10 հարց փողի մասին Սամվել Գեւորգյանին

30.05.2014 | 09:53 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /

Մեդիամաքս-ն իր Banks.am պորտալում շարունակում է «10 հարց փողի մասին» խորագիրը, որի այսօրվա հյուրը «Բի Էս Սի» Բիզնեսի Աջակցման Կենտրոն (BSC) խորհրդատվական ընկերության հիմնադիր տնօրեն Սամվել Գեւորգյանն է:

-Ո՞րն է եղել Ձեր կյանքի ամենաթանկարժեք գնումը:

- Բնակարանս, որը ձեռք եմ բերել 2002 թ-ին:

-Նախընտրո՞ւմ եք կանխիկ գումարը, թե՞ բանկային քարտերը:

- Նախընտրում եմ բանկային քարտեր` անվտանգության եւ կանխիկ գումարը` ապահովության համար: Հաճախակի եմ ճամփորդում, եւ մի քանի անգամ եղել է, որ քարտերս ինչ-ինչ պատճառներով չեն աշխատել, ու եթե չունենայի կանխիկ գումար, ապա... Երբ բանկերին տեղեկացնում եմ, որ քարտը չի աշխատել, անմեղ դեմքով ապացուցում են, որ ամեն ինչ նորմալ է: Բայց փաստն այն է, որ ինչ-որ բան այն չէ: Այդ պատճառով նախընտրում եմ միշտ որոշակի կանխիկ գումար ունենալ:

- Նվազագույնը որքա՞ն գումար է հարկավոր Ձեր ընտանիքին` մեկ ամիս անհոգ ապրելու համար:

- Այս հարցն ինձ հիշեցրեց «Ոսկե հորթի» Օստապ Բենդերի Շուրա Բալագանովին տրված հարցը. «Շուրա, որքա՞ն գումար է քեզ անհրաժեշտ երջանիկ լինելու համար»: Միշտ դժվարացել եմ անձնական ծախսերս հաշվել եւ կառավարել` ի տարբերություն բիզնես ծախսերի: Կարեւորն այն է, որ «անհոգ» ապրում ենք:

-Երբեւէ ունեցե՞լ եք ֆինանսական դժվարություններ:

- Ֆինանսական  դժվարություններ առաջանում են այն պահն, երբ ծախսում ես ավելին, քան ունես: Վերոհիշյալ «անհոգությունն» այդ սահմանը չանցնելու հետեւանքն է:  

-Այսօր Ձեզ ապահովված մարդ համարո՞ւմ եք:

- Հաշվի առնելով, որ ապահովվածությունը հարաբերական է, կարելի է ասել, այո, համարում եմ:

- Երբեւէ օգտվե՞լ եք վարկերից:

- Տարբեր տեսակի վարկերը (սպառողական, հիփոթեքային, բիզնես) վաղուց դարձել են մեր կյանքի անբաժանելի մասը, եւ, որպես հետեւանք, ես եւս օգտվել եմ, օգտվում եմ ու, հավանաբար, միշտ կօգտվեմ բոլոր տեսակի վարկերից:

- Դուք շռա՞յլ մարդ եք, թե՞ տնտեսող:

- Ես տնտեսում եմ, որ շռայլություններ թույլ տամ: Ըստ այդմ, ինձ համար տնտեսումն ու շռայլությունը մշտապես զուգահեռ են ընթանում:

- Եթե շահեք կամ նվեր ստանաք մեկ միլիոն դոլար, ինչպե՞ս կծախսեք այն:

- Պատասխանս լրիվ անկեղծ է: Գումարի մեծ մասով կստեղծեմ հիմնադրամ՝ գյուղական համայնքներում ձեռներեցության զարգացմանն օժանդակելու նպատակով: Գաղափարս կոնկրետ մարդկանց գտնելն է, ովքեր կարող են հանդիսանալ շարժիչ ուժ բոլորի  համար: Ցավոք սրտի, ներկայումս շատ պայծառ դեմքեր են գյուղերում կորչում` դառնալով հովիվ կամ արտագնա աշխատանքի մեկնելով: Խնդիր այն է, որ նրանք հնարավորություն չունեն (խոսքս ֆինանսական հնարավորության մասին չէ, այլ շանսի) իրենց ներկայացնելու, առաջ գնալու:

Որոշակի գումար կծախսեմ անձնական «անհոգության» հարաբերական մակարդակը բարձրացնելու նպատակով՝ առանձնատուն, ավտոմեքենա եւ այլն:   

Գումարի մի մասն էլ կծախսեմ ճամփորդությունների վրա, քանի որ ցանկություն ունեմ լինելու աշխարհի «ծայրամասերում»՝ Նոր Զելանդիա, Ալյասկա, Զատկի կղզի...

- Պարտքով գումար տալի՞ս կամ վերցնո՞ւմ եք:

- Չեմ հիշում ով, բայց հաստատ խելացի մի մարդ ասել է. «Եթե ուզում ես ընկերոջդ կորցնել, ապա պարտքով փող տուր նրան»: Պարտք երբեք չեմ վերցնում, իսկ պարտք տալու դեպքում (որը անխուսափելի է, քանի որ շատ բարեկամներ, ընկերներ եւ ծանոթներ անընդհատ օնլայն ռեժիմի մեջ են այս առումով) ձգտում եմ մոռանալ: Դե, իսկ վերադարձնելու դեպքում էլ անակնկալ է լինում:  

- Ձեր գումարը վստահո՞ւմ եք բանկերին:

- Փորձում եմ վստահել, սակայն միշտ չէ, որ հաջողվում է:

Սամվել Գեւորգյանի հետ զրուցել է Խորեն Oրմանյանը:

Դիտում՝ 4420
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai