«Ֆիլիպ Մորիս»-ի հայաստանյան կենտրոնն առաջինը կլինի տարածաշրջանում

17.03.2017 | 10:41 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարությունը վերջերս «Ֆիլիպ Մորիս Ինթերնեյշնլ Մենեջմենթ Էս Էյ» ընկերության հետ փոխըմբռնման շրջանակային հուշագիր էր ստորագրել:

Banks.am-ի խնդրանքով ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարությունը պարզաբանել է, թե, մասնավորապես, ինչ գործառույթների շուրջ է ձեռք բերվել համաձայնությունը:

Նախարարությունում նշել են, որ «Ֆիլիպ Մորիս» ընկերությունը նախատեսում է Հայաստանում նվազեցված ռիսկայնության ծխախոտային ապրանքատեսակների ստեղծման ինովացիոն կենտրոն հիմնել: Վերջինս գործելու է երկու հիմնական ուղղություններով՝ ինովացիոն-հետազոտական եւ կրթական:

«Հուշագրով փոխգործակցության հիմքեր կդրվեն Հայաստանի գիտահետազոտական կազմակերպությունների, բուհերի, ձեռնարկությունների եւ «Ֆիլիպ Մորիս Ինթերնեյշնլ Մենեջմենթ Էս Էյ» ընկերության միջեւ կենսաբժշկության, էլեկտրոնիկայի, ճշգրիտ ճարտարագիտության, քիմիայի, ծրագրային ապահովման եւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում»,- պարզաբանել է նախարարությունը:

Ինովացիոն կենտրոնը նախատեսվում է ստեղծել հուշագրի ստորագրումից հետո վեց ամսից մինչեւ մեկ տարվա ընթացքում, իսկ մեկից երկու տարվա ընթացքում ընկերության ինովացիոն կենտրոնի հետազոտական ուղղության շրջանակում կհիմնվեն արագ պրոտոտիպային ծառայություններ եւ լաբորատորիաներ` համագործակցելով Երեւանում եւ մարզերում գործող տեխնոլոգիական կենտրոնների հետ։

Ինչ վերաբերում է նախատեսվող ներդրումների ծավալին եւ ստեղծվելիք աշխատատեղերի քանակին, ապա նախարարությունը նշել է, որ դրանք պայմանավորված կլինեն Հայաստանի գիտահետազոտական կազմակերպությունների հետ համատեղ իրականացվելիք ծրագրերի ընդգրկումով:

«Հայաստանում բնակչության առողջության` ծխախոտի սպառման հետ կապված ռիսկերի նվազեցման ուղղությամբ արվող քայլերը ՀՀ կառավարության առողջապահության քաղաքականության առանցքային խնդիրներից են: Ծխախոտի առաջ բերած վնասի նվազեցման համար պայքարը՝ որպես քաղաքականություն, կարող է արդյունավետ ներդրում դառնալ երկրի բնակչության առողջության բարելավման համար»,- ասված է պարզաբանման մեջ:

Նախարարությունն ընդգծել է, որ «Ֆիլիպ Մորիս»-ի հայաստանյան ինովացիոն կենտրոնը տարածաշրջանում կլինի առաջինը, ընդ որում՝ ընկերությունը հարեւան երկրներում, ինչպես նաեւ ԵԱՏՄ-ում նմանատիպ հետազոտական կենտրոններ բացելու հայտեր չի ներկայացրել:

Հայաստանում գործունեություն ծավալելու համար ընկերությունը հարկային արտոնություններ չի խնդրել:

Դիտում՝ 5944
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai