Հայաստանն արտաքին ներդրողներ է գրավելու Նյու Յորքում

24.08.2016 | 16:45 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Հայաստանի զարգացման հիմնադրամի ղեկավար Կարեն Մկրտիչեանն ասել է, որ չնայած շրջափակմանն ու կոռուպցիային` ՀՀ տնտեսությունը կարող է հետաքրքրություն ներկայացնել արտերկրյա ներդրողների համար:

Ինչպես գրում է «Ամերիկայի ձայնը», այս մասին Կարեն Մկրտիչեանն ասել է` ներկայացնելով Նյու Յորքում հոկտեմբերի 10-11-ը կայանալիք ներդրումների գրավմանը նվիրված համաժողովի մանրամասները:

Նրա խոսքով, Նյու Յորքի ֆինանսական շրջանում՝ Ուոլ Սթրիթում կայանալիք միջոցառմանը ելույթ է ունենալու ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ինչպես նաեւ Համաշխարհային բանկի եւ Ասիական զարգացման բանկի բարձրաստիճան պաշտոնյաներն ու ընկերությունների ղեկավարներ:

Համաժողովի կազմակերպիչներն են ՀՀ կառավարությունն ու Ասիական զարգացման բանկը, միջոցառմանը ներկա են լինելու առաջատար տնտեսական մեկնաբաններ՝ Hyatt Hotels, ABBYY, Reddit, PicsArt եւ մի շարք այլ ընկերությունների ղեկավարներ:

«Մենք ներկայացնելու ենք Հայաստանի տնտեսության 8 ոլորտներն ու դրանց աջակցմանն ուղղված պետական ծրագրերը. յուրաքանչյուրի մասին կխոսեն այդ ոլորտում հաջողություններ գրանցած ընկերությունների ներկայացուցիչներ», - ասել է Կարեն Մկրտիչեանը:

Նրա խոսքով` ներդրողներին են ներկայացվելու Հայաստանում արեգակնային էներգիայի, երկաթգծային բեռնափոխադրումների, «Հյուսիս-հարավ» մայրուղու կառուցման, հանքավայրերի գործարկման, գյուղատնտեսության զարգացման ծրագրերի, ինչպես նաեւ բարձր տեխնոլոգիաների զարգացման հեռանկարները:

«Հայաստանը եվրոպական եւ ամերիկյան ընկերությունների համար հարթակ կարող է դառնալ` իրենց արտադրանքն առանց մաքսատուրքերի Ռուսաստան եւ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) այլ երկրներ տեղափոխելու համար»,-ընդգծել է Հիմադրամի ղեկավարը:

Նա նաեւ նշել է, որ ՀՀ տնտեսությունում օտարերկրյա ներդրումների չափը զգալի նվազել է այն բանից հետո, երբ Հայաստանի ղեկավարությունը Եվրամիության (ԵՄ) հետ տնտեսական համագործակցության խորացման փոխարեն նախընտրեց անդամակցել ԵԱՏՄ-ին:

«Օտարերկրյա ուղղակի ներդրումների ծավալը զգալի նվազել է մի շարք պատճառներով, որոնցից մեկը, ըստ իս, երկրի` անցումային շրջանում գտնվելու հանգամանքն է: Մինչեւ Հայաստանի` ԵԱՏՄ-ին անդամակցելու որոշումը ակնկալվում էր, որ երկիրը կմիանա ԵՄ-ին կամ Եվրոպական գործընկերությանը: Երբ դա տեղի չունեցավ, ՀՀ-ում ներդրումներ իրականացնող եվրոպական մի շարք ընկերություններ սկսեցին նվազեցնել իրենց սպասելիքները»,- ասել է Կարեն Մկրտիչեանը:

Հիշեցնենք, որ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Փոքր բիզնեսի կոմիտեի նախագահ Սթիվ Չաբոտն ու ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը Երեւանում կայացած իրենց հանդիպմանը նույնպես անդրադարձել էին հոկտեմբերին ԱՄՆ-ում կայանալիք ներդրումային համաժողովին:

Դիտում՝ 19540
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai