Հայաստանի եվրապարտատոմսերը. նոր պա՞րտք, թե նոր հնարավորություն

26.08.2013 | 09:36 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /

Մինչեւ այս տարեվերջ Հայաստանի կառավարությունը պատրաստվում է առաջին անգամ արտարժութային պետական պարտատոմսեր կամ եվրապարտատոմսեր թողարկել:

Վարչապետ Տիգրան Սարգսյանի խոսքերով, պարտատոմսերի հաջող տեղաբաշխման դեպքում նախատեսվում է այս տարվա ընթացքում մարել Ռուսաստանից ստացած $500 մլն վարկը: Ըստ նախատեսվածի, ճիշտ նույնքան էլ կազմելու է թողարկման ծավալը, իսկ շրջանառության ժամկետը լինելու է 10 տարի։ Մինչդեռ, դատելով միջազգային վարկանիշային գործակալությունների կողմից Հայաստանին շնորհված վարկանիշներից (Ba2 Moody's-ի կողմից եւ BB- Fitch-ի կողմից), հայկական եվրոբոնդերը ներդրումային տեսանկյունից դժվար թե գրավիչ լինեն: Թե որքանով է ժամանակին եւ նպատակահարմար Հայաստանի համար եվրապարտատոմսերի թողարկումը, Banks.am-ի հետ հարցազրույցում պատմել է միջազգային փորձառություն ունեցող ներդրումային փորձագետ, Bloomberg-ի նախկին վերլուծաբան, Capital Investments ընկերության ներդրումային խորհրդատու Գարի Մուրադյանը:
 
- Որքանո՞վ է ժամանակին եւ նպատակահարմար Հայաստանի համար հիմա թողարկել եվրոպարտատոմսեր:

- Կարծում եմ, ճիշտ ժամանակն է եւ դա օգուտ կբերի Հայաստանին: Գլոբալ տոկոսադրույքներն այժմ գտնվում են բավականին ցածր մակարդակում` որպես ԱՄՆ-ի եւ այլ զարգացած երկրների կողմից փողի քանակի ավելացման (quantitative easing) քաղաքականության  արդյունք (ինչն արվում է տնտեսական ակտիվությունը խթանելու համար – խմբ.):

Օրինակ` ԱՄՆ-ի 10 տարի շրջանառությամբ գանձապետական պարտատոմսերի եկամտաբերությունը ներկայումս 2.7% է, ինչը պատմականորեն բավականին ցածր մակարդակ է: Նախկինում նման թղթերի եկամտաբերությունը կազմել է 5% եւ անգամ ավելի բարձր: Իսկ այդ թղթերը նշաձող են այլ պարտատոմսերի, այդ թվում` եվրապարտատոմսերի համար:

Այսպիսով, եվրապարտատոմսերի թողարկումն այս տարի Հայաստանի եւ իր նման այլ երկրների համար նախ եւ առաջ էժան է լինելու` համեմատած այլ ժամանակահատվածների հետ: Եթե Հայաստանի կառավարությունը շարունակի սպասել թողարկման համար էլ ավելի հարմար ժամանակահատվածի, այն, հավանաբար, կբախվի ավելի բարձր տոկոսադրույքների հետ, քանի որ ներկայումս դրանք գտնվում են «հատակին» եւ, հավանաբար, շուտով կսկսեն աճել. ԱՄՆ Պետպահուստի նախագահ Բեն Բերնանկեն արդեն հայտարարել է, որ կառավարությունը պատրաստվում է դադարեցնել ամսական $85 մլրդ-ի պետպարտատոմսերի եւ հիփոթեքային արժեթղթերի ետգնումները:

Հենց այդ ետգնումները դադարեն, տոկոսադրույքները կսկսեն աճել եւ դրանք արդեն իսկ սկսել են. Բերնանկեի հայտարարությունից մեկ ամիս անց ամերիկյան 10 տարի շրջանառությամբ գանձապետական պարտատոմսերի տոկոսադրույքներն աճել են շուրջ 1 տոկոսային կետով եւ դա ազդում է գլոբալ շուկաներում շրջանառվող այլ արժեթղթերի վրա:

Եթե Հայաստանը թողարկի եվրապարտատոմսերը հիմա, այն կօգտվի ավելի բարենպաստ տոկոսադրույքներից, քան եթե հետաձգի այս քայլը: Հենց այս պատճառով էլ Հայաստանի կառավարությունը ձգտում է հասցնել կազմակերպել թողարկումը մինչեւ տարեվերջ:

- Ի՞նչ եք կարծում, արդյոք Հայաստանի կողմից եվրապարտատոմսերի թողարկումը պայմանավորված է միջազգային կապիտալի շուկայում բարենպաստ պայմաններով, թե՞ կառավարությանը շտապ փող է անհրաժեշտ:

- Հայաստանի քաղաքականությունը ֆինանսավորում ներգրավելու հարցում բազմակողմանի է: Երկիրը միջոցներ է ներգրավում ԱՄՀ-ից, Ռուսաստանից, Համաշխարհային բանկից եւ այլն՝ ձգտելով էլ ավելի դիվերսիֆիկացնել ֆինանսավորման աղբյուրները: Դրա հետ մեկտեղ կա բյուջետային պակասուրդ, որը պետք է լրացնել` լրացուցիչ ֆինանսավորման ներգրավման ճանապարհով: Եվ, իհարկե, եվրոբոնդերի թողարկման համար բարենպաստ միջավայրը խաղացել է իր դերը:

Առաջին թողարկման մարման ժամկետը կազմելու է 10 տարի: Կարելի է ավելի կարճաժամկետ պարտատոմս թողարկել, օրինակ, 5 տարեկան, որը կարող է ավելի ցածր նախնական տոկոսադրույք պահանջել: Բայց թողարկելով 10 տարեկան պարտատոմս, իրենք օգտվում են ներկա պահի ցածր տոկոսադրույքներից եւ ֆիքսում են այդ տոկոսադրույքները ավելի երկար ժամկետով: Այսինքն, եթե թողարկեն ավելի կարճ ժամկետով պարտատոմսեր ու հետագայում բախվեն վերաֆինանսավորման ռիսկին, այդ դեպքում, հավանաբար, կվճարեն ավելի բարձր տոկոսներ, քան հիմա: Սա նշանակում է, որ թողարկման ժամանակի առումով իրենք հաշվի են առել ներկա դրությամբ միջազգային կապիտալի շուկաների պայմանները:

- Որոշ փորձագետներ կարծիք են հայտում, որ եվրապարտատոմսերի թողարկման որոշումն ավելի շատ քաղաքական բնույթ է կրում, քան տնտեսական, նշելով, որ դրանով Հայաստանն ուղղակի փորձում է ձերբազատվել Ռուսաստանի հանդեպ ունեցած $500 մլն-ի պարտքից:   

- Անկեղծ ասեմ, չգիտեմ, թե ինչպիսին են ռուսական վարկի քաղաքական ենթատեքստը, գիտեմ միայն, որ այն տրամադրվել է 2009-ին` 15 տարով: Չգիտեմ, արդյո՞ք Ռուսաստանը պահանջում է Հայաստանից հիմա վճարել այդ պարտքը, թե ուղղակի որոշ մարդիկ քաղաքականացնում են այս հարցը:

Ասեմ, որ եվրապարտատոմսերի դեպքում, համեմատած ֆինանսավորման այլ աղբյուրների հետ, ներգրավված միջոցները փոխկապակցված չեն պետական ծախսերի հետ: Տարբեր միջազգային դոնորներ կարող են շուկայական տոկոսադրույքներից ավելի էժան ֆինանսավորում տրամադրել, բայց այդ փոխառությունները սովորաբար հատուկ պայմաններով են տրամադրվում: Եվրապարտատոմսերի պարագայում այդպիսի պայմաններ չկան եւ երկրի ղեկավարությունն ավելի անկախ է իր որոշումների մեջ:

- Միջազգային վարկանիշային գործակալությունների կողմից Հայաստանին շնորհված վարկանիշները, մեղմ ասած, հեռու են լավը լինելուց: Այս պարագայում ի՞նչ ակնկալել հայկական եվրապարտատոմսերի նկատմամբ ապագա պահանջարկից:

- Այո, Հայաստանի վարկանիշերը հաշվի առնելով, պարտատոմսերը լինելու են ոչ ներդրումային մակարդակի (non-investment grade) եւ թողարկումը կհամարվի սպեկուլյատիվ: Արդյունքում դրանց տոկոսադրույքներն ավելի բարձր կլինեն, քան այլ ներդրումային մակարդակի թղթերի պարագայում, ինչպիսիք են, օրինակ, Ռուսաստանի եվրապարտատոմսերը:

Հայաստանի վարկանիշը մոտ է վրացականին (Ba3` շնորհված Moody’s-ի կողմից), որի 10 տարվա շրջանառությամբ եվրապարտատոմսերը Ֆրանկֆուրտում գնանշվում են ներկայումս 6.3%-ով, իսկ թողարկման ժամանակ՝ 2011-ին, դրանց եկամտաբերությունը կազմել է 7.1%: Բայց 2011-ին տոկոսադրույքներն ավելի բարձր էին: Այնպես որ, չեմ կարող հստակ ասել, թե ինչպիսի տոկոսադրույքով կտեղաբաշխվեն հայկական եվրապարտատոմսերը, բայց կարծում եմ, այն մոտ կլինի վրացականին:

- Ինչպե՞ս է Հայաստանի մասնավոր հատվածը շահելու պետության կողմից եվրապարտատոմսերի թողարկումից:

- Առաջին հերթին դա կարեւոր քայլ է Հայաստանի համար ինտեգրվելու միջազգային կապիտալի շուկա, որը կնպաստի նաեւ Հայաստանի ընկերություններին մասնակցել միջազգային ներդրումային ասպարեզում: Այսպիսով, ուղղակիորեն, եվրոբոնդերը միջազգային ներդրողների համար դառնում են Հայաստանում այլ մասնավոր  ներդրումները գնահատելու նշաձող: Դա կհեշտացնի հայկական ընկերությունների համար միջազգային շուկաներից ֆինանսավորման ներգրավումը:

Քանի որ եվրապարտատոմսերում ներդրողները ուշադիր հետեւում են երկրի հետ կապված ռիսկերին, ինչն ազդում է պարտատոմսերի եկամտաբերության վրա, դա նպաստում է երկրի ղեկավարության կողմից առավել թափանցիկ եւ արդյունավետ գործելաոճին: Թափանցիկությունն ու արդյունավետ տնտեսական քաղաքականությունը նվազեցնում են վարկավորման ռիսկերը, ինչն անհրաժեշտ է ցածր տոկոսով կապիտալ ներգրավելու համար: Դա, կարելի է ասել, հաշվետու է դարձնում կառավարությանը իր անելիքների համար՝ դրանով իսկ նպաստելով բիզնես-միջավայրի բարելավմանը:

- Կարելի՞ է արդյոք փաստել, որ եվրապարտատոմսերը երկրի համար ավելի քիչ դեֆոլտի ռիսկ են պարունակում, քան Հայաստանի ֆինանսավորման այլ  արտաքին աղբյուրները:

- Ըստ էության, ոչ. քանի որ դեֆոլտի ռիսկը կախված է տարբեր գործոններից, այդ թվում, կառավարության ֆինանսական դրությունից, տնտեսական կայունությունից, արտաքին ցնցումներից եւ այլն: Հաշվի առնելով Հայաստանի ներկայիս ֆիսկալ դիրքը, եթե պարտքը նորմալ կառավարվի եւ եվրապարտատոմսերը փոխարինեն երկրի հին պարտքերը, դեֆոլտի ռիսկը ցածր կլինի, սակայն եթե նոր պարտքերը կուտակվեն հների վրա եւ պարտքը հասնի անկայուն մակարդակի, դեֆոլտի ռիսկը կբարձրանա:

Եվրոբոնդերը պահանջում են գների եւ արժույթի կայուն մակարդակ: Մինչդեռ պարտատոմսերի տոկոսավճարները եւ մարումներն իրականացվում են արտարժույթով, պետության եկամուտները հիմնականում ազգային արժույթով են, հետեւաբար, կառավարության համար կարեւորվում են տնտեսական բարեփոխումները, հարկերի հավաքագրման բարելավումը` ֆիսկալ պակասուրդը նվազեցնելու համար, եւ արտահանման խթանումը, ինչն արտարժութային եկամուտ է ապահովում երկրին:

Գարի Մուրադյանի հետ զրուցել է Ռուբեն Հարությունյանը

Դիտում՝ 7917
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը
iTel
Mediamax
Sport
Bravo