ԵՏՄ-ն կնպաստի հայ-իրանական տնտեսական կապերի զարգացմանը

27.01.2015 | 14:24 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան: Մեդիամաքս: Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆն այսօր հայտարարել է, որ Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը (ԵՏՄ) լավ հեռանկարներ է ստեղծում Հայաստանի եւ Իրանի միջեւ առեւտրատնտեսական համագործակցության զարգացման համար:

Այս մասին Իրանի ԱԳ նախարարն ասել է Երեւանում՝ իր հայաստանցի գործընկեր Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ ասուլիսում՝ պատասխանելով Մեդիամաքս-ի թղթակցի հարցին:

Մոհամադ Ջավադ Զարիֆը հիշեցրել է, որ Հայաստանը, Իրանը եւ Ռուսաստանն արդեն համագործակցում են հեռահաղորդակցության ոլորտում, եւ կան բոլոր նախապայմաններ համագործակցություն զարգացնելու նաեւ այլ ոլորտներում:
 
«Այս իմաստով Հայաստանի անդամակցությունը ԵՏՄ-ին ստեղծում է լավ հնարավորություններ»,- ասել է իրանցի նախարարը:

Էդվարդ Նալբանդյանը նկատել է, որ հայկական կողմն ուսումնասիրում է բոլոր հնարավորությունները, որ ԵՏՄ-ին անդամակցությունը դրական անդրադառնա նաեւ հարեւան երկրների հետ տնտեսական համագործակցության վրա:

Մոհամադ Ջավադ Զարիֆը վերահաստատել է, որ պաշտոնական Երեւանը եւ Թեհրանը «լուրջ քաղաքական կամք ունեն»՝ իրականացնելու տնտեսության, էներգետիկայի, հաղորդակցության ոլորտում համատեղ ծրագրերը, մասնավորապես՝ Իրան-Հայաստան երկաթուղու եւ Մեղրիի ՀԷԿ-ի կառուցումը:

«Այդ ծրագրերն իրականացնելու համար քաղաքական կամք գոյություն ունի: Կային որոշակի ֆինանսական խնդիրներ, որոնց մեծ մասն արդեն լուծվել է»,- ասել է Իրանի ԱԳ նախարարը:

Դիտում՝ 5196
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai