ՀՀ-ԵՄ նոր համաձայնագիրը կավելացնի լոուքոսթերների հետաքրքրությունը

07.12.2016 | 14:37 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Հայաստանի տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանն ասել է, որ Եվրոպական միության հետ ընդհանուր ավիացիոն գոտու մասին համաձայնագիրը ենթադրում է մի շարք կարգավորումների ազատականացում:

«Ավիացիոն ծառայություններ իրականացնելիս ավիաընկերությունները կգործեն հնարավորինս լիբերալ դաշտում, կաշկանդված չեն լինի թույլտվություններով եւ պետական ավիացիոն մարմինների հետ համաձայնեցումներով: Այսինքն՝ շուկայի ուսումնասիրություններում ավելի ինքնուրույն որոշումներ կկայացնեն»,-ասել է Գարեգին Մելքոնյանը Մեդիամաքսի հետ զրույցում:

Նրա խոսքով՝ «համաձայնագրի առկայությունը կբերի Հայաստանի ավիացիոն շուկայում մրցակցության բարձրացմանը, ինչն էլ ենթադրում է ավիատոմսերի էժանացում»:

Գարեգին Մելքոնյանի փոխանցմամբ՝ բացի ազատականացումից համաձայնագիրը որոշ կարգավորումների ոլորտում նախատեսում է համապատասխանեցում եվրոպական չափանիշների հետ, ինչը ԵՄ ավիափոխադրողների համար Հայաստանը կդարձնի ավելի ընկալելի եւ համընդհանուր կարգավորում ունեցող երկիր:

Խոսելով ժամկետների մասին՝ փոխնախարարը կարծիք է հայտել, որ բանակցությունները հնարավոր կլինի ավարտել մի քանի ամսում:

Հարցին, թե այս համաձայնագրի առկայությունը կնպաստի՞ Հայաստանում lօw-cost ընկերությունների ավելացմանը, Գարեգին Մելքոնյանը պատասխանել է. «Կարծում եմ, այս մասով նույնպես հետաքրքրությունը կավելանա: Ավիաընկերությունները իրենց հաշվարկները իրականացնելիս կիմանան, որ գործելու են ավելի ազատ կարգավորում ունեցող շուկայում»:

ՀՀ կառավարությանն առընթեր Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը դեկտեմբերի 6-ին հայտնել էր, որ «առաջիկայում նախատեսվում է ձևավորել բանակցային խմբեր»:

Դիտում՝ 17103
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai