Վարչապետ. Մենք պետք է ունենանք խելոք գյուղատնտեսություն

21.12.2016 | 16:12 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Վարչապետ Կարեն Կարապետյանն աշխատանքային այց է կատարել Վայոց ձորի եւ Արարատի մարզեր:

Եղեգնաձորում կայացած հանդիպման ժամանակ վարչապետը տեղեկացրել է, որ Տարածքային կառավարման եւ զարգացման նախարարությունը ձեւավորելու է մարզի անձնագիր, որով բնութագրվելու է մարզը, համեմատական կարգով ներկայացվելու են զարգացման միտումները:

«Յուրաքանչյուր համայնքի հետ խոսելու ենք խաղի այն կանոնների մասին, թե ինչպես ենք մենք համայնքի կողքը կանգնելու, ինչ պետք է համայնքն անի, որպեսզի կառավարության ուշադրությունն ավելի շահագրգռված եւ մոտիվացված լինի», - ընդգծել է Կարեն Կարապետյանը:

Վարչապետը մարզի գյուղոլորտի պատասխանատուների հետ քննարկել է գյուղատնտեսական կոոպերատիվներ կազմակերպման հեռանկարը:

«Մենք անպայման պետք է ունենանք կոոպերատիվների հաջողակ օրինակներ, դա կլինի ամենալավ քարոզչությունը: Մենք անպայման պետք է ունենանք խելոք գյուղատնտեսություն, այլապես ոչ մի արդյունք չենք տալու ու ոչ մի բան չի փոխվի: Ո՞վ պետք է այդ քարոզչությունն անի, ո՞վ պետք է գյուղացուն, ֆերմերին սովորեցնի՝ դուք, բայց դրա համար պետք է ունենաք ծրագիր, պետք է հորիզոնը սահմանեք, թե ուր եք ուզում գնալ»,- ասել է վարչապետը:

Կառավարության ղեկավարը նշել է, որ մարզն ունի բազմաթիվ հաջողակ բիզնեսմեններ եւ նրանց պետք է ներկայացնել կոնկրետ ծրագրեր:

 «Որեւէ  նախաձեռնություն, որեւէ գաղափար հաջողակ չի լինելու, եթե մենք դրա մասին պատկերացում չունենանք: Այսօր սուբսիդավորում ենք տնտեսություններ, որոնք անհեռանկարային են, այդ տնտեսությունը գոյատևում է, սուբսիդիայի չափը ավելանում է, արդյունք չենք տալիս»,- նկատել է վարչապետը:

Նրա խոսքով՝ գյուղատնտեսության նախարարությունն արդեն իսկ ներկայացրել է ոլորտի զարգացման նոր հայեցակարգ, որտեղ ներկայացված են նաեւ սուբսիդավորման ուղղությունների վերաբերյալ հստակ առաջարկություններ:
    
Արարատի մարզ կատարած այցի ընթացքում Կարեն Կարապետյանը հանդիպել է համայնքների ղեկավարներին եւ տնտեսվարողներին:  Վարչապետին են ներկայացվել մարզի սոցիալ-տնտեսական վիճակը, խնդիրները, բիզնեսի զարգացման միտումները եւ մարզում իրականացվող տարբեր ներդրումային ծրագրեր:

Դիտում՝ 2625
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai