ԿԲ. Չաշխատող վարկերի աճը չի ազդել ֆինանսական կայունության վրա

27.05.2016 | 13:47 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ ֆինանսական համակարգում 2015թ. արձանագրվել է չաշխատող վարկերի տեսակարար կշռի աճ՝ կազմելով 7.8%, որը սակայն էական ազդեցություն չի գործել ֆինանսական կայունության վրա:

Այս մասին այսօր ասել է ՀՀ Կենտրոնական բանկի (ԿԲ) ֆինանսական համակարգի կայունության եւ զարգացման վարչության պետ Անդրանիկ Գրիգորյանը՝ ներկայացնելով «Ֆինանսական կայունության հաշվետվություն, 2015թ.» զեկույցը:

Նրա խոսքով՝ տարբեր ոլորտների միջեւ չաշխատող վարկերը հիմնականում բաշխված են հավասարաչափ, այնուամենայնիվ, գյուղատնտեսության ճյուղում այն մի փոքր գերազացնում է միջին ցուցանիշը՝ կազմելով շուրջ 11%:

«Կառավարության կողմից իրականացվող գյուղատնտեսության սուբսիդավորումը որոշակիորեն դրական անդրադարձ է ունեցել որորտում չաշխատող վարկերի կրճատման վրա. երբ մարդկանց վարկային բեռը փոքր-ինչ թեթեւանում է, կանխիկի հոսքերը սկսում են բավարարել վարկի սպասարկումը»,- ասել է Անդրանիկ Գրիգորյանը:

Միաժամանակ, չաշխատող վարկերի ուղղությամբ բարելավում է նկատվել շինարարության ոլորտում. այս ճյուղում 2015թ. չաշխատող վարկերի տեսակարար կշիռը նախորդ տարվա համեմատ կրճատվել է մոտ 7.7%-ով:

ԿԲ ներկայացուցչի խոսքով՝ տարվա ընթացքում նկատվել է վարկավորման ծավալների որոշակի անկում՝ պայմանավորված մի շարք արտաքին եւ ներքին տնտեսական շոկերով: Այսպես, բանկերի վարկավորման ծավալները 2015-ին նախորդ տարվա համեմատ կրճատվել են 3%-ով:

«Այնուամենայնիվ, այս տարվա առաջին 4 ամիսներին արդեն նկատվում է վարկերի ծավալների որոշակի աճ (2%-ից ավելին), ինչը վկայում է այն մասին, որ ֆինանսական կազմակերպությունները պարտաստ են եւ ունակ վարկավորելու մեր տնտեսությունը»,- ընդգծել է Անդրանիկ Գրիգորյանը:

Ինչ վերաբերում է ավանդներին, ապա դրանց ուղղությամբ 2015-ին գրանցվել է որոշակի աճ, հատկապես՝ ֆիզիկական անձանց գծով, ինչը «խոսում է ՀՀ ֆինանսական համակարգի նկատմամբ բնակչության վստահության բարձրացման մասին»:

Կապիտալահագեցվածությունն ու իրացվելիությունը ՀՀ ֆինանսական համակարգում շարունակում է մնալ բարձր: Անցյալ տարի բանկային համակարգում գրանցվել է կապիտալի համարժեքության աճ 1.7%-ի չափով, իսկ ընդհանուր եւ ընթացիկ իրացվելիության նորմատիվային ցուցանիշներն աճել են համապատասխանաբար 2.9%-ով եւ 13%-ով:

Առեւտրային բանկերի ընդհանուր կապիտալի նվազագույն սահմանաչափի բարձրացման պահանջի ներքո 2015թ. ընթացքում բանկային համակարգը 74 մլրդ դրամով համալրել է կանոնադրական կապիտալը:

«Սա այլ հավասար պայմաններում ենթադրում է ապագայում բանկերի կողմից վարկավորման ծավալների աճի հնարավորություն, երկարաժամկետ հորիզոնում՝ հավանական ռիսկերին դիմակայելու համար լրացուցիչ ապահովվածության առկայություն»,- ընդգծել է ԿԲ ներկայացուցիչը:

Նրա խոսքով՝ շահութաբերության ցուցանիշները ֆինանսական համակարգում նվազել են: Ընդ որում, այս նվազումը վերաբերում է ԿԲ վերահսկողական ստանդարտներով հաշվարկված ցուցանիշին, ինչն ավելի խիստ է, քան բանկերի հաշվետվություններում ներկայացված ցուցանիշները:

«ԿԲ-ի այս խիստ պահպանողական մոտեցման շնորհիվ ՀՀ ֆինանսական համակարգին հաջողվել է զերծ մնալ էական ցնցումներից»,- նշել է Անդրանիկ Գրիգորյանը:

Դիտում՝ 5929
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW