ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ-ն աջակցում է Փարիզում Հայոց ցեղասպանությանը նվիրված ցուցադրությանը

30.03.2015 | 18:30 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ-ի աջակցությամբ ս.թ. ապրիլի 29-ին Փարիզի քաղաքապետարանում բացվելու է «Հայաստան.1915. Փարիզ քաղաքը հյուրընկալում է Երեւանի Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հավաքածուն» խորագրով ժամանակավոր ցուցահանդես, որը գործելու է մինչեւ հուլիսի 4-ը:

Ինչպես տեղեկացնում է բանկի մամուլի ծառայությունը, այսօր լրագրողների հետ կայացած հանդիպմանը Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը շնորհակալություն է հայտնել ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ-ին ՝ ցուցադրությանն աջակցելու եւ դրան առնչվող 4 գրքերի թարգմանության եւ տպագրական աշխատանքները ֆինանսավորելու համար:

Նա տեղեկացրել է նաեւ, որ Փարիզի ցուցադրությանն առաջին անգամ ներկայացվելու է նաեւ Ցեղասպանությունը վերապրած Ավրորա Մարդիգանյանի հավաքածուն: Հավաքածուում ընդգրկված են 1918թ. Կալիֆոռնիայում Ավրորա Մարդիգանյանի դերակատարմամբ նկարահանված «Հոգիների աճուրդ» համար ֆիլմի պաստառները, լուսանկարները, անձնական իրերը, նրան նվիրված թողարկումները եւ բացառիկ այլ նմուշներ:

Անդրադառնալով աշխարհի տարբեր երկրներում Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ցուցահանդեսներին՝ Հայկ Դեմոյանն ասել է, որ առաջիկայում, բացի Փարիզից, մեծածավալ ցուցադրություն է բացվելու նաեւ Մեխիկոյում եւ Կալիֆոռնիայում:

Այս ամենին կնախորդի Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նորացված ցուցադրության բացումը, որը տեղի կունենա ապրիլի 24-ին:

«2500 քմ տարածքով ցուցասրահն արդեն լիովին պատրաստ է, իսկ ցուցադրության համար պատրաստվել է մի քանի հազար փաստաթուղթ, որոնք հավաքվել են 7 տարվա ընթացքում։ Նրանց մի մասը կցուցադրվի օրիգինալ տարբերակով, իսկ մյուսը՝ էլեկտրոնային»,- ասել է Հայկ Դեմոյանը։

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ-ի մարքեթինգի վարչության պետ Հարություն Պողոսյանն իր հերթին ասել է, որ դեռ նախորդ տարվա վերջին, տեղեկանալով ցուցադրության մասին, բանկը որոշել է իր  ներդրումն ունենալ միջոցառումների եւ տարբեր տեսակի քարոզչական նախագծերի իրականացմանը:

«Օգտվելով այն հանգամանքից, որ ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ-ի խոշորագույն բաժնետեր է հանդիսանում ֆրանսիական «Կրեդիտ Ագրիկոլ» բանկային խումբը՝ մենք նաեւ փորձելու ենք այդ հսկայածավալ կառույցի աշխատակիցների շրջանում տարածել ցուցադրության շրջանակում տեղ գտած ինֆորմացիան եւ ոչ միայն»,- ընդգծել է Հարություն Պողոսյանը:

Դիտում՝ 2829
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai