Western Union. Մենք ստիպված էինք ընտրել՝ Հայաստանը կամ Ադրբեջանը

29.09.2015 | 09:33 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Դրամական փոխանցումների Western Union համակարգի նախագահ Հիքմեթ Էրսեկը մեկնաբանել է Հայաստանում աշխատանքների դադարեցման հարցը:

«Խնդիրը քաղաքական հարցերն ու Լեռնային Ղարաբաղն են: Երկու պետությունների Կենտրոնական բանկերը մեզ ընտրության առաջ էին կանգնեցրել. մենք կարող էինք բիզնես ծավալել միայն երկու պետություններից մեկում: Ես կցանկանայի, որ կարողանայինք նաեւ Հայաստանում աշխատել, սակայն մենք ստիպված ենք հարմարվել պայմաններին: Եթե Հայաստանը վաղը համաձայնություն տա, ես հաճույքով կսկսեմ աշխատել այնտեղ»,- ասել է Հիքմեթ Էրսեկը ռուսական «Վեդոմոստի» թերթին տված հարցազրույցում:

Banks.am-ը հիշեցնում է, որ ՀՀ Կենտրոնական բանկը 2008թ. օգոստոսի 25-ին արգելել էր Հայաստանի տարածքում գործող բանկերի մասնակցությունը Western Union արտասահմանյան վճարահաշվարկային համակարգին:

ԿԲ-ից տեղեկացրել էին, որ որոշումը կայացվել է բանկերի ռիսկայնությունը զսպելու նպատակով, քանի որ «արձանագրվել են Western Union արտասահմանյան վճարահաշվարկային համակարգի կողմից անհիմն եւ չպատճառաբանված կերպով Հայաստանի տարածքում գործող բանկերի հետ կնքված պայմանագրերի դրույթների խախտման դեպքեր, այն է` որոշ բանկերի մասնաճյուղերում դադարեցվել է սպասարկումը, ինչը կարող է խաթարել բանկերի բնականոն գործունեությունը, նրանց ֆինանսական վիճակը եւ հանգեցնել անկանխատեսելի իրավիճակների դրամական փոխանցումների հատվածում, ինչպես նաեւ ազդել երկրի տնտեսական, ֆինանսական եւ իրական հատվածների վրա»:

Մինչ ՀՀ ԿԲ-ի որոշումը Ադրբեջանը Western Union-ից, MoneyGram-ից եւ մի շարք այլ վճարահաշվարկային համակարգերից պահանջել էր դադարեցնել իրենց գործունեությունը ԼՂՀ տարածքում` սպառնալով արգելել համակարգերի գործունեությունն Ադրբեջանում: Արդյունքում դրամական փոխանցումների մի քանի համակարգեր դադարեցրել էին իրենց գործունեությունը ԼՂՀ տարածքում:


Դիտում՝ 27616
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai