ՀԲ-ն $110 հազ. կհատկացնի «Նաիրիտում» փորձաքննության համար

19.02.2015 | 12:26 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Համաշխարհային բանկը (ՀԲ) $110 հազ-ի դրամաշնորհային միջոցներ կհատկացնի «Նաիրիտ» քիմիական գործարանի շահագործման տեխնիկական ու ֆինանսական կենսունակությունը պարզող փորձաքննություն անցկացնելու նպատակով:
 
ՀԲ երեւանյան գրասենյակում նշել են, որ ցանկանում են փորձաքննության այնպիսի որակ, որպիսին ակնկալվում է միջազգային ճանաչում ունեցող փորձագետներից:

«Մենք հուսով էինք, որ աշխատանքները կմեկնարկեն փետրվարի սկզբին, սակայն լրացուցիչ ժամանակ պահանջվեց, որպեսզի կարողանանք ներգրավել հնարավորինս լավագույն փորձագետների»,- ասել է ՀԲ Երեւանի գրասենյակի տնօրեն Լորա Բեյլին:  

Առաջին փուլի ընթացքում, որը կմեկնարկի փետրվարի 25-ին եւ կտեւի երկուսուկես ամիս, խորհրդատվական ընկերությունը քննության կառնի հետեւյալ 4 տարրերը՝

- գլոբալ շուկայի ուսումասիրում այն ապրանքների մասով, որոնք գործարանը կարող է արտադրել,
- արտադրության տեխնիկատնտեսական հիմնավորվածության գնահատում՝ հիմնվելով առկա գործարանի վրա,
- արտադրության ֆինանսական կենսունակության գնահատում՝ հաշվի առնելով ծախսերի ընթացիկ կառուցվածքը,
- ուժեղ ու թույլ կողմերի, հնարավորությունների ու ռիսկերի վերլուծություն:

Երկրորդ փուլում կիրականացվի «Նաիրիտի» գործունեությանն առնչվող շրջակա միջավայրի ուսումնասիրություն:

Նախատեսվող տեխնիկական ու ֆինանսական վերլուծությունները, ինչպես նաեւ շրջակա միջավայրի հետ կապված հիմնական գնահատումը կտրամադրվեն ՀՀ կառավարությանը, որպեսզի վերջինս որոշում կայացնի գործարանի ապագայի վերաբերյալ:
 
«Նաիրիտի» հետ կապված այս վերլուծությունների կատարման ընթացքում ՀԲ-ն մոնիտորինգ ու որակի վերահսկում կիրականացնի, իսկ վերլուծական աշխատանքները կկատարվեն ՀՀ էներգետիկայի ու բնական պաշարների նախարարի ղեկավարության ներքո՝ ՀՀ կառավարության ու ՀԲ համագործակցության շրջանակում:
 

Դիտում՝ 6401
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai