ՎԶԵԲ-ի վարկն Ամերիաբանկը կուղղի կանանց ձեռներեցության աջակցմանը

15.12.2016 | 18:00 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) Հայաստանում կանանց ձեռներեցության աջակցության նպատակով Ամերիաբանկին տրամադրել է $10 մլն-ին համարժեք դրամի չափով վարկ՝ կանանց պատկանող փոքր եւ միջին ձեռնարկությունների (ՓՄՁ) ֆինանսավորման համար:

Բանկում նշել են, որ վարկը տրամադրվում է ՎԶԵԲ-ի՝ «Կանայք բիզնեսում» ծրագրի շրջանակում, որն այժմ ընդգրկում է Արեւելյան գործընկերության անդամ երկրները:

«Կանայք հզոր տնտեսական ներուժ են Հայաստանի տնտեսության համար: Այս առումով խիստ անհրաժեշտ է նրանց համար հաջողության հասնելու նախապայմաններ ստեղծել: Այդ իսկ պատճառով մենք ձգտում ենք Հայաստանում իրականացնել այս շատ կարեւոր նախաձեռնությունը: Կանանց ձեռներեցությունը կարող է երկրի տնտեսության զարգացման հզոր խթան հանդիսանալ: Վստահ եմ, որ տրամադրվող վարկային գիծը, խորհրդատվությունը, մասնագիտական գիտելիքներն ու մեթոդները եւ «Կանայք բիզնեսում» թիմի կողմից մատուցվող ոչ ֆինանսական աջակցության ծառայությունները կին ձեռներեցներին թույլ կտան զարգացնել իրենց բիզնեսը եւ բարգավաճել»,- ասել է ՎԶԵԲ-ի երեւանյան գրասենյակի տնօրեն Մարկ Դեյվիսը:

«Ես ողջունում եմ Հայաստանի տնտեսության մեջ կնոջ դերը բարձրացնելու՝ ՎԶԵԲ-ի նախաձեռնությունը: Կին ձեռներեցները հաջողությամբ մուտք են գործել եւ գերակայող դիրք են գրավել Հայաստանի ՓՄՁ-ների հատվածի որոշակի ոլորտներում: Հույս ունեմ, որ նպատակաուղղված ֆինանսական աջակցության շնորհիվ կին ձեռներեցները կկարողանան զարգացնել իրենց գործունեությունը եւ մուտք գործել Հայաստանի տնտեսության այնպիսի ոլորտներ, որտեղ առկա է բացահայտ սեռային անհավասարակշռություն: Այս ծրագիրը թույլ կտա արդյունավետ կերպով զարգացնել ՓՄՁ-ները շնորհիվ տրամադրվող ֆինանսական եւ ոչ ֆինանսական աջակցության գործիքների, որոնք հսկայական ներուժ կհանդիսանան այս ծրագրի թիրախ հանդիսացող նեղ լսարանի համար»,- նշել է Ամերիաբանկի գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը:

ՎԶԵԲ-ի «Կանայք բիզնեսում» ծրագիրը ստեղծվել է տնտեսության ոլորտում կնոջ դերն ամրապնդելու նպատակով եւ մինչ այսօր հաջողությամբ իրականացվել է ՎԶԵԲ-ից ֆինանսավորում ստացած 25 երկրներում: Այն թույլ է տալիս տեղական բանկերին վարկավորելու միջոցով ֆինանսավորման հասանելիություն ապահովել, գործարար խորհրդատվություն տրամադրել, վերապատրաստել եւ աջակցել կին ձեռներեցներին ու ղեկավարներին:

Ծրագրի բաղադրիչներն են ֆինանսավորումը, տեխնիկական աջակցությունը, ծրագրի իրականացման ընթացքում առաջին վնասի փոխհատուցման միջոցով տեղական ֆինանսական հաստատությունների համար ռիսկերի նվազեցումը եւ գործարար խորհրդատվական ծառայությունները, որոնք ուղղված են կանանց կողմից ղեկավարվող ՓՄՁ-ներին աջակցելուն: Տեխնիկական աջակցության եւ խորհրդատվական ծառայությունները համատեղ ֆինանսավորվում են ՎԶԵԲ-ի եւ Լյուքսեմբուրգի ու Շվեդիայի կառավարությունների կողմից:

Ամերիաբանկում հիշեցրել են, որ տարեսկզբին ՎԶԵԲ-ը համալրել է բանկի բաժնետերերի կազմը՝ ձեռք բերելով բաժնետոմսերի 20%-ը: 

1992-ից ի վեր ՎԶԵԲ-ը Հայաստանում ավելի քան €1.11 մլրդ է ներդրել: Ներդրումների 88%-ն ուղղվել է մասնավոր հատվածի ֆինանսավորմանը:

Դիտում՝ 15612
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai