Հայաստանում կստեղծվի Հաշվապահների ու աուդիտորների պալատ

14.02.2017 | 17:05 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Հայաստանում նախատեսվում է ստեղծել մասնագիտացված կառույց՝ «Հայաստանի հաշվապահների ու աուդիտորների պալատ»:

Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ տեղեկացրել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Դավիթ Անանյանը:

Նրա խոսքով՝ հաշվապահական հաշվառման եւ արտաքին աուդիտի կարգավորումը մշտապես եղել է նախարարության գործառույթը, սակայն, հաշվի առնելով համաշխարհային փորձը, Հայաստանում եւս կստեղծվի մասնագիտացված կառույց:

Կառույցը կիրականացնի մասնագետների որակավորում եւ շարունակական զարգացում, ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտների եւ աուդիտի միջազգային ստանդարտների ժամանակին թարգմանություն, աուդիտի որակի ապահովման համար անհրաժեշտ գործողություններ:

Պալատը կլինի ինքնակարգավորվող, կգործի հասարակական հիմքով, իսկ կազմում ընդգրկված կլինեն ինչպես պետական մարմինների, այնպես էլ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

«Կառույցի առանձնահատկությունն այն է, որ այն ծանրություն չի լինի պետական բյուջեի համար, կֆինանսավորվի անդամավճարների եւ այլ կամավոր հատկացումների հաշվին»,- ընդգծել է փոխնախարարը:

Նախատեսվում է հաշվապահական հաշվառման եւ աուդիտորական գործունեության կարգավորման գործառույթն ամբողջությամբ վերապահել պալատին, իսկ վերահսկողական գործառույթները կազմակերպել ֆինանսների նախարարությանը կից ստեղծված հանրային վերահսկողության խորհրդի միջոցով: Վերջինս  պատասխանատու կլինի հաշվապահական հաշվառման եւ աուդիտորական գործունեության կարգավորման նկատմամբ հանրային վերահսկողություն իրականացնելու համար:

Նախատեսվող բարեփոխումներով լիցենզավորման իրավական պահանջը կվերանա, եւ գործընթացը կկարգավորվի Աուդիտորական կազմակերպությունների ռեեստրի վարման միջոցով:

Պալատի ստեղծման հայեցակարգի նախագիծը շուտով կներկայացվի հանրային քննարկման:

Դավիթ Անանյանը ներկայացրել է նաեւ «Հաշվապահական հաշվառման եւ աուդիտի ոլորտներում իրականացվող բարեփոխումները» զեկույցը, որը հասանելի է այստեղ:

Դիտում՝ 6855
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը
iTel
Mediamax
Sport
Bravo