10 հարց փողի մասին Հասմիկ Սահակյանին. «Ամեն ինչում պետք է չափի զգացողություն ունենալ»

21.03.2014 | 09:50 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /

Մեդիամաքս-ն իր Banks.am պորտալում շարունակում է «10 հարց փողի մասին» խորագիրը: Յուրաքանչյուր շաբաթ որեւէ հայտնի մարդու ուղղում ենք 10 հարց` փողի հետ նրա հարաբերությունները պարզելու նպատակով:

Խորագրի այսօրվա հյուրը Հաշվապահության ուսուցման միջազգային կենտրոն (ՀՈՒՄԿ-IATC) կրթական հիմնադրամի գործադիր տնօրեն Հասմիկ Սահակյանն է:

- Ո՞րն է եղել Ձեր ամենաթանկարժեք գնումը:

- Անշուշտ, բնակարանի ձեռքբերումը 2002 թվականին:

- Նախընտրո՞ւմ եք կանխիկ գումարը, թե՞ բանկային քարտերը:

- Միանշանակ, նախընտրում եմ բանկային քարտերը, քանի որ շատ ավելի ապահով ու հանգիստ եմ ինձ զգում ու նաեւ պաշտպանված: Սովորաբար կանխիկ նույնպես ունենում եմ, սակայն այնքան, որքան անհրաժեշտ է առօրյա ընթացիկ ոչ մեծ ծախսերը հոգալու համար:

- Նվազագույնը որքա՞ն գումար է հարկավոր Ձեր ընտանիքին` մեկ ամիս անհոգ ապրելու համար:

- Այդ հարցին ավելի լավ կպատասխանի իմ ամուսինը: Կարծում եմ, սա այն հարցն է, երբ կանայք կարող են թույլ տալ իրենց համեստորեն լռել…

- Երբեւէ ունեցե՞լ եք ֆինանսական դժվարություններ:

- Սովորաբար ֆինանսական դժվարությունների առջեւ մարդիկ կանգնում են երիտասարդ տարիներին, իսկ եթե հաշվի առնենք, որ իմ ուսանողական տարիները 90-ականների սկզբին էին, ապա կարելի է ասել, որ այո:

Կարծում եմ, շատերը համամիտ կլինեն, որ նորանկախ Հայաստանի համար դրանք իսկապես դժվար տարիներ էին, սակայն երիտասարդության ամբողջ հմայքը նրանում է, որ բոլոր դժվարությունները տեսնում ես վարդագույն ակնոցների միջով եւ հաստատ համողված ես, որ դրանք անցողիկ են: Իմ դեպքում այդպես էր: Ես այնքան էի տարված իմ ուսմամբ, հասարակական գործունեությամբ, որ դժվարությունների մասին ժամանակ չէր մնում մտածել:

- Այսօր Ձեզ ապահովված մարդ համարո՞ւմ եք:

- Ապահովվածությունը չափազանց հարաբերական կատեգորիա է: Այստեղ պետք է հասկանալ, թե որն է ապահովված մարդ լինելու չափանիշը: Ինձ համար մեկն է, մյուսի համար այդ նույնը կարող է ընդհանրապես անհասկանալի, զարմանալի, կամ անընդունելի լինեն: Ամեն ինչում, ինչպես նաեւ այս հարցում, կարծում եմ, որ պետք է չափի զգացողություն ունենալ: Դա, իհարկե, ձեւավորվում է առաջին հերթին ընտանիքում, եւ ես չափազանց շնորհակալ եմ իմ ծնողներին, որ եղել են լավ օրինակ: Հիմա նույն գերխնդիրը դրել եմ իմ առջեւ երեխաների դաստիարակման տեսանկյունից: Այսօր այքան շատ են գայթակղությունները, որ եթե չափի ներքին զգացողությունը ճիշտ չներշնչվի, կարող ես կանգնել մեծ անախորժությունների առջեւ: Այդ իմաստով, այո, ինձ համարում եմ ապահովված մարդ, քանի որ ճիշտ եմ գիտակցում իմ ընտանիքի եւ իմ պահանջմունքները:

- Երբեւէ օգտվե՞լ եք վարկերից:

- Ոչ, «վարկային պատմություն» չունեմ, այդ առումով շատ զգուշավոր եմ եւ նման պատասխանատվություն միշտ վախեցել եմ վերցնել ինձ վրա:  

- Դուք շռայ՞լ մարդ եք, թե՞ տնտեսող:

- Միաժամանակ եւ շռայլ, եւ տնտեսող: Ես միշտ գնահատում եմ տվյալ պահին ծախսվող փողի այլընտրանքային արժեքը եւ ընդունում համապատասխան որոշում: Բոլոր ծախսերը կատարվում են խելամտության սահմաններում:

- Եթե շահեք կամ նվեր ստանաք մեկ միլիոն դոլար, ինչպե՞ս կծախսեք այն:

- Գումարի մեծ մասը կնվիրաբերեի բարեգործությանը, օրինակ՝ դպրոցի վերանորոգում կամ քաղցկեղով հիվանդ երեխաներին աջակցություն: Իսկ ինձ համար… Երեւի թե մի փոքրիկ պատկերասրահ կուզենայի ունենալ, որտեղ կկազմակերպվեին երիտասարդ նկարիչների եւ քանդակագործների ցուցադրություններ, հնչեր գեղեցիկ դասական, կենդանի կատարմամբ երաժշտություն` նպատակ ունենալով բացահայտել նոր անուններ:  

- Պարտքով գումար տալի՞ս կամ վերցնու՞մ եք:

- Պարտք չեմ վերցրել եւ գտնում եմ, որ ընկերությունը կամ բարեկամությունը պարտքով չպետք է չափել: Չնայած շատ հաճախ հենց այդ հանգամանքը որոշիչ է դառնում  հարաբերությունների զարգացման մեջ: Աշխատում եմ նաեւ պարտք չտալ, բայց բացառություններ լինում են:

- Ձեր գումարը վստահու՞մ եք բանկերին:

- Այո, անշուշտ, վստահում եմ:

Հասմիկ Սահակյանի հետ զրուցել է Խորեն Օրմանյանը:

Դիտում՝ 12265
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai