«Էքսպո-2015»-ին Հայաստանի չմասնակցելու պատճառները

10.07.2015 | 14:19 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Հայաստանի Հանրապետությունը չի մասնակցում Միլանում ընթացող «Էքսպո-2015» համաշխարհային ցուցահանդեսին:

Չմասնակցելու պատճառը Մեդիամաքսը պարզել է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից:

Նախարարության լրատվական ծառայության փոխանցմամբ, Հայաստանը չի մասնակցում «Էքսպո-2015»-ին կառավարության որոշմամբ:  

Այստեղ նշել են, որ դեռեւս մարտին կառավարությունը որոշել էր, որ Միլան քաղաքում կայանալիք «Կերակրել մոլորակը, էներգիա կյանքի համար» խորագրով «Միլան Էքսպո-2015» համաշխարհային ցուցահանդեսին Հայաստանի պաշտոնական մասնակցությունը 2015 թվականին նպատակահարմար չէ` կապված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի եւ դրա շրջանակներում նախատեսված մի շարք միջոցառումների կազմակերպմամբ, որոնց շրջանակներում ակնկալվում է արտասահմանյան հյուրերի մեծ հոսք:

«Բացի այդ, Միլան քաղաքում կայանալիք «Կերակրել մոլորակը, էներգիա կյանքի համար» խորագրով «Միլան Էքսպո-2015» համաշխարհային ցուցահանդեսին Հայաստանի մասնակցությունն ապահովելու համար պահանջվում է 1237.1 մլն դրամ, որից ցուցահանդեսի հրատապ կազմակերպչական աշխատանքները կազմակերպելու համար 2015 թվականի առաջին եռամսյակում հարկավոր կլինի ՀՀ 2015 թվականի պետական բյուջեով նախատեսված ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից հատկացնել 597.4 մլն դրամ: Միաժամանակ, տաղավարի վարձակալման գումարը իտալական կողմից սկզբնականի համեմատ զգալիորեն (մոտ երկու անգամ) ավելացել է ժամանակի ընթացքում: Հաշվի առնելով այդ հանգամանքը, ինչպես նաեւ վերոնշյալները` մասնակցությունը ցուցահանդեսին դառնում է ոչ արդյունավետ, իսկ Հայաստանի Հանրապետության մասնակցության պայմանագրի ստորագրումը եւ դրանից բխող պարտավորությունների կատարումը սեղմ ժամկետներում` անիրատեսական», - նշված է կառավարության որոշման մեջ:

«Միլան Էքսպո-2015»-ում հուլիսի 9-ին կազմակերպվել էր Ադրբեջանի «Ազգային օրը», որին ներկա էին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը՝ տիկնոջ հետ: Ընդ որում, ադրբեջանական «Ազերտաջ» պետական լրատվական գործակալությունը Հայաստանի՝ էքսպոյին չմասնակցելը պատճառաբանել է «Ադրբեջանի տաղավարի հաջողությամբ»:

Նշենք, որ Վրաստանը եւս չի մասնակցում «Միլան Էքսպո-2015»-ին:

Դիտում՝ 3230
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW