ՀՀ վարչապետը հեղափոխական ելույթ է ունեցել

12.05.2016 | 13:05 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը կառավարության այսօրվա նիստի մեկնարկին ասել է, որ «քառօրյա պատերազմը ստիպեց բոլորիս վերաիմաստավորել մեր կատարած աշխատանքը»:

Վարչապետն իր խոսքում, մասնավորապես նշել է․

«Արդյո՞ք մենք զարգանում ենք, արդյո՞ք պայքարում ենք կոռուպցիայի դեմ, արդյո՞ք ունենք մարտունակ բանակ: Պատասխանը` այո: Բայց արդյո՞ք այդ ամենը բավարար է, որպեսզի մենք դիմակայենք նորանոր մարտահրավերների: Կարծում եմ, բոլորի կարծիքը կարտահայտեմ, եթե ասեմ` ոչ: Մենք պետք է ավելի արդյունավետ պետություն դառնանք: Մեր ռեսուրսները սահմանափակ են, բայց ռեսուրսների պակասը կարող է փոխհատուցվել երկու գործոնով․ արդյունավետ մոդելների կիրառում եւ դրանց կյանքի կոչելու արագություն»:

Նա նշել է, որ մայիսի 14-ից մենք մեկնարկելու են պարբերական շաբաթական քննարկումներ:

«Խնդրում եմ բոլոր նրանց, ովքեր ունեն առաջարկություններ, դրանք համառոտ ներկայացնել կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանին: Հայաստանի զարգացման ուղիների վերաբերյալ ուշագրավ հետազոտություններ կան նաեւ Սփյուռքում: Դրա օրինակն է Գյուլբենկյան հիմնադրամի կողմից վերջերս հրապարակված «Հայերը 2115-ին» զեկույցը: Նման հետազոտությունները եւս պետք է դառնան խորը ուսումնասիրության առարկա»,- նշել է վարչապետը:

«Առաջին։ Թեեւ մենք ունենք հաստատված բյուջե, սակայն պետք է անցնենք խնայողության առավել խիստ ռեժիմի: Պետք է ձեւավորենք առավել քիչ ծախսատար պետական կառավարման ապարատ,  կրճատենք այն ծախսերը, որոնք չունեն էական ազդեցություն իրական արդյունքի վրա՝ գործուղումները, ներկայացուցչական ծախսերը, վերանորոգումները, ծառայողական մեքենաները եւ այլն: Որոշ քայլեր մենք կձեռնարկենք արդեն այսօր:

Երկրորդ: Պետական կառավարման ապարատը պետք է դառնա ավելի կոմպակտ: Խոսքը ոչ միայն նախարարությունների աշխատակազմերի մասին է, այլ նաեւ տարբեր ՊՈԱԿ-ների, ԾԻԳ-երի, առընթեր մարմինների, առանձնացված ստորաբաժանումների:

Այս երկու մոտեցումների արդյունքում կարող է առաջանալ որոշակի սոցիալական լարվածություն՝ պայմանավորված պետական համակարգում աշխատատեղերի կրճատմամբ: Բայց երկար տարիներ մենք նման քայլերի չէինք գնում հենց սոցիալական լարվածություն չստեղծելու պատճառով: Բայց այսօր Արցախի եւ Մայր Հայրենիքի առջեւ ծառացած անվտանգության խնդիրներն այլ են: Ստեղծված իրավիճակը, իսկապես, ոչ ստանդարտ է, եւ մենք չպետք է խուսափենք ոչ ստանդարտ քայլեր կատարելուց ու որոշումներ կայացնելուց:

Երրորդ ուղղությունը կոռուպցիայի դեմ պայքարն է: Կոռուպցիոն երեւույթներն ըստ մարմինների պետք է դառնան առանձին չափման առարկա, այդ թվում՝ սոցիոլոգիական հարցումների միջոցով: Թե՛ մարմինների ղեկավարները եւ թե՛ կոռուպցիայի դեմ պայքարող իրավապահները պետք է հանրային հաշվետվություն ներկայացնեն այդ ցուցանիշների դինամիկայի հետ կապված:

Որպես գործադիր իշխանության ղեկավար ես ամբողջությամբ գիտակցում եւ հասկանում եմ, որ վերը հնչեցված բոլոր լուծումները արդյունավետ չեն լինի, եթե չկարողանանք ապահովել կայուն եւ երկարատեւ տնտեսական աճ: Վերջին երկու տարիներին բազմիցս բախվել եմ հանրային քննադատության, թե պետությունը չի պայքարում ձեւավորված մենաշնորհների դեմ: Միեւնույն ժամանակ, ընդունում եմ, որ կառավարությունը բավարար հետեւողական չի եղել այդ խնդրի էության ամբողջական բացահայտման հարցում եւ ժամանակին չի նախաձեռնել բաց հանրային երկխոսություն:

Թերությունը ուղղելու ժամանակն է: Հանձնարարում եմ էկոնոմիկայի նախարարին եւ առաջարկում եմ տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովին, Հայաստանում գործող տարբեր միջազգային կառույցների ներգրավմամբ, ամենասեղմ ժամկետում՝ առավելագույնը երեք շաբաթվա ընթացքում, վերլուծել Հայաստանում առկա մենաշնորհները, դրանց ազդեցությունը ազատ մրցակցային պայմաններ ունենալու վրա եւ առաջարկել արդյունավետ լուծումներ, որոնք կարող են շտկել ստեղծված իրավիճակը»,- ասել է Հովիկ Աբրահամյանը:

Դիտում՝ 22529
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai