Խոշորացման գործընթաց բանկային հատվածում. զարգացումներ եւ սպասելիքներ

01.12.2015 | 10:45 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ բանկային համակարգում արդեն իսկ մեկնարկել է կապիտալի խոշորացման գործընթացը: Պատճառը ՀՀ Կենտրոնական բանկի կողմից բանկերի ընդհանուր կապիտալի նվազագույն չափի վերանայումն է, ըստ որի` մինչեւ 2017թ. այն պետք է հասցվի 30 մլրդ դրամի՝ գործող 5 մլրդ դրամի փոխարեն:

Այժմ հայկական բանկերը ստիպված են սեղմ ժամկետներում իրականացնել կապիտալի համալրում` կորպորատիվ պարտատոմսերի եւ բաժնետոմսերի թողարկման, բաժնետերերից լրացուցիչ միջոցների ներգրավման, այլ ֆինանսական կազմակերպություններից փոխառությունների ստացման, ինչպես նաեւ միաձուլումների եւ կլանումների միջոցով:

Ֆինանսական շուկայում արդեն իսկ նկատելի են որոշակի տեղաշարժեր:

Կապիտալի համալրման նպատակով որոշ բանկեր հայտարարել են IPO-ի (Initial public offering, բաժնետոմսերի առաջնային հանրային տեղաբաշխում) միջոցով բաժնետոմսերի թողարկում իրականացնելու իրենց մտադրության մասին:     

Այսպես, Յունիբանկը սկսել է IPO-ի գործընթաց եւ ներկայում ակտիվորեն գովազդում է իր բաժնետոմսերը: Բանկի ընդհանուր կապիտալը կազմում է շուրջ 20.8 մլրդ դրամ:

Արարատբանկը, իր հերթին, նախատեսում է մինչեւ այս տարվա վերջ իրականացնել IPO Լոնդոնի այլընտրանքային հարթակում: Ընդ որում, բանկի կորպորատիվ պարտատոմսերն ու բաժնետոմսերն այս պահի դրությամբ շրջանառվում են «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» ֆոնդային բորսայի ազատ հարթակում: Բանկի ընդհանուր կապիտալը, 2015թ. երրորդ եռամսյակի տվյալներով, կազմում է շուրջ 22.3 մլրդ դրամ:

2016թ. IPO-ի շուկա մուտք գործելու իր ծրագրերի մասին հայտարարել է նաեւ Ամերիաբանկը: Բանկի ընդհանուր կապիտալը կազմում է շուրջ 46.9 մլրդ դրամ, որը լիովին բավարարում է ԿԲ-ի նոր պահանջներին:

5 մլրդ դրամի չափով բաժնետոմսերի հրապարակային տեղաբաշխում է պատրաստվում իրականացնել նաեւ Հայէկոնոմբանկը: Բանկի ընդհանուր կապիտալը, երրորդ եռամսյակի տվյալներով, կազմում է 10.9 մլրդ դրամ:

Ուշագրավ է, որ վերջին շրջանում բանկային հատվածում սկսել են ընթանալ նաեւ միաձուլման եւ կլանման գործընթացներ: Այսպես, Հայէկոնոմբանկը բանակցություններ է վարում ԲՏԱ Բանկի հետ միաձուլման ուղղությամբ. այժմ ԲՏԱ Բանկում իրականացվում է աուդիտ: Այս գործարքը թույլ կտա Հայէկոնոմբանկին մոտեցնել իր կապիտալի չափը ԿԲ-ի նորմատիվային չափին: ԲՏԱ Բանկի ընդհանուր կապիտալը, այս տարվա սեպտեմբերի վերջի դրությամբ, կազմել է շուրջ 5.5 մլրդ դրամ:

Վերջերս մամուլում լուրեր էին շրջանառվում նաեւ Ինեկոբանկի կողմից ՊրոԿրեդիտ Բանկի ձեռքբերման վերաբերյալ, ինչը, սակայն, երկու բանկերն էլ չեն հաստատում: Այնուամենայնիվ, Ինեկոբանկի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Անատոլի Տիրոսյանի բնորոշմամբ՝ բանկը միշտ պատրաստ է դիտարկել ֆինանսական շուկայում առկա հնարավորությունները: Ինեկոբանկի ընդհանուր կապիտալը, 2015թ. երրորդ եռամսյակի տվյալներով, կազմում է շուրջ 29.1 մլրդ դրամ, իսկ ՊրոԿրեդիտ Բանկինը՝ 9.2 մլրդ դրամ:

Այսպիսով, չնայած բանկային համակարգում ընթացող ֆինանսական միջոցների ակտիվ որոնումներին, մի շարք բանկեր դեռեւս կանգնած են ոչ բավարար կապիտալի հիմնախնդրի առաջ: Առավել ապահով դիրքում են գտնվում հետեւյալ բանկերը՝ Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկը, Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանը, Արդշինբանկը, Ամերիաբանկը, Առէկսիմբանկը, ՎՏԲ-Հայաստան Բանկը, Հայբիզնեսբանկը եւ Ինեկոբանկը:

Միեւնույն ժամանակ, 10 հայկական բանկերի սեփական կապիտալը 10-25 մլրդ դրամի սահմաններում է, իսկ 3 բանկերի մոտ կապիտալի չափը չի անցնում 10 մլրդ դրամը:

Ներկայում Հայաստանում գործում է 21 առեւտրային բանկ: Որոշ փորձագետների գնահատականներով՝ այդ թիվը մինչեւ 2017թ. կարող է հասնել 15-ի:

Աղյուսակում բանկերը դասավորված են ըստ ակտիվների մեծության (2015թ. 3-րդ եռամսյակի դրությամբ)՝ ամենամեծից մինչեւ ամենափոքրը: Տեղեկատվությունը վերցված է բանկերի կողմից հրապարակվող միջանկյալ ֆինանսական հաշվետվություններից:

ՀՀ բանկերի ընդհանուր կապիտալը (հազ. դրամ)



Banks.am-ի վերլուծական բաժին

Դիտում՝ 9344
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai