Ֆրանսիսկո Ֆերնանդես` $4 տրլն-ի համեստ «պահապանը»

07.02.2017 | 11:14 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

BBC-ի ռուսական ծառայությունը պատմել է Avaloq շվեյցարական ընկերության հիմնադիր եւ ղեկավար Ֆրանսիսկո Ֆերնանդեսի մասին, որը պատասխանատու է $4 տրլն-ի ապահովության համար:

«Մեզանից շատերը երբեք չեն լսել Ֆրանսիսկո Ֆերնանդես անունով շվեյցարացու մասին: Եվ իզուր, որովհետեւ հենց նրանից է կախված տասնյակ միլիոնավոր բանկային հաշիվների ապահովությունն ամբողջ աշխարհում»,- գրում է պարբերականը:

Avaloq-ը, որտեղ աշխատում է 2500 հոգի, բանկերի համար ծրագրային ապահովում մշակող խոշորագույն ընկերությունն է: Ընկերության ծրագրերը կիրառում են ավելի քան 450 բանկեր ամբողջ աշխարհում, այդ թվում` այնպիսի հզոր կառույցներ, ինչպիսիք են բրիտանական Barclays-ը, HSBC-ն, Royal Bank of Scotland-ը, ինչպես նաեւ Deutsche Bank-ը, Societe Generale-ն, UBS-ն եւ Nomura-ն:

Avaloq-ը չափազանց լուրջ է մոտենում անվտանգությանը, հատկապես երբ խոսքը գնում է հաքերային հարձակումներին: Բոլոր հնարավոր խոցելի տեղերը գտնելու նպատակով ընկերությունը բավական անսպասելի քայլի է դիմել. այն որոշել է վճարել իսրայելացի ծրագրավորողներին սեփական պաշտպանիչ կոդը կոտրելու համար:

Ընկերությունը երկար ճանապարհ է անցել: 1991թ. Ֆրանսիսկո Ֆերնանդեսը $200 հազ. է ներդրել՝ գնելով շվեյցարական BZ Bank-ի համակարգչային ստորաբաժանումը, որն այդ ժամանակ ուներ 5 աշխատակից: Այսօր ընկերության տարեկան եկամուտը գերազանցում է $500 մլն-ը:

«Բոլորը կարծում էին, որ նրա առաջադրած խնդիրն անիրագործելի է: Սակայն Avaloq-ի բախտն իսկապես բերել է: Ընկերությունը կարողացավ գրավել Շվեյցարիայի գլխավոր բանկի՝ Swiss National Bank-ի ուշադրությունը: Կենտրոնական բանկն այնքան տպավորված էր մշակման արդյունքներով, որ անմիջապես գնեց նոր ծրագիրը, եւ կես տարվա ընթացքում վեց շվեյցարական բանկ հետեւեց նրա օրինակին: Այնուհետ արտասահմանից եւս պատվերներ ստացվեցին»,- գրում է պարբերականը:

Այսօր Avaloq-ը բանկերին երկու բնույթի ծառայություն է մատուցում՝ տրամադրում է ծրագրային ապահովում, կամ, ըստ հաճախորդի ցանկության, ստանձնում է հաճախորդի համակարգչային ցանցի անվտանգության ամբողջ պատասխանատվությունը:

«Երբ ես փոքր էի, մենք հնարավորություն չունեինք մեքենա, հեռուստացույց գնելու կամ կենտրոնացված ջեռուցման համակարգ անցկացնելու համար,- հիշում է գործարարը: -Բայց այն, որ ես մեծացել եմ Շվեյցարիայում, մեծ առավելություն էր: Ես կարողացա սովորել Ցյուրիխում՝ համակարգչային տեխնոլոգիաների ոլորտի լավագույն համալսարաններից մեկում: Ես շատ հպարտ եմ, որ ղեկավարում եմ Avaloq-ը, սակայն մտադրված չեմ բավարարվել եղածով»:

Դիտում՝ 10508
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai