Վարկային ռիսկը շարունակում է առաջնային մնալ բանկային ռիսկերի շարքում

26.05.2015 | 14:48 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

2014թ. ՀՀ բանկային համակարգի ռիսկերից էական տեղ է զբաղեցրել վարկային ռիսկը, որը շարունակում է գտնվել կառավարելի շրջանակում:

Այս մասին այսօր ասել է ՀՀ Կենտրոնական բանկի (ԿԲ) ֆինանսական համակարգի կայունության եւ զարգացման վարչության պետ Անդրանիկ Գրիգորյանը:

«Կապիտալի համարժեքության ցուցանիշում հաշվարկվող ռիսկով կշռված ակտիվների կառուցվածքում վարկային ռիսկը կազմում է 89.9%, տոկոսադրույքի ռիսկը՝ 2.4%, գործառնական ռիսկը՝ 4.7%, արտարժութային ռիսկը՝ 0.1%, իսկ կապիտալի գործիքների ռիսկը՝ 2.9%»,- ասել է նա՝ շուկայական ռիսկի հնարավոր ազդեցությունը ֆինանսական կայունության վրա գնահատելով «թույլ»:

ԿԲ ներկայացուցիչն անդրադարձել է բանկային համակարգի ընդհանուր եւ ընթացիկ իրացվելիության նորմատիվներին՝ նշելով, որ դրանք պահպանվում են նվազագույնից հավասարաչափ բարձր մակարդակում: Անդրադառնալով կապիտալի համարժեքությանը՝ նա նշել է, որ առեւտրային բանկերն ապահովում են բավարար ընդհանուր կապիտալի համարժեքություն, սակայն նկատել, որ որոշակի նվազում է դիտվել բանկային համակարգի շահութաբերության ցուցանիշում:

«Վարկային պորտֆելի վերադարձելիության եւ տոկոսադրույքների սփրեդի նվազմամբ պայմանավորված` նվազել է նաեւ բանկային համակարգի կապիտալի շահութաբերությունը (RoE)»,- ասել է նա:

Խոսելով մակրոմիջավայրից բխող ռիսկերի մասին՝ Անդրանիկ Գրիգորյանը նկատել է, որ այս շարքում շարունակում է արդիական մնալ Հայաստանի հիմնական գործընկեր երկրների տնտեսական ակտիվության դանդաղումը, ինչը հանգեցրել է ՀՀ տնտեսական աճի նվազման:

«ԿԲ-ի կողմից իրականացված սթրես թեստերը, սակայն, փաստում են, որ Հայաստանի բանկային համակարգը շարունակում է մնալ բավական իրացվելի եւ կապիտալացված՝ տարբեր շոկային իրավիճակներում ռիսկերի ազդեցությունները կլանելու ունակ»,- ասել է նա:

ԿԲ ներկայացուցիչը նշել է, որ բանկերը շարունակում են հանդես գալ որպես ֆինանսական համակարգի խոշոր մասնակից, իսկ բանկային համակարգը շարունակում է ապահովել կայուն աճի միտումները: Մասնավորապես՝ ակտիվների աճը կազմում է 15.9%, կապիտալինը՝ 2.9%, վարկերինը՝ 21.3%, իսկ ավանդներինը՝ 5.5%:

Ինչ վերաբերում է վարկերի դոլարիզացիային, ապա Անդրանիկ Գրիգորյանը դա պայմանավորել է ավանդների դոլարիզացիայի մակարդակով: 2014թ. արտարժութային վարկերի տեսակարար կշիռը կազմել է 67.5%, իսկ արտարժութային ավանդներինը՝ 72.6%:

Դիտում՝ 4244
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai