Ջերմատնային ասոցիացիան դրական է գնահատում գազի գնի վերանայումը

02.11.2016 | 12:40 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

«Գազպրոմ Արմենիա» ընկերությունն առաջարկել էր վերանայել բնական գազի սակագինը եւ ձեւավորել սպառողական առանձին խմբեր, այդ թվում՝ ջերմոցային տնտեսությունների համար: Վերջինների համար առաջարկվում է կիրառել գազի սպառման ամսական սակագնի հաշվարկման հատուկ բանաձեւ:

Հայաստանի ջերմատնային ասոցիացիայի տնօրեն Պողոս Գեւորգյանը, Banks.am-ի խնդրանքով մեկնաբանելով այս լուրը, դրական է գնահատել «Գազպրոմ Արմենիա»-ի առաջարկը՝ նշելով, որ այն դրական կանդրադառնա ջերմատների զարգացման վրա:

«Այսօր ջերմոցային տնտեսությունների զարգացման թիվ մեկ խոչընդոտը էներգակիրների գներն են: Գյուղնախարարի հետ իրականացրած մոնիտորինգի արդյունքում պարզել ենք, որ ջերմոցային տնտեսություններում միավոր արտադրանքի ինքնարժեքի շուրջ 50%-ը կազմում է գազը: Մոտ 30%-ը բաժին է ընկնում աշխատավարձին, մնացածը` թունաքիմիկատներին, պարարտանյութերին եւ այլ ծախսերին: Գազի սակագնի իջեցումը միանշանակ կխթանի ջերմատների գործունեությունը»,- ասել է Պողոս Գեւորգյանը:

Խոսելով ոլորտի մյուս հիմնախնդիրների մասին` ջերմատնային ասոցիացիայի ղեկավարը նշել է, որ կա նոր տեխնոլոգիաների ներդրման անհրաժեշտություն, որի համար անհրաժեշտ են հասանելի վարկային միջոցներ եւ ներմուծման ցածր մաքսատուրքեր:

«Հայաստանում այսօր գործում են շուրջ 950 փոքր եւ միջին ջերմատներ, որոնցում ներգրավված է մոտ 15 հազ. մարդ: Այս տնտեսություններն իրենց վրա են վերցրել պետության հոգսի մի մասը, ստեղծել են աշխատատեղեր, հետեւաբար նրանց չաջակցելը ճիշտ չէ»,- ընդգծել է նա:

Պողոս Գեւորգյանը տեղեկացրել է, որ ոլորտի մյուս ներկայացուցիչների` գործարարների, տարբեր ասոցիացիաների, BSC ընկերության եւ այլ կազմակերպությունների հետ ստեղծվել է նախաձեռնող խումբ, որը զբաղվում է ոլորտի զարգացման ծրագրի մշակմամբ: Առաջիկայում ծրագիրը կներկայացվի ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին:

«Խնդիրներ շատ կան, սակայն դրական ենք տրամադրված: Մեծ հույսեր ենք կապում նոր վարչապետի հետ: Ներկայում ներգրավում ենք լավ ինժեներների, տեխնոլոգների` զարգացնելու եւ նոր մակարդակի հասցնելու Հայաստանում ջերմատնային գործունեությունը»,- ասել է ասոցիացիայի ղեկավարը:
 
Հիշեցնենք, որ անցած տարի Պողոս Գեւորգյանը Banks.am-ի հետ զրույցում նշել էր, որ ջերմատների ոլորտն ակտիվացնելու համար նախ եւ առաջ պետք է կարգավորել գազի գինը:

Դիտում՝ 14577
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai