Գեոթիմի աջակցությամբ Ջերմուկում անցկացվում է շախմատի մրցաշար

16.06.2015 | 12:10 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Ջերմուկում նախօրեին մեկնարկել է Կարեն Ասրյանի հիշատակին նվիրված շախմատի մրցաշարը, որի անցկացմանն աջակցում է Գեոթիմը:

Վերջինս 2011-ից համագործակցում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի հետ՝ աջակցելով այս մրցաշարի անցկացմանը:

Տասնօրյա միջազգային մրցաշարին մասնակցում է 95 շախմատիստ Հայաստանից, Վրաստանից, Ուզբեկստանից, Իրանից, Ռուսաստանից, Ուկրաինայից եւ այլ երկրներից: Այս հեղինակավոր մրցաշարին մասնակցում են նաեւ գրոսմայստերներ: Վերջին տարիներին հետաքրքրությունը մրցաշարի հանդեպ աճել է, եւ մասնակիցների թիվը գնալով ավելանում է: Ընդհանուր մրցանակային ֆոնդը 13 մլն դրամ է, որից 3 մլն-ը տրամադրել է Գեոթիմը:

«Ուրախ ենք, որ Հայաստանում այս ինտելեկտուալ սպորտաձեւի տարածմանը մասնակցելու հնարավորություն ունենք,- ասել է Գեոթիմ ՓԲԸ-ի Սոցիալական ծրագրերի ղեկավար Նառա Ղազարյանը: -Սպորտը եւ կրթությունը Ամուլսարի հարակից համայնքների համար Գեոթիմի սոցիալական ծրագրերի կարեւոր բաղկացուցիչ են: Մենք աջակցում ենք ե՛ւ Կարեն Ասրյանի անվան այս մրցաշարին, եւ՛ հունիսի 25-ից հուլիսի 5-ը կայանալիք Երիտասարդական մրցաշարին եւ հույս ունենք, որ Հայաստանը շախմատի ապագա նոր չեմպիոններ կունենա, որոնցից ոմանք գուցե հենց այստեղ՝ Ջերմուկում են փորձ ձեռք բերում»:  

Գեոթիմում նշել են, որ ընկերությունը 2012-ից աջակցում է տարբեր կրթական ծրագրերի՝ ենթակառուցվածքների բարելավման, արվեստի, մշակութային եւ սպորտային տարբեր ծրագրերի միջոցով: Այս ընթացքում վերանորոգվել է Ջերմուկի արվեստի դպրոցը, մանկապարտեզը,Ամուլսարի հարակից 4 համայնքներում իրականացվել են ամառային ճամբարների, սպորտի եւ զարգացման ծրագրեր: Գնդեվազում, Սարավանում եւ Ջերմուկում հիմնվել են պարի խմբեր եւ երգչախումբ: Վերջին մի քանի տարում Ամուլսարի հարակից համայնքներից ընդհանուր առմամաբ 200 երեխա է օգտվել այս ծրագրերից:

Այս ամառ 30 երեխա Գորայքից ամառային հանգիստը կանցկացնի Գուգարք ամառային ճամբարում: Ամուլսարի հարակից համայնքներից 8 պատանի կմասնակցի Wikimedia ճամբարին Աղվերանում, որտեղ կսովորեն Wikipedia-ի համար հոդված գրել եւ այլ կրթական միջոցառումների կմասնակցեն:

«Կորպորատիվ սոցիալական պատասխանատվությունը Գեոթիմի համար առաջին հերթին հիմական գործառույթների պատշաճ իրականացումն է՝ հանքարդյունաբերական լավագույն փորձին համապատասխան: Դա ենթադրում է բնապահպանական եւ սոցիալական տեսանկյունից պատասխանատու եւ լավ կառավարվող գործունեություն: Ընկերությունը կարեւորում է համայնքներում հնարավորինս ընդգրկուն դրական ազդեցության ապահովումը եւ համարում, որ կրթությունը համայնքի հաջողության կարեւորագույն գրավականներից է»,- ասված է Գեոթիմի հաղորդագրությունում:

Դիտում՝ 8876
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai