Բիզնես հրեշտակներ. կախարդական փայտիկի բիզնես կանոնները

21.07.2014 | 10:30 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /

Google, Apple, Amazon… եթե չլիներ բիզնես հրեշտակների աջակցությունը, դժվար թե երբեւէ առիթ ունենայինք լսելու այս եւ տեխնոլոգիական այլ աշխարհահռչակ բրենդների մասին:  

Բիզնես հրեշտակներն (Business Angels) անկախ ներդրողներ են, ովքեր կարող են իրենց թույլ տալ ֆինանսավորել սկսնակ ընկերությանը նույնիսկ այն ժամանակ, երբ վերջինս գտնվում է գաղափարի փուլում:

Banks.am-ը փորձել է պարզել, թե ովքեր են բիզնես միջավայրի այդ հրաշագործները եւ ինչն է նրանց խանգարում գործունեություն ծավալել նաեւ Հայաստանում:

Բիզնես օրենքներով ռիսկային խաղի հերոսները

Հիմնականում նրանք նախկին գործարարներ են, ովքեր տարիների ընթացքում կուտակել են պատկառելի գումար եւ պատրաստ են դրա որոշակի մասը ներդնել երիտասարդ ընկերություններում` հետագայում բաժնեմասի վաճառքի հաշվին շահույթ ստանալու ակնկալիքով:

Բիզնես հրեշտակները, որպես կանոն, ներդնում են իրենց սեփական միջոցները, ի տարբերություն վենչուրային կապիտալիստների, ովքեր վենչուրային ֆոնդերում միավորված երրորդ անձանց գումարներն են տնօրինում:

Աշխարհում բիզնես հրեշտակների թիվը հասնում է միլիոնների, որոնցից միայն 1 մլն-ն ԱՄՆ-ում է գործունեություն ծավալում:

Եվրոպայում բիզնես հրեշտակների ներդրումները համարվում են ստարտափների ֆինանսավորման գլխավոր աղբյուրը: European Business Angels Network-ի (EBAN) զեկույցի համաձայն, նախորդ տարի զարգացման տարբեր մակարդակներ ունեցող ստարտափ նախագծերում բիզնես հրեշտակները ներդրել են €5.5 մլրդ, ինչը 8.7 %-ով ավելին է, քան 2012-ին:  

«Հրեշտակային» ներդրումների ծավալով Եվրոպայում առաջին հորիզոնականում Մեծ Բրիտանիան է (€84.4 մլն), հետո` Իսպանիան (€57.6 մլն), ապա` Ռուսաստանը (€41.8 մլն):

Արտասահմանում բիզնես հրեշտակների փոքր, բայց աճող խմբերը ստեղծում են ցանցեր, որպեսզի միասին մասնակցեն ներդրման օբյեկտների որոնման եւ կապիտալի միավորման գործընթացին:

Որոշ մասնագետներ բիզնես հրեշտակին անվանում են միջնապատ այն երկու ժամանակահատվածների միջեւ, երբ ընկերությունը նոր է սկսում իր գործունեությունը եւ երբ վենչուրային ֆոնդերից կամ բանկերից ստանում է առաջին լուրջ ներդրումները:

Բիզնես հրեշտակների համար Հայաստանը գրավիչ չէ, քանի որ…

Ծրագրավորող Մինաս Քեշիշյանն արտասահմանցի բիզնես հրեշտակների հետ շփման փորձ ունի… Ճիշտ է` այդ փորձը ձախողված կարելի է համարել, բայց Քեշիշյանը դրանից դասեր քաղել է:  Նա նշում է, որ քանի դեռ Հայաստանում տեղացի բիզնես հրեշտակներ չկան, ստիպված պետք է փորձել աջակցություն ստանալ արտասահմանյան բիզնես հրեշտակներից եւ վենչուրային հիմնադրամներից, նշելով, որ քիչ է հավանականությունը, որ այդ փորձերը հաջողությամբ կպսակվեն:

«Մի կայք կա, որտեղ կարող ես արտասահմանցի բիզնես հրեշտակներ գտնել, կապեր հաստատել եւ առաջարկել ներդրում կատարել քո ստարտափ նախագծում: Նախագիծդ ներկայացնում ես կայքում, եւ բիզնես հրեշտակները այն տեսնելով, հետաքրքրված լինելու դեպքում, գրում են քեզ: Այդպես, մի օր նամակ ստացա նրանցից մեկից. գրել էր, որ ներկայացնեմ ծրագրի մանրամասները, ապա ասաց, որ շուտով ինձ հետ կապ կհաստատեն, բայց մինչ օրս դա տեղի չի ունեցել»,- պատմում է ծրագրավորողը:

Նա նշում է, որ երբ բիզնես հրեշտակն իմանում է, որ այն ստարտափը, որի ֆինանսավորման համար դիմել ես իրենց, ոչ թե ԱՄՆ-ում կամ Եվրոպայում է գործելու, այլ Հայաստանում, ավելի է փոքրանում աջակցություն ստանալու հավանականությունը:

«Բիզնես հրեշտակը սովորաբար ցանկանում է այնպիսի նախագծում ներդրում կատարել, որն իրեն հեռավորության առումով մոտ է, որպեսզի անընդհատ կարողանա վերահսկողության տակ պահել գործընթացը»,- նշում է Մինաս Քեշիշյանը, հավելելով, որ հայկական ստարտափ ընկերությունների համար լավագույն տարբերակը կլինի տեղացի բիզնես հրեշտակների առկայությունը, բայց, ցավոք, հայ գործարարների գերակշիռ մասն անգամ չգիտի բիզնես հրեշտակ երեւույթի մասին:

«Պարադիգմա Արմենիա» ՓԲԸ հիմնադիր, Հայաստանի հաշվապահների եւ աուդիտորների ասոցիացիայի (ՀՀԱԱ) խորհրդի նախագահ Ահարոն Չիլինգարյանը չի կարծում, որ հեռավորության պատճառով են արտասահմանցի բիզնես հրեշտակները խուսափում Հայաստանում ներդրումներ կատարելուց:

«Տարածությունը գործոն է, բայց որոշիչ չէ: Ժամանակակից տեխնոլոգիաները  հեռավորության խնդիրն ինչ որ չափով լուծում են»,- նշում է նա:

Հայաստանում գործունեություն ծավալող բիզնես հրեշտակների մասին Ահարոն Չիլինգարյանը տեղեկություններ չունի. «Բիզնես հրեշտակների ինստիտուտն ավելի հաջող է աշխատում այն երկրներում, որտեղ մասնավոր հատվածի զարգացման համար կան նպաստավոր պայմաններ: Հայաստանում բիզնես հրեշտակների ինստիտուտը զարգացած չէ: Ամենահիմնական պատճառն այն է, որ մեր երկրում դեռեւս զարգացած եւ փորձարկված չեն ձեռնարկատիրական  գործունեություն սկսելու ու իրականացնելու համար առկա օրենսդրական հիմքերը»,- նշում է Ահարոն Չիլինգարյանը՝ հավելելով, որ բիզնես հրեշտակը սովորաբար ներդրում է կատարում այն ոլորտում, որից գլուխ է հանում:

Նա կարծում է, որ բիզնես հրեշտակների համար Հայաստանը գրավիչ դարձնելու նպատակով պետք է զարգացնել կոլեկտիվ ներդրումների գաղափարը. «2010 թ-ից ունենք նոր օրենսդրություն, որը ոլորտի խնդիրների լուծման համար պարարտ հող է նախապատրաստել: Ինչ վերաբերում է կոլեկտիվ ներդրումների օրենսդրական հիմքին, ապա մենք ներդրումային ֆոնդերի եւ արժեթղթերի շուկայի մասին շատ լավ օրենք ունենք: Մնում է, որ պրակտիկան զարգանա... Շատ անելիք ունենք Հայաստանում ֆիզիկական անձ ներդրողի գործունեության հարցում: Պետք է կարգավորել մի շարք հարցեր` օրինակ այն, թե արդյոք բիզնես հրեշտակը պետք է ունենա հատուկ կարգավիճակ, թե ոչ, քանի որ իրականում զբաղվում է ձեռնարկատիրական գործունեությամբ`ծրագրերի գնահատում է իրականացնում, դրանց մեջ ներդրումներ կատարում, շահույթ է ակնկալում, կիսվում է իր փորձով եւ շատ հաճախ իր կապերն օգտագործելով` նորաստեղծ ընկերությանն առաջ է տանում, օգնելով ոտքի կանգնել»,- պարզաբանում է Ահարոն Չիլինգարյանը:

Նրա խոսքով, եթե բիզնես հրեշտակը տեսնում է գործելու եւ զարգանալու համար բարենպաստ միջավայր, օրինակ, վեճերի լուծման ձեւավորված դատական համակարգ, իսկ տվյալ երկրի կառավարությունն երաշխավորում է, որ կարգավորումներն ու վերահսկողությունը հավասարապես օբյեկտիվ կլինեն, ապա հակված է լինում տվյալ երկրում ներդրումներ կատարել:

Նարինե Դանեղյան

Դիտում՝ 8249
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai