Քննարկվել են «Աշտարակ կաթ»-ի գործունեության դադարեցման հետեւանքները

18.11.2016 | 17:23 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանն այսօր հանդիպել է կաթնամթերք արտադրող ընկերությունների ներկայացուցիչներին` «Աշտարակ կաթ» ընկերության գործունեության դադարեցման պատճառով առաջացած խնդիրները քննարկելու նպատակով:

«Ինչպես տեղյակ եք, «Աշտարակ կաթ»-ը, որը կաթնամթերքի շուկայում ունի մեծ մասնաբաժին, այսօր հայտնվել է ծանր ֆինանսական վիճակում, ունի գյուղացիական տնտեսություններին կուտակած պարտքեր: Այսօր հարկավոր է քայլեր ձեռնարկել, որպեսզի մթերումների գործընթացը չընդհատվի, եւ ստեղծված իրավիճակի արդյունքում գյուղացիները չտուժեն»,- ասել է փոխնախարարը:

Ռոբերտ Մակարյանը հավելել է, որ այս խնդիրն ունի շուտափույթ լուծման կարիք, քանի որ այն ժամանակին չկարգավորելու դեպքում հաջորդ տարվա գարնան եւ ամռան ամիսներին կաթի արտադրության ծավալների ավելացմանը զուգահեռ կարող են առաջանալ մթերման հետ կապված լուրջ խնդիրներ:

Միաժամանակ, նա հորդորել է լրացուցիչ քանակի մթերումներ իրականացնելիս թույլ չտալ գնի նվազեցում:

Հանդիպման մասնակիցները տեղեկացրել են, որ իրենց ընկերությունները պատրաստ են իրականացնել լրացուցիչ մթերումներ` կաթի ավելցուկից հարկ եղած դեպքում չոր կաթի կամ պանրի արտադրություն կազմակերպելու նպատակով:   

Անդրադառնալով ոլորտում առկա այլ խնդիրներին` ընկերությունների ներկայացուցիչները կարեւորել են կաթնամթերքի ներկրումների նկատմամբ պետական վերահսկողության խստացումը, աջակցությունը տեղական արտադրողին, ինչպես նաեւ տեղական արտադրանքի մրցունակության բարձրացումը:

Ի պատասխան բարձրացված խնդիրների` փոխնախարարը վստահեցրել է, որ ՀՀ կառավարությունը քայլեր է ձեռնարկում ոչ միայն կաթնամթերքի, այլեւ գյուղատնտեսական այլ արտադրանքի մասով ներկրումները տեղական արտադրանքով փոխարինելու ուղղությամբ:

Դիտում՝ 4032
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai