Սամվել Ճզմաչյանը մեկնաբանել է ԿԲ որոշումը

21.01.2015 | 12:40 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Հայաստանի բանկերի միության (ՀԲՄ) նախագահ Սամվել Ճզմաչյանը կարծում է, որ 2017թ. հունվարի 1-ից բանկերի ընդհանուր կապիտալի նվազագույն չափը բարձրացնելու ՀՀ Կենտրոնական բանկի (ԿԲ) պահանջը «միանշանակ արդարացված է»:

Այս մասին ասված է Banks.am-ի հարցմանն ի պատասխան ՀԲՄ-ի տարածած հաղորդագրության մեջ:

«Ուրիշ բան, որ կարելի է վիճարկել տրված ժամկետները (2 տարի) եւ ավելացման չափերը (6 անգամ): Օրինակի համար. վերջին անգամ ԿԲ-ն բարձրացրել էր ընդհանուր կապիտալի պահանջը մոտավորապես 2 անգամ՝ 2,4 մլրդ դրամից մինչեւ 5 մլրդ:

Տրամադրությունները բանկային միջավայրում տարբեր են, սակայն կարող եմ պաշտոնապես հայտարարել, որ բոլոր բանկերի սեփականատերերն ի վիճակի են կատարել ԿԲ-ի պահանջը նշված ժամկետում: ԿԲ-ի այս պահանջը կատարելիս, բանկերի համար հնարավոր են հետեւյալ սցենարները.

-Առաջին. բանկերի մեծ մասը, որոնք ունեն ընդհանուր կապիտալի ավելացման անհրաժեշտություն, կանեն դա:

-Երկրորդ. կարող են գտնվել բանկեր, որոնք կգնան իրար հետ միաձուլվելու ճանապարհով, չնայած, որ այս ուղին հակասում է հայկական մենթալիտետին:

-Երրորդ. մեկ բանկը կգնի մյուսին: Այս երեք տարբերակներում էլ ես որեւէ ռիսկ չեմ տեսնում, քանի որ այսօր էլ բոլոր հայկական բանկերը (թե՛ մեծ, թե՛ փոքր կապիտալով) ունեն բավականին մեծ լիկվիդայնություն:

-Կա նաեւ 4-րդ տարբերակը. երբ բանկն ընտրում է շուկայից դուրս գալու հարթ եւ աստիճանական եղանակը, որը նախատեսում է ակտիվների վերադարձ եւ պարտավորությունների ամբողջական կատարում որոշ ժամանակահատվածի ընթացքում: Սակայն այս եղանակը, չեմ կարծում, որ կկիրառվի որեւէ բանկի կողմից: Ի դեպ այս եղանակն էլ իր մեջ առանձնապես մեծ ռիսկեր չի կրում:

Ուզում եմ հատուկ շեշտել, որ ամեն դեպքում ավանդատուները կարող են հանգիստ լինել: Բոլոր տարբերակների դեպքում էլ որեւէ ավելորդ ռիսկ չի առաջանում:

Գլխավոր խնդիրը նրանում է, որ բանկերն այսօր էլ լիկվիդային են, այսինքն՝ ունեն ազատ, չտեղաբաշխված ֆինանսական միջոցներ, որոնց տեղաբաշխման հետ ռեալ տնտեսությունում կան որոշակի խնդիրներ: Իսկ հիմա պատկերացրեք, որ մոտակա երկու տարիների ընթացքում դեպի բանկային համակարգ կհոսեն լրացուցիչ զգալի ռեսուրսներ: Ու եթե տնտեսությունը պատրաստ չլինի դրանք կլանելու, այդ գումարներն ուղղակի սառեցվելու են, այսինքն՝ լավագույն դեպքում ոչ մի օգուտ չեն բերի, իսկ վատագույն՝ կարող են թանկացնել վարկերը եւ այլ բանկային պրոդուկտները: Այդ իսկ պատճառով անհրաժեշտ են ՀՀ կառավարության կողմից լուրջ քայլեր, ուղղված Հայաստանի տնտեսության ռազմավարական, ինչպես նաեւ հավասարապես եւ մյուս ճյուղերի զարգացմանը»,- ասված է Սամվել Ճզմաչյանի հայտարարությունում: 

Դիտում՝ 8487
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai