ԿԲ-ն իջեցրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը

16.02.2016 | 17:00 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ Կենտրոնական բանկի (ԿԲ) խորհուրդն այսօրվա նիստում որոշել է իջեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով այն 8.5%:

ԿԲ-ում նշել են, որ 2016թ. հունվարին արձանագրվել է 2.2% գնաճ՝ նախորդ տարվա նույն ամսվա 2.5%-ի դիմաց, որի պարագայում 12-ամսյա գնաճը փոքր-ինչ նվազել է՝ ամսվա վերջին կազմելով -0.4%:

«Գնաճի ցածր մակարդակը գրեթե ամբողջությամբ պայմանավորված է  նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ գյուղմթերքների գների նվազմամբ եւ արտաքին հատվածից ներքին գների վրա մասամբ փոխանցված գնանկումային ազդեցությամբ:

Արտաքին հատվածում վերջին շրջանում արձանագրված միտումներն էապես չեն փոխվել. համաշխարհային տնտեսությունն աճել է համեմատաբար դանդաղ տեմպերով, իսկ միջազգային ապրանքային շուկաներում շարունակվել է գների նվազումը: ԿԲ խորհուրդը գնահատում է, որ այս միտումները կպահպանվեն նաեւ առաջիկա ամիսներին, ինչը ներքին գների վրա կշարունակի ունենալ գնանկումային ազդեցություն»,- ասված է հաղորդագրությունում:

ԿԲ-ում ընդգծել են, որ 2015թ. տնտեսական աճը գնահատվել է 3.2%-ի շրջանակներում, որին հիմնականում նպաստել է գյուղատնտեսության եւ հանքարդյունաբերության ճյուղերում գրանցված աճը:

«Չնայած տարվա ընթացքում Կենտրոնական բանկը եւ յառավարությունն իրականացրել են խթանող քաղաքականություններ, այնուամենայնիվ, ներքին պահանջարկը շարունակում է մնալ թույլ: ԿԲ խորհուրդը գնահատում է, որ կարճաժամկետ հատվածում ՀՀ տնտեսությունից եւ արտաքին հատվածից գնաճային էական ճնշումներ չեն ակնկալվում, որի ներքո կպահպանվի թույլ գնանկումային միջավայրը: Ներկա տնտեսական իրավիճակում ցածր գնաճը կնպաստի եկամուտների գնողունակության պահպանմանը, ինչպես նաեւ գնաճային սպասումների աստիճանական նվազմանը»,- նշված է հաղորդագրությունում:

Այս պարագայում ԿԲ խորհուրդը նպատակահարմար է համարել շարունակել դրամավարկային պայմանների թուլացումը: Ընդ որում, դեռեւս պահպանվող համեմատաբար բարձր գնաճային սպասումների պարագայում` նվազման ուղղությամբ գնային կոշտությունների եւ դոլարայնացման ավելացման ռիսկի ներքո ԿԲ խորհուրդը կարեւորել է դրամավարկային պայմանների աստիճանական թուլացումը:

ԿԲ-ն արձանագրել է, որ առաջիկա ամիսներին դեռեւս կպահպանվի ցածր գնաճային միջավայր, այնուհետեւ, պայմանավորված 2015-ից շարունակվող դրամավարկային պայմանների զգալի թուլացմամբ, այն աստիճանաբար կընդլայնվի եւ կանխատեսվող հորիզոնում կմոտենա նպատակային ցուցանիշին:

Տնտեսական սպասվող զարգացումների, ինչպես նաեւ արտաքին եւ ներքին լրացուցիչ ռիսկերի դրսեւորման բացակայության պարագայում ԿԲ խորհուրդը հետագայում եւս կշարունակի դրամավարկային պայմանների թուլացումը:

Լոմբարդային ռեպոների եւ բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքները սահմանվել են համապատասխանաբար՝ 10% եւ 7%: 

Դիտում՝ 4134
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW