«Գրանթ Թորնթոն». Կին ղեկավարների թիվը Հայաստանում նվազել է

10.03.2016 | 11:35 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Հայաստանում ղեկավար պաշտոններում կանանց թիվը նվազել է, նշում են «Գրանթ Թորնթոն» ընկերության վերլուծաբանները:

Կանանց միջազգային օրվա կապակցությամբ «Գրանթ Թորնթոնը» ներկայացրել է ղեկավար պաշտոններում կանանց ներգրավվածության վերաբերյալ նոր զեկուց, որի տվյալներով՝ Հայաստանն այն երկրներից է, որտեղ նկատվել է ղեկավար պաշտոններում կանանց թվի նվազում:

Ըստ հետազոտության՝ այս տարի Հայաստանում ղեկավար պաշտոնների 26%-ն են զբաղեցնում կանայք: Ընդ որում, այս ցուցանիշը զիջել է 2015թ. համապատասխան ցուցանիշին (29%):

«Գրանթ Թորնթոն Հայաստանի» տնօրեն-բաժնետեր Գագիկ Գյուլբուդաղյանը կարծում է, որ կանանց դերակատարումն ակտիվացնելու ուղղությամբ գործնական քայլեր անելու ժամանակն է:

«Բավականին երկար ժամանակ է, ինչ զարգացած երկրներում ընկերությունների ղեկավարները խոսում են այն մասին, թե որքան կարեւոր է բազմակարծության ապահովումը ընկերությունների ղեկավար օղակներում»,- ասել է նա:

Գագիկ Գյուլբուդաղյանի խոսքով՝ բազմազան աշխատուժ ունեցող ընկերություններն ավելի արագ են հարմարվում գործարար միջավայրում տեղի ունեցող կտրուկ փոփոխություններին եւ իրենց արդյունավետությամբ կարող են գերազանցել այն ընկերություններին, որոնց աշխատուժը միատարր է:

«Ուստի, կարծում եմ՝ ղեկավար պաշտոններում կանանց դերակատարումն ակտիվացնելու ուղղությամբ գործնական քայլեր անելու ժամանակն է»,- նշել է նա:

Զեկույցը կազմվել է աշխարհի 36 երկրների 5 520 գործարարների շրջանում իրականացված հարցումների հիման վրա, որոնց համաձայն՝ ղեկավար պաշտոններ զբաղացնող կանանց թիվն աշխարհում փոքր-ինչ աճել է՝ 22%-ից բարձրանալով 24%-ի:

Այնուամենայնիվ, կան տարածաշրջաններ, որտեղ ղեկավար պաշտոններում կանանց ներգրավվածության ցուցանիշները ցածր են: Օրինակ, Մեծ յոթնյակի (G7) երկրներում ղեկավար պաշտոնների ընդամենը 22%-ն են կանայք զբաղեցնում, իսկ ընկերությունների 39%-ն ընդհանրապես կանանց չի ներգրավել ղեկավար պաշտոններում: Տվյալ տարածաշրջանում ամենացածր ցուցանիշներ ունեցող երկու երկրներն են Ճապոնիան (7%) եւ Գերմանիան (15%):

Մինչդեռ, հետազոտության համաձայն` ամենաբարձր ցուցանիշներն են գրանցել Արեւելյան Եվրոպան եւ Հարավարեւելյան Ասիայի պետությունների ասոցիացիան, որտեղ կանայք զբաղեցնում են ղեկավար պաշտոնների համապատասխանաբար 35%-ը եւ 34%-ը: Տարածաշրջանի ամենաբարձր ցուցանիշ ունեցող երկրների ցանկը գլխավորում է Ռուսաստանը, որտեղ ղեկավար պաշտոնների 45%-ը կանայք են զբաղեցնում: Վերջինիս հաջորդում է Ֆիլիպինները (39%), որտեղ ընկերությունների միայն 9%-ն են նշել, որ կանայք ընդգրկված չեն իրենց ղեկավար կազմում:

Դիտում՝ 24412
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai