Հայկական «5900 BC» բրենդը Մոսկվայում կներկայացնի իր նոր հավաքածուն

30.08.2016 | 17:15 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Մոսկվայի Expocentre կենտրոնում օգոստոսի 31-ից սեպտեմբերի 3-ը տեղի կունենա CPM (Collection Premiere Moscow) նորաձեւության միջազգային ցուցահանդեսը, որին արդեն երրորդ անգամ կմասնակցի հայկական նորաձեւության «5900 BC» ապրանքանիշը:

ՄԱԿ-ի Արդյունաբերական զարգացման կազմակերպության (UNIDO) ծրագրի շրջանակում ստեղծված «5900 BC»-ն ցուցահանդեսին կմասնակցի իր չորրորդ` Summertime Dreams անունը կրող գարուն-ամառ 2017 հավաքածուով, որը կուղեկցվի նորաձեւության ցուցադրությամբ:

Ինչպես հայտնել են UNIDO-ում, ընդհանուր առմամբ, ցուցահանդեսին կմասնակցի 33 երկիր` 20 000 այցելուներով, որոնց զգալի մասը նորաձեւ հագուստի արտադրության եւ վաճառքի ոլորտները ներկայացնող մասնագետներն են:

«CPM միջազգային ցուցահանդեսին անընդմեջ մասնակցությունն արդեն իսկ տվել է իր ցանկալի արդյունքները: Այժմ հայկական բարձրորակ հագուստի արտադրությամբ հետաքրքրված են Ռուսաստանի ամենահայտնի ապրանքանիշներն ու նորաձեւության տները: Շատերն այցելել են Հայաստան՝ տեղում ծանոթանալու ընկերությունների արտադրական հնարավորություններին եւ քննարկելու համագործակցության ուղիներ»,- նշել են UNIDO-ում:

Կազմակերպությունում տեղեկացրել են, որ  «5900 BC»-ն արդեն կնքել է առաջին պայմանագիրը տարեկան մոտ 30 հավաքածու թողարկող ռուսական ամենախոշոր ցանցերից մեկի եւ արտահանման առաջին փորձը կատարող հայաստանյան հագուստ արտադրող մի ձեռնարկության հետ՝ ստեղծելով երկարատեւ կայուն համագործակցության հեռանկարներ:

Պատվերներ են տեղադրվել նաեւ Ռուսաստանի ամենահայտնի նորաձեւության տներից մեկի կողմից, որը պատրաստվում է ներկայացնել նոր հավաքածուն 2016թ. հոկտեմբերին Միլանում:

«Այսպիսով, ծրագիրը հնարավորություն է ստեղծում հայաստանյան արտադրողների համար աշխատել ԱՊՀ երկրների մասշտաբով ամենահայտնի նորաձեւության տներից մեկի հետ եւ ներկայացնել Հայաստանում պատրաստված արտադրանքը աշխարհի նորաձեւության կենտրոն համարվող Միլանում: Ծրագրի փորձագիտական խումբն իր բազմակողմանի աջակցությունն է ցուցաբերում ընկերություններին նմուշների պատրաստման, իրավաբանական, մարկետինգային, ֆինանսական եւ այլ հարցերի շուրջ»,- հայտնել են UNIDO-ում` հավելելով, որ մյուս ցանցերի հետ բանակցություններն ընթացքի մեջ են:

«5900 BC» ապրանքանիշը ստեղծվել է UNIDO-ի «Հայաստանի արտահանման ուղղվածություն ունեցող ճյուղերի մրցունակության բարձրացում արդիականացման եւ շուկան մատչելի դարձնելու միջոցով» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության եւ Հայաստանի զարգացման հիմնադրամի հետ սերտ համագործակցությամբ եւ միտված է Հայաստանում հագուստի արտադրության ավանդույթների վերականգնմանն ու զարգացմանը, հագուստ արտադրող ՓՄՁ-ների արդիականացմանն ու արտահանման խթանմանը:

Ծրագիրը ֆինանսավորվում է ՌԴ կառավարության կողմից: Ապրանքանիշի ներքո միավորվել են Հայաստանում գործող հագուստ արտադրող 8 ձեռնարկություն:

Ապրանքանիշի անվանումը խորհրդանշական է, քանի որ աշխարհում գտածո ամենահին հագուստներից մեկը` 5900 տարի առաջ ստեղծված կանացի շրջազգեստը, հայտնաբերվել է ՀՀ Արենի համայնքում:

Դիտում՝ 22327
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai