աշխարհի ամենահամեղ մրգերից մեկի՝ արեւահամ ծիրանի, որը գիտությանը հայտնի է, որպես «Պրունուս արմենիակա»»,- հայտարարել է Սերժ Սարգսյանը:

Նախագահը հիշեցրել է, որ Հայաստանում գործում են ազատ տնտեսական գոտիներ («Ալյանս», «Մերիդիան»), ինչպես նաեւ երկիրն օգտվում է Եվրամիության արտոնությունների ընդհանրացված GSP+ համակարգից, որը թույլ է տալիս ՀՀ-ում արտադրված 6400 ապրանքատեսակներ արտոնյալ պայմաններով արտահանել ԵՄ։

«Վստահ եմ, որ համատեղ աշխատելու պարագայում զգալի ձեռքբերումներ կունենանք։ Դրա լավագույն վկայությունը մեր երկրների միջեւ առեւտրաշրջանառության աննախադեպ աճն է` շուրջ երկուսուկես անգամ, որը նկատելի դարձավ նախորդ տարվա արդյունքների ամփոփմամբ։ Իսկ այս տարի արձանագրել ենք թռիչքային աճ՝ ավելի քան 8 անգամ, եւ պատրաստակամ ենք ապահովելու դրա շարունակականությունը»,- ասել է նախագահը:

Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Էմիրություններից Հայաստան այցելող զբոսաշրջիկների թիվը 2016-ին ավելացել է 44%-ով։

«Ի դեպ, ցանկանում եմ եւս մի կարեւոր հանգամանքի անդրադառնալ. վերջին տարիներին Հայաստան են ժամանել շուրջ 20 հազ. հայեր, որոնք որքան հայկական, նույնքան էլ արաբական ինքնության ու մշակույթի կրողներ են։ Թե՛ արաբախոս, թե՛ հայախոս եւ թե՛ նշանակալի գործարար ավանդույթներ ունեցող նման ստվար համայնքի ներկայությունը Հայաստանում կարող է ուղղակիորեն եւ զգալիորեն դյուրացնել էմիրաթցի ներդրողների գործունեությունը մեր երկրում»,- ասել է ՀՀ նախագահը:

Դիտում՝ 2916
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai