Արմպրոդէքսպո. մարզերի համն ու հոտը՝ մեկ վայրում

24.10.2016 | 10:51 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Էկզոտիկ չրեր, գինու մեջ հասունացված պանիրներ, կաթնամթերք, բնական կոսմետիկա, պահածոներ ու գինիներ` Հայաստանի գրեթե բոլոր մարզերից: Հոկտեմբերի 21-23-ին Երեւանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի «Երեւան Էքսպո» ցուցահանդեսային համալիրում անցկացվել է ամենամյա «Արմպրոդէքսպո» մասնագիտացված ցուցահանդեսը: Banks.am-ի թղթակիցն այցելել է ցուցահանդես եւ առանձնացրել մի շարք ուշագրավ ապրանքատեսակներ:

Սահմանապահ կանանց թեյը՝ Սպիտակի հաշմանդամություն ունեցողների ձեռքով

Սպիտակում Գայանե Խաչատրյանի հիմնած «Էբրիկոտ» ընկերությունում աշխատում են բացառապես հաշմանդամություն ունեցողներ, որոնք արտադրում են փայտե հուշանվերներ եւ արծաթյա զարդեր: Արդեն երկու ամիս է՝ ընկերության աշխատակիցները նոր զբաղմունք ունեն. հայկական նկարազարդումներով փայտե տուփեր, որոնցում փաթեթավորվում է սահմանամերձ բնակավայրերի կանանց հավաքած թեյը:

«Փաթեթավորումն ամբողջությամբ ձեռքի աշխատանք է, անգամ ներսի թղթի տոպրակները կարվում են, ոչ թե սոսնձվում, որպեսզի էկոլոգիապես մաքուր լինի»,- ասում է Գայանեն:



Նրա խոսքով՝ թեյերի նախագծում ընդգրկված են կանայք Հայաստանի մի շարք սահմանամերձ բնակավայրերից՝ Նոյեմբերյան, Բերդ, Ոսկեպար, Կոթի, որոնց թիվն ու աշխարհագրությունն գարնանից ակնկալվում է ավելացնել:
    
Բնական կոսմետիկա՝ կաթնամթերքից

Մուղնի գյուղում ամիսներ առաջ բացված ֆերման այսօր արտադրում է ոչ միայն էկոլոգիապես մաքուր կաթնամթերք, այլեւ դրանից պատրաստում է բնական կոսմետիկա:

«Վանատուն» ընկերության ներկայացուցիչ Անյա Լավրովան պատմում է, որ ֆերմայում պահում են միայն գերմանական «շվից» ցեղատեսակի կովեր, իսկ կաթնամթերքը զերծ է ամեն տեսակի սննդային հավելումներից եւ հակաբիոտիկներից:



«Բացի այդ, կովի խեժից ստանում ենք բնական կոսմետիկա ցանկացած տեսակի մաշկի համար՝ դիմակներ, լոսյոններ եւ այլն, որոնք սպառվում են Երեւանում գտնվող մեր ֆիրմային խանութում»,- ասում է Անյան:

Գինու մեջ հասունացված պանիրներ

Միքայելյանների ընտանիքը 2012թ. Երեւանից տեղափոխվել է Գավառ եւ ֆերմա հիմնել: Երեք տարում փոքրիկ բիզնեսը կարողացել է մեծ քայլերով առաջ գնալ՝ Հայաստանում կիրառելով պանիրների արտադրության նոր տեխնոլոգիա: Միքայելյանների այցեքարտը գինու մեջ հասունացված պանիրներն են, որոնք սպառվում են հիմնականում գինու բարերում եւ մասնագիտացված խանութներում, իսկ առաջիկայում կարտահանվեն նաեւ Ռուսաստան:



Ընկերության ներկայացուցիչ Արման Միքայելյանը պատմում է, որ պանրի համար հումքը ստանում են բացառապես իրենց ֆերմայից, ինչը հնարավորություն է տալիս ապահովել ցանկալի որակ: «Ընդ որում, ամբողջ աշխատանքն արվում է ընտանիքի ուժերով՝ երեխաներից մինչեւ տարեցներ»,- ասում է Արմանը:  

«Կատարո». տիպիկ արցախյան գինի

«Գործարանը շատ մեծ չէ, սակայն սեզոնին գրեթե ամբողջ գյուղը ներգրավում ենք»,- ասում է «Կատարո» ընկերության ներկայացուցիչ Հենրիկ Շալջյանը:

Արցախում՝ Հադրութի շրջանի Տող գյուղում, արդեն շուրջ 10 տարի գործող Ավետիսյանների ընտանեկան բիզնեսը սկսել է 5 հա տարածք զբաղեցնող այգիներից:

Այսօր արդեն 10-հեկտարանոց այգիներից ստացվում է 3 տեսակի գինի՝ կարմիր, սպիտակ եւ վարդագույն: Ընդ որում, կարմիր գինին ստացվում է «խնդողնի» տեսակի խաղողից, որն աճում է միայն Արցախում: Մի քանի տարում ընկերությունը կարողացել է ավելացնել արտադրության ծավալները՝ մինչեւ տարեկան 60-100 հազար շիշ, որն արտահանվում է Մերձբալթյան երկրներ, Ռուսաստան, Չեխիա, Կանադա:  



«Այգին գործարանին շատ մոտ է գտնվում, խաղողը երկար ճանապարհ չի անցնում, ինչը շատ կարեւոր է գինու որակի առումով»,- նկատում է Հենրիկ Շալջյանը:

Տոլման՝ նաեւ պահածո

Ավանդական կոմպոտներից, մուրաբաներից ու ջեմերից մինչեւ բանջարեղենային եւ անգամ մսային պահածոներ: Խորհրդային Միության փլուզումից հետո պարապուրդի մատնված Եղեգնաձորի պահածոների գործարանը ոչ միայն նոր շունչ է ստացել, այլեւ լուրջ մարտահրավեր է նետել իր մրցակիցներին:

«Ունենք մսային պահածոների 7 տեսակ, ընդ որում, մսով եւ սերկեւիլով տոլման այս տարի Մոսկվայում կայացած «Պրոդէքսպո» սննդի միջազգային ցուցահանդեսում 21 ոսկե մեդալ է շահել: Հայաստանում նման նախադեպ չի եղել»,- ասում է ընկերության ներկայացուցիչ Անուշ Պողոսյանը:



Պահածոների արտադրության համար անհրաժեշտ հումքի մթերումն արվում է հիմնականում Վայոց ձորից, իսկ հարկ եղած դեպքում՝ նաեւ կողքի մարզերից, Արարատյան դաշտից: Մեկ տարվա ընթացքում ընկերությունը կարողացել է կապեր հաստատել ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Դուբայի, եվրոպական երկրների հետ, որտեղ էլ արտահանվում է պատրաստի արտադրանքը:  

Լոլիկի էկզոտիկ չրեր՝ Հացիկ գյուղից

Արմավիրի մարզի Հացիկ գյուղում Խամիսյանների ընտանիքը չրերի արտադրությամբ զբաղվում է արդեն երեք սերունդ: Ավանդական ծիրանի, սալորի, դեղձի չրերի կողքին այսօր ունեն նաեւ էկզոտիկ արտադրանք՝ լոլիկի չիր՝ համեմված մաղադանոսով, ռեհանով ու ծիտրոնով: Խամիսյաններն անհրաժեշտ մրգերը ստանում են իրենց իսկ ջերմատներում, չորացնում են արեւի տակ:

«Նաիրյան չրեր» ապրանքանիշի չորացրած մրգերը հիմնականում սպառվում են երեւանյան խանութներում եւ հյուրանոցներում, իսկ այսօր արդեն արտահանման շուրջ բանակցություններ են վարում Չեխիայի, Ճապոնիայի եւ Ուկրաինայի հետ:

Վիկտորյա Անդրեասյան

Դիտում՝ 3898
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai