Մայքլ Բրնսայդ. «Հանքարդյունաբերությունը համատեղելի է շրջակա միջավայրի հետ»

24.03.2014 | 14:34 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /

Մայքլ Բրնսայդը Mineral Lands Consulting LLC-ի սեփականատերն է, խորհրդատու-երկրաբան, հանքային փորձագետ: 2001-2005թթ. եղել է Վաշինգթոնում գտնվող հանքանյութերի եւ երկրաբանության կառավարման կենտրոնի տնօրենի օգնականը եւ ղեկավարել ԱՄՆ-ի անտառային ծառայության (U.S. Forest Service) ստորգետնյա հանքագործության, լքված հանքային հողատարածքների, ազգային հանքային ուսուցման եւ ստորերկրյա ջրերի ծրագրերը:

Մայքլ Բրնսայդը ժամանել է Երեւան`մասնակցելու մարտի 25-26-ին կայանալիք «Պատասխանատու հանքարդյունաբերության կայացումը Հայաստանում. հնարավորություններ եւ մարտահրավերներ» միջազգային համաժողովին:  

- Ի՞նչ գիտեք Հայաստանում հանքարդյունաբերության մասին:

-Եկել եմ այստեղ ավելի շատ բան իմանալու Հայաստանում հանքարդյունաբերության մասին եւ նաեւ կիսվելու ԱՄՆ-ի փորձով:

Անհամբերությամբ սպասում եմ համաժողովի մեկնարկին, որի ընթացքում կհանդիպեմ պետական պաշտոնյաների հետ: Խորհուրդներից մեկը, որը պատրաստվում եմ նրանց տալ, այն է, որ ԱՄՆ-ի փորձը ցույց է տալիս, որ հանքարդյունաբերությունը շատ կարեւոր է: Մենք չենք կարող հասարակություն ունենալ առանց հանքարդյունաբերության, քանի որ այն շատ կարեւոր է տնտեսության համար: Բայց այն նաեւ պահանջում է ճիշտ իրականացում, եւ կարող է ճիշտ իրականացվել:

Անցյալում հանքարդյունաբերության կանոնակարգերի մշակման ժամանակ մենք որպես երկիր թույլ ենք տվել սխալներ, բայց նաեւ սովորել ենք այդ սխալների վրա: Այնպես որ, հույս ունեմ, որ կարող ենք կիսվել այդ փորձով համաժողովի ընթացքում: 

Լավ է ունենալ օրենք, որը մատնանշում է բնապահպանական պարտավորությունները, բայց օրենքը պետք է պատշաճ ձեւով կիրառվի: Սա ներառում է տեսուչների վերապատրաստում, բնապահպանական նորմերի մշակում եւ այլն:

Իհարկե, արդար չէ տարբեր նորմեր ունենալ տարբեր ընկերությունների համար: Երբ բոլորը գիտեն, թե որոնք են խաղի կանոնները, ընկերությունների համար շատ ավելի հեշտ է պլանավորում իրականացնելը:

Դրան հասնելու համար անհրաժեշտ պայման է թափանցիկությունը` բաց լինել գործունեության ընթացքում, ներկայացնել, թե ինչպիսի՞ն է ծրագիրը, ինչ տարրեր է պարունակում, ինչպիսի վերլուծություններ են արվել, բնապահպանական ի՞նչ խնդիրներ կան, եւ ում կարող ենք ուղղել այդ հարցերը:

ԱՄՆ-ում գոյություն ունի ֆինանսական ապահովության կամ պարտավորության երեւույթը: Սա նշանակում է, որ ցանկացած հանքարդյունաբերական ծրագիր հավանության արժանացնելուց առաջ հաշվարկում ենք, թե որքան կկազմեն վերականգնման ծախսերը: Դա անում ենք նախօրոք, հաշվի առնելով բոլոր հարցերը՝ ի՞նչ կարժենա աղբի տեղափոխումը, ջրի վերամշակումը եւ այլն: Ընկերությունից պահանջում ենք նախապես վճարել այդ գումարը՝ որպես հանքարդյունաբերություն իրականացնելու թույլտվություն ստանալու նախապայմաններից մեկը:

- Ո՞րն է «պատասխանատու հանքարդյունաբերություն» եզրույթի Ձեր կարճ սահմանումը:

- Պատասխանատու հանքարդյունաբերական ընկերությունը զգայուն է տեղական համայնքի կարիքների նկատմամբ: Պատասխանատու հանքարդյունաբերություն իրականացնող ընկերության ղեկավարները բնապահպանական հարցերում զգայուն են, ու տեղյակ են առկա խնդիրներից: Նրանց համար պարտադիր չէ կոնկրետ օրենքի առկայությունը` առանց դրա էլ հետեւում են բնապահպանական նորմերի պահպանմանը: Սա թույլ կտա  համոզված լինել, որ հանքարդյունաբերության իրականացումից հետո տվյալ տարածքը լքելու գործընթացը կիրականացվի արդյունավետ կերպով, եւ դրանից հետո տարածքը կարող է նաեւ այլ նպատակներով օգտագործվել:

- Հայաստանում գործող տարբեր բնապահպանական խմբեր համոզված են, որ հանքարդյունաբերությունն ու բնությունն անհամատեղելի են: Նրանք կառավարությունից եւ արտաքին ներդրողներից պահանջում են չեղյալ հայտարարել գործող ծրագրերը, ինչպես նաեւ նոր հանքերի շահագործման լիցենզիա չտրամադրել: Ինչպե՞ս կարելի է պատասխանել նման մտահոգություններին եւ ապացուցել, որ ժամանակակից հանքարդյունաբերությունը եւ բնապահպանությունը համատեղելի երեւույթներ են:

-Մենք ունենք ստանդարտներ, որոնք ապացուցում են, որ հանքարդյունաբերությունը կարող է համատեղելի լինել բնապահպանության հետ: Ստանդարտները պետք է պահպանվեն: Եթե դրանք չեն պահպանվում, օրինակ, ջրի որակի եւ շրջակա միջավայրի պաշտպանության տեսակետից, ապա հանքարդյունաբերական գործունեությունը չի թույլատրվում:

Ստանդարտներն այս կանոնների մասն են կազմում, բայց դրանց իրագործումը եւս կարեւոր գործոն է: Տեսուչները պետք է համոզված լինեն, որ կանոնները պահպանվում են:

- Հայաստանում հանքարդյունաբերությամբ զբաղվող որոշ ընկերությունների բաժնետերերից են միջազգային ֆինանսական կառույցներ, ինչպես, օրինակ, Միջազգային ֆինանսական կորպորացիան կամ Վերակառուցման եւ Զարգացման Եվրոպական Բանկը:  Այս կառույցները չափազանց խիստ բնապահպանական ստանդարտներ ունեն: Ըստ Ձեզ, այս հանգամանքը կարո՞ղ է դիտարկվել որպես երաշխիք, որ բնությունը պաշտպանված է այն երկրներում, որտեղ դրանք գործում են:  

- Դա օգնում է, բայց գործընթացի վերահսկողության կարիքը միեւնույն է կա: Այն թույլ կտա համոզված լինել, որ ընկերությունները հետեւում են այդ կանոններին: Օրինակ, կա օրենք, որի համաձայն չպետք է մեքենան արագ վարել: Բայց, միեւնույն ժամանակ, հարկավոր է նաեւ ոստիկան, ով կհամոզվի, որ ոչ ոք չի խախտում այդ օրենքը:

Մայքլ Բրնսայդի հետ զրուցել է Նարինե Դանեղյանը:

Դիտում՝ 4496
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai