Ապահովագրողները քննադատում են կառավարությանը

20.12.2013 | 10:39 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /

Դեկտեմբերի 12-ին ՀՀ կառավարությունը որոշեց բյուջետային աշխատակիցների սոցիալական փաթեթի պարտադիր պայման հանդիսացող առողջության ապահովագրության ծառայությունը փոխարինել պետության կողմից տրամադրվող առողջապահական փաթեթով:

Մեդիամաքս-ը փորձել է պարզել` որն էր այդ որոշման պատճառը` զրուցելով կառավարության եւ ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչների հետ:

ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավար Սուրեն Քրմոյանը Մեդիամաքս-ի հետ զրույցում նշել է, որ ՀՀ կառավարության կողմից նման որոշում ընդունվել է՝ հաշվի առնելով զինծառայողներին եւ նրանց ընտանիքներին տրամադրվող բժշկական օգնության որակը:

Որոշման համաձայն, սոցիալական փաթեթում ներառված ծառայությունների ողջ ծավալն իրականացվելու է ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի Պետական առողջապահական գործակալության միջոցով: Մեր զրուցակիցը նշել է, որ Պետական առողջապահական գործակալությունը մասնագիտացած կառույց է, որը տարիներ շարունակ զբաղվում է պետական պատվերի տեղադրման, մատուցման խնդիրներով, եւ ներկայումս նպատակաուղղված քայլեր են ձեռնարկվում սոցիալական փաթեթի մաս կազմող անձանց առողջության համար անհրաժեշտ ծառայությունների մատուցումը պատշաճ կերպով կազմակերպելու համար:

«Այս դեպքում մատուցվող ծառայությունների շրջանակն ավելի լայն է լինելու, քան կար ապահովագրական ընկերությունների կողմից մատուցվող ծառայության դեպքում: Արդեն իսկ զինծառայողներին տրամադրվում է ծառայությունների մեծ փաթեթ, որից կօգտվեն նաեւ պետական ծառայողները»,- ասել է նա:

Անդրադառնալով հարցին, թե ո՞րն էր կառավարության այդ որոշման հիմնական պատճառը եւ արդյո՞ք ապահովագրական ընկերությունները պատշաճ չեն կատարել իրենց գործառույթը՝ Սուրեն Քրմոյանն ասել է հետեւյալը.

«ՀՀ կառավարությունն ուսումնասիրություն է կատարել եւ արդյունավետ է համարել, որ այդ ծառայությունն իրականացվի պետական համապատասխան կառույցի կողմից: Ինչ վերաբերում է ապահովագրական ընկերությունների աշխատանքին, մենք դրա գնահատականը չենք կարող տալ»:

Նա նշել է, որ վերոնշյալ որոշմամբ ՀՀ կառավարությունը բավական լուրջ քայլ է կատարել` առողջապահության նախարարությանը պատասխանատու դարձնելով տրամադրվող ծառայությունների արդյունավետության բարձրացման համար:

Սուրեն Քրմոյանի փոխանցմամբ, իրենք պատրաստվում են օգտվել նաեւ ապահովագրական ընկերությունների փորձից` վերցնելով այն դրական կողմերը, որոնք կան ապահովագրական ընկերությունների կողմից իրականացնող ծրագրերում:

Անդրադառնալով որոշմանը հաջորդող կարգին` մեր զրուցակիցը նշել է, որ հատուկ մեխանիզմ է գործելու այն բյուջետային աշխատակիցների համար, որոնց առողջության ապահովագրության պայմանագիրն ուժի մեջ է: Մեխանիզմի համաձայն, նրանց առողջապահական ծառայությունների փաթեթը կփոխանցվի առողջապահության նախարարությանը, իսկ նրանք, ովքեր կկնքեն նոր պայմանագիր, մեխանիկորեն կընդգրկվեն նախարարության բազայում:

«Կսահմանվեն նաեւ ուղեգրման մեխանիզմներ, պետաշխատողը կունենա փաստաթուղթ, որը բուժհիմնարկում ապացույց կհանդիսանա, որ նա պետական աշխատող է եւ թույլ կտա նրան բուժօգնություն ստանալ»,- ասել է նա:

Ապահովագրական շուկայի մասնակիցները, սակայն, այնքան էլ լավատես չեն:

«Սա ցնցում է դեռեւս կայացման փուլում գտնվող ապահովագրական համակարգի համար»,- Մեդիամաքս-ին ասել է «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ » ԱՓԲԸ գործադիր տնօրեն Լեւոն Ալթունյանը:
 
«Պարտադիր ապահովագրության ներդրումը նախատեսում էր 120 000 ապահովագրված անձ եւ ավելի քան 6 մլրդ դրամ ապահովագրավճար, սակայն 2 տարի հետո գործընթացը դադարեցվում է: Այս պարագայում հավանական ներդրողների մոտ կարող է կարծիք ձեւավորվել, թե Հայաստանի շուկայի ներդրումային գրավչությունը պատրանք է, որը կարող է անհետանալ մի քանի շաբաթվա ընթացքում»,- ասել է Լեւոն Ալթունյանը:

Անդրադառնալով կառավարության որոշումից առաջացող հետեւանքներին` Լեւոն Ալթունյանը նշել է, որ ապահովագրական ընկերությունների տասնյակ մասնագետներ կազատվեն աշխատանքից, քաղաքացիական ծառայողների մոտ հիասթափություն կառաջանա մատուցվող ծառայություններից, քանի որ «երբեւէ չի եղել եւ չի լինի այնպես, որ պետության եւ պետական համակարգի համար առաջնային լինեն հաճախորդի ցանկությունները, եւ որ պետական գործակալություններում կամ նախարարություններում որեւէ մեկին անհանգստացնի բնակչությանը մատուցվող սպասարկման մակարդակը»:

«Արմենիա Ինշուրանս» ապահովագրական ընկերության բրոքերային ցանցի վաճառքների վարչության պետ Արա Բաղումյանը եւս վստահ չէ, որ կառավարության որոշումը կգոհացնի բյուջետային աշխատակիցներին:

«Բնակաչությունը միշտ էլ դժգոհ է եղել պետպատվերից: Դժգոհություն կառաջանա նաեւ այս ծառայությունից: Այս դեպքում ապահովագրական ընկերությունը գումար չի փոխանցելու բուժհիմնարկին, որպեսզի իր հաճախորդին բուժօգնություն տրամադրվի, իսկ բուժհիմնարկը դժվար թե շահագրգռված լինի սպասարկել նրան»,-ասել է «Արմենիա Ինշուրանս» ապահովագրական ընկերության ներկայացուցիչը:

Արա Բաղումյանը նկատել է նաեւ աշխատատեղերի կրճատման խնդիրը:

«Նախկինում կային մեծ թվով ապահովագրական գործակալներ, որոնք գումար էին վաստակում հաճախորների ներգրավման համար եւ դրանից միջնորդավճար էին ստանում: Հիմա առաջանում է սոցիալական խնդիր` նրանք կորցնում են իրենց եկամուտն ու աշխատանքը»,- ասել է նա:

Սիրանուշ Եղիազարյան
Նարինե Դանեղյան

Դիտում՝ 32334
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai