Հայաստանում խնայողությունների աճ է նկատվում

30.10.2015 | 13:31 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Տասը տարվա ընթացքում ՀՀ-ում ֆիզիկական անձանց ավանդների ընդհանուր գումարն ավելացել է 10 անգամ, իսկ երաշխավորված ավանդներինը՝ 6 անգամ:

Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ բանկերի միության փոխնախագահ Սեյրան Սարգսյանը՝ նշելով, որ եթե 2010թ. ֆիզիկական անձանց խնայողությունների ծավալը ՀՆԱ-ի նկատմամբ կազմում էր 12%, ապա  2014թ. այս ցուցանիշը կազմել է 22%: Իրավաբանական անձանց դեպքում նույն ժամանակահատվածում աճը 19%-ից հասել է 35%-ի:

Սեյրան Սարգսյանը նկատել է, որ ցածր եկամուտ ունեցողների համար ավելի կարեւոր է խնայողության գործիքներին ծանոթ լինելը, ինչը «լրացուցիչ ապահովության բարձիկներ է ստեղծում նրանց համար»:

«Խնայելու համար նախ պետք է նպատակ ունենալ, այնպես անել, որ խնայողությունն իր հերթին եկամտաբեր լինի, ամսվա գնումների ցուցակ կազմել, խնայելուց բացի՝ կրճատել ծախսերը»,- ասել է Բանկերի միության փոխնախագահը:

Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի տնօրեն Հերմինե Հարությունյանը նշել է, որ օրերս Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունել է «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» օրենքում փոփոխությունները, որոնցով բարձրացվելու է ավանդների երաշխավորման շեմը, որը դրամային ավանդի դեպքում 4 մլն-ից կսահմանվի մինչեւ 10 մլն, իսկ արտարժույթով ավանդի դեպքում՝ 2 մլն-ից՝ 5 մլն:

Անդրադառնալով ավանդների ընդհանուր ծավալին՝ Հերմինե Հարությունյանը նշել է, որ ներկայում ՀՀ բանկերում ֆիզիկական անձանց ավանդների ընդհանուր ծավալը 1 տրլն 86 մլրդ 101 մլն է, ֆիզիկական անձանց ժամկետային ավանդների ծավալը՝ նշված թվից 10-15%-ով պակաս:

«Ուրախ ենք տեսնել, որ Հայաստանում խնայողությունների ծավալն ավելանում է, ինչը խրախուսվում է եւ Կենտրոնական բանկի, եւ մի շարք պատկան կառույցների կողմից: Ավանդների աճի եւ դրանց հատուցման երաշխավորման հետ կապված քաղաքականությունը մեր կողմից դրական է գնահատվում, ինչը բերելու է դրական արդյունքի եւ տնտեսության զարգացման»,- ասել է Խնայբանկերի ասոցիացիայի հայաստանյան ներկայացուցիչ Ֆայտ Գեյզենհաուսը:

Ի դեպ, հոկտեմբերի 31-ին նշվում է Խնայողությունների միջազգային օրը, ինչի առթիվ հոկտեմբերի 29-31-ը Հայաստանում անցկացվում է տոնին նվիրված միջոցառում: Միջոցառումը կամփոփվի վաղը՝ ժամը 15:30-ին, Հյուսիսային պողոտայում կայանալիք խաղարկությամբ:

Դիտում՝ 4119
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW