ՀԽ. Հարկային նոր օրենսգիրքը լուրջ վնաս կարող է հասցնել ՓՄՁ-ներին

21.06.2016 | 17:49 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Հանրային խորհրդում այսօր տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն Հարկային նոր օրենսգրքի վերաբերյալ:

ՀԽ տարածած հաղորդագրության համաձայն՝ մինչ այդ ստեղծվել էր աշխատանքային խումբ, որի կազմում ընգրկվել էին ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանը, խորհրդի անդամներ Սամվել Ճզմաչյանը, Վազգեն Սաֆարյանը, Արմեն Տեր-Տաճատյանը, Հովիկ Մուսայելյանը, Արմեն Բալդրյանը եւ Հովհաննես Թադեւոսյանը:

Քննարկման մասնակիցները բարձրացրել են Հարկային օրենսգրքի մի շարք դրույթների հետ կապված մտահոգություններ, քննարկել դրանց հնարավոր բացասական հետեւանքները հարկային համակարգի, գործարար միջավայրի եւ ընդհանրապես երկրի տնտեսության զարգացման վրա: Եկամտահարկի նոր դրույքաչափերի կիրառման տեսանկյունից քննարկվել է մասնավորապես ՏՏ ոլորտի եւ բանկային համակարգի աշխատողների վրա հարկային բեռի ավելացման հարցը:

«Խիստ մտահոգություն է առաջացրել նաեւ շրջանառության հարկի շեմի նվազումը, որը, ըստ ՀԽ անդամների, լուրջ վնաս կարող է հասցնել փոքր եւ միջին ձեռնարկատերերին` հանգեցնելով սոցիալական ծանր հետեւանքների»,- ասված է հաղորդագրությունում:

Քննարկվել են նաեւ շահաբաժինների հարկման, ամորտիզացիաների ժամկետների երկարաձգման, հարկային կանխատեսելի դաշտի բացակայության խնդիրները, ինչպես նաեւ օրենսգրքի գաղափարա-փիլիսոփայական կողմը:

Հանդիպման մասնակիցները կարեւորել են Հայաստանում հարկահավաքման ոլորտում նոր մոտեցումների ընդունման անհրաժեշտությունը` նկատելով, սակայն, որ այդ առումով Հարկային օրենսգրքի ընդունմամբ որեւէ փոփոխություն տեղի չի ունենում, այլ ընդամենը թվերն են փոփոխվում` նոր սոցիալական լարվածության հեռանկարով:

Աշխատանքային խմբի անդամները պայմանավորվել են համապատասխան փաստաթուղթ մշակել, որը կներկայացվի Հանրային խորհրդի փոքր խորհրդի` հունիսի 23-ին տեղի ունենալիք նիստին, որից հետո խորհրդում տեղի կունենա լայն քննարկում՝ շահագրգիռ կողմերի մասնակցությամբ: Այդ քննարկումների արդյունքում ձեւավորված դիրքորոշումն ու առաջարկները կներկայացվեն ՀՀ նախագահին ու կառավարության ղեկավարին:

Հիշեցնենք, որ բիզնես ոլորտի շահերը ներկայացնող մի շարք կառույցներ օրերս հանդես էին եկել համատեղ հայտարարությամբ՝ կոչ անելով ԱԺ նախագահին շահագրգիռ կողմերի մասնակցությամբ կազմակերպել հանրային լսումներ մի շարք սկզբունքային հարցեր քննարկելու, նախագիծը վերանայելու եւ իր հիմնական նպատակին համահունչ դարձնելու ուղղությամբ»:

Դիտում՝ 2932
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai