ԱՊՊԱ ոլորտում 2017թ. ապրիլի 1-ից կգործի հատուցման վերանայված գործընթաց

09.11.2016 | 13:38 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

2017թ. ապրիլի 1-ից ԱՊՊԱ ոլորտում կգործի հատուցումների վերանայված գործընթաց, որի մանրամասներն այսօր ներկայացրել է Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի գործադիր տնօրեն Վահան Ավետիսյանը:

Մասնավորապես, նախատեսվում է ներդնել ուղիղ հատուցումների համակարգ, ըստ որի` տուժող ավտոսեփականատերերն ապահովագրական հատուցում կստանան այն ընկերությունից, որի հետ կնքել են պայմանագիր: Ապահովագրական ընկերությունները կհատուցեն իրենց հաճախորդի կրած վնասը` հետագայում փոխհաշվարկի միջոցով հետ ստանալով այն վնաս պատճառած կողմի ընկերությունից:

Նշենք, որ նախկինում պատահարի հատուցումն իրականացնում էր վնաս պատճառած կողմի ապահովագրական ընկերությունը:

«Այս համակարգի ներդրման արդյունքում կվերականգնվի ապահովագրական ընկերությունների կողմից պայմանագրերի առավելագույնս որակյալ սպասարկում իրականացնելու շարժառիթը, կմեծանա ոլորտի առողջ մրցակցությունը»,- նշել է Վահան Ավետիսյանը:

Բացի այդ, կկրճատվեն հատուցումների վճարման ժամկետները: Մասնավորապես, պարզեցված հատուցման գործընթացով ներկայում գործող 9-81 օրը կդառնա 6-17 օր, իսկ ստանդարտ հատուցման գործընթացի դեպքերում` 16-119 օրը կդառնա 10-41 օր:

«Ակնկալում ենք, որ պարզեցված գործընթացով հատուցումը կկազմակերպվի միջինում մեկշաբաթյա, իսկ ստանդարտի դեպքում` երկշաբաթյա ժամանակահատվածում»,- ընդգծել է նա:

Վահան Ավետիսյանը նաեւ տեղեկացրել է, որ նոր փոփոխություններով կմեծացվի ապահովագրական պատահարի արդյունքում բոլոր տուժողներին վճարման ենթակա ապահովագրական հատուցման առավելագույն չափը:

«Այս քայլն ուղղված է տուժողների շահերի պաշտպանությանն ու գործընթացի որակի բարելավմանը: Մենք ունենում ենք խնդիրներ այն դեպքերում, երբ վթարում տուժողների թիվը 1-ից ավելին է, քանի որ մեկ պատահարի համար սահմանված 1,8 մլն դրամ սահմանաչափը, որպես կանոն, չի բավարարում բոլորին, կիրառվում է համամասնորեն եւ մարդիկ չեն կարողանում ստանալ իրենց գումարն ամբողջությամբ»,- նշել է նա:

Այսպիսով, գույքային վնասների համար պահպանելով մեկ պատահարի համար 1 տուժողին առավելագույն 1,8 մլն դրամ սահմանաչափը, 1 պատահարի համար բոլոր տուժողների գծով 1,8 մլն դրամը կդարձվի 18 մլն դրամ, իսկ անձնական վնասների հատուցման առավելագույն սահմանաչափը 1 տուժողի գծով մնալով անփոփոխ` 3,3 մլն դրամ, բոլոր տուժողների համար 10 մլն դրամից կհասցվի 33 մլն դրամի:

Բացի այդ, նոր փոփոխություններով նախատեսվում է ստանդարտացնել ոլորտում կիրառվող բոլոր փաստաթղթերը:

Վահան Ավետիսյանի խոսքով` ներկայացված փոփոխությունները տարածվելու են ինչպես 2017թ. ապրիլի 1-ից հետո կնքվող պայմանագրերի, այնպես էլ այդ դրությամբ գործող, սակայն ավելի վաղ կնքված պայմանագրերի շուրջ ծագող հարաբերությունների վրա:

Դիտում՝ 6548
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai