Հայաստանում tax free-ի շեմն իջեցվել է

10.01.2017 | 12:50 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ կառավարությունը նվազեցրել է օտարերկրացիների կողմից ավելացված արժեքի հարկի վերադարձի (tax free) հաշվով ձեռք բերված ապրանքների արժեքի (ներառյալ` ԱԱՀ) շեմը` սահմանվելով այն 50 հազ. դրամ՝ նախկին 100 հազ. դրամի փոխարեն:

Ինչպես հայտնել են ՀՀ Պետեկամուտների կոմիտեի մամուլի ծառայությունից, հստակեցվել են նաեւ այլ հանգամանքներ, մասնավորապես` այն, որ ԱԱՀ-ի վերադարձի հաշվում օտարերկրյա անձի անունը, ազգանունը տառասխալներով լրացնելը չի կարող գումարի վերադարձի մերժման հիմք հանդիսանալ, եթե անհրաժեշտ մյուս վավերապայմանները պահպանված են:

Փոփոխություններն ուժի մեջ են մտել 2017թ. հունվարի 1-ից:

ՊԵԿ-ում հիշեցրել են, որ Հայաստան ժամանող օտարերկրյա քաղաքացիներն այստեղ ձեռք բերված ապրանքների համար վճարված ԱԱՀ-ն կարող են հետ ստանալ մեկնելիս՝ օդանավակայաններում եւ սահմանային բոլոր մյուս անցակետերում:

Այն գործում է միայն ԱԱՀ վճարող համարվող կազմակերպություններից գնումներ կատարելու դեպքում, եթե ձեռք բերված ապրանքի համար առկա է Tax free invoice կամ ՀԴՄ Tax free հաշիվ եւ կտրոն, միեւնույն խանութից (նույն հարկ վճարողից) մեկ օրվա ընթացքում ձեռք բերված ապրանքների արժեքը գերազանցել է 50 հազ. դրամը (նախկինում՝ 100 հազ. դրամ), ԱԱՀ-ն՝ 8 335 դրամը (նախկինում՝ 16 670 դրամ), եւ եթե ապրանքը չի օգտագործվել մինչեւ արտահանումը` պահպանելով գործարանային փաթեթավորումը: Այս հնարավորությունն ուժի մեջ է գնումը կատարելուց հետո մինչեւ 90 օրվա ընթացքում:

Tax free համակարգից օգտվելու գործընթացում բացառություն են կազմում սննդամթերքը, ծխախոտը, դեղորայքը, մշակութային արժեքները, տրանսպորտային միջոցները կամ դրանց մասերը:

Օտարերկրյա քաղաքացիները վերադարձման ենթակա գումարը կարող են ստանալ բանկային փոխանցմամբ` 30 օրվա ընթացքում, կամ կանխիկ` անցակետերում գործող բանկային մասնաճյուղերից:

Դիտում՝ 6655
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai