Համաշխարհային բանկի ծրագրերը կօգտվեն ՀՀ պետգնումների հարթակից

17.03.2017 | 14:15 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ ֆինանսների փոխնախարար Կարեն Թամազյանն այսօր ասել է, որ միջազգային կազմակերպությունների վստահությունը Հայաստանի պետական գնումների համակարգի նկատմամբ աճել է:  

Այս մասին փոխնախարարն ասել է լրագրողների հետ հանդիպման ժամանակ: 

Նրա խոսքով` ՀԲ-ի ֆինանսավորմամբ Հայաստանում իրականացվող ծրագրերի շրջանակում մրցույթներն ապրիլի 1-ից կանցկացվեն ՀՀ պետական գնումների էլեկտրոնային ARMEPS համակարգի միջոցով:

«Համաշխարհային բանկը, ուսումնասիրելով եւ համոզվելով, որ պետգնումների մեր համակարգն անաչառ եւ ադեկվատ է, որոշել  է, որ դրանով կարող են իրականացնել նաեւ միջազգային կազմակերպությունների մրցույթներ: Սա իրականում վստահության մեծ քվե է Հայաստանի նկատմամբ»,- ընդգծել է փոխնախարարը:

Կարեն Թամազյանի բնորոշմամբ` այս քայլն էականորեն նվազեցնում է կոռուպցիոն ռիսկերը` հնարավորինս բացառելով կոնկրետ անձանց հետ արտամրցութային պայմանավորվածությունների հիման վրա պայմանագրեր կնքելու՝ ծրագրերի իրականացման գրասենյակների (ԾԻԳ) հնարավորությունը:

Միաժամանակ, ֆինանսների նախարարությունը բանակցում է այլ միջազգային կազմակերպությունների, այդ թվում` Ասիական զարգացման բանկի հետ` նրանց ֆինանսավորմամբ գործող ԾԻԳ-երի գնումների գործընթացը ARMEPS հարթակ տեղափոխելու ուղղությամբ:

Ներկայացնելով 2016թ. գնումների ոլորտի ընդհանուր ցուցանիշները` Կարեն Թամազյանը նշել է, որ, նախնական տվյալներով, տարվա ընթացքում ընդհանուր առմամբ իրականացվել է 188,5 մլրդ դրամի պետգնում` նախորդ տարվա 297 մլրդ դրամի փոխարեն:

Ընդ որում, 97 մլրդ դրամ կազմել են մենաշնորհային գնումները (լույս, ջուր, կոմունալ այլ ծախսեր, հիվանդանոցներ, պոլիկլինիկաներ եւ այլն), իսկ 91,5 մլրդ դրամը` մրցակցային գնումները:

Փոխնախարարի խոսքով` վերջին շրջանում «մի շարք հասարարական կազմակերպություններ մեկ անձից կատարված պետական գնումների հետ կապված տարբեր թվեր են հնչեցնում, հետեւաբար կարիք կա հստակեցնել թեմայի շուրջ տարակարծությունը»:

Ըստ Կարեն Թամազյանի` մեկ անձից կատարված գնումները 2016թ. կազմել են ընդհանուրի «ընդամենը 7,2%-ը կամ 6,6 մլրդ դրա», ինչը նախորդ տարվա համեմատ նվազել է ավելի քան 2,5 անգամ:

«Իրականում սա շատ մեծ ձեռքբերում է: Սրանով մենք ցույց ենք տալիս, որ խրախուսում ենք մրցակցությունն ու մասնակցությունը գնումների գործընթացում: Պետգնումներ գրեթե 95%-ն արդեն իսկ իրականացվում է էլեկտրոնային համակարգով, որտեղ արտացոլվում են բոլոր մասնակիցների առաջարկներն ու մյուս մանրամասները: Արդյունքում ավելանում է պետական միջոցների ծախսման արդյունավետությունը»,- ընդգծել է նա:

Դիտում՝ 4000
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը
iTel
Mediamax
Sport
Bravo